Դատական համակարգը վաղուց ճգնաժամի մեջ է. այս կարծիքին է քաղաքագետ Էդգար Վարդանյանը: Նա այսօր «Հոդված 3» ակումբում ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի՝ «Ստանձնելու եմ ՍԴ նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը» հայտարարության վերաբերյալ քննարկմանն ասաց, որ կայուն ժողովրդավարություն՝ առանց անկախ դատական իշխանության, հնարավոր չէ, ուստի պետք է արագ հաստատել այդ իշխանությունը՝ հիմնված ժողովրդի կամքի վրա:
Հեղափոխությունը տեղի է ունեցել, բայց, ինչպես ասաց քաղաքագետը, ճգնաժամ կա, որովհետեւ հանրության մեծամասնությունը դատական համակարգը ոչ անկախ է դիտարկում, շատ առումներով կախված՝ նախկին իշխանությունից: Կա ակնկալիք, որ այդ խնդիրը պետք է լուծվի, կա պահանջարկ:
Ըստ Վարդանյանի, Վահե Գրիգորյանի՝ իր հայտարարության մասին վերլուծությունը հանրության մեծամասնության համար ընդունելի է, այն ընդունելի է նաեւ քաղաքական մեծամասնության, քաղհասարակության համար. «Եվ ընդհանրապես Վահե Գրիգորյանն այն անձն է, որն, ըստ էության, միավորող ֆունկցիա կատարեց վերջին շաբաթներին: Վերջերս նույնիսկ հեղափոխությանը մասնակցածների շրջանում կար քննադատություն իշխանության նկատմամբ, բայց Վահե Գրիգորյանի վերաբերյալ, կարելի է ասել կոնսենսուս կա քաղաքացիական հասարակության եւ հեղափոխական հանրության շրջանում: Վահե Գրիգորյանն ունի բարձր լեգիտիմություն, եւ դա ցույց է տալիս, որ կառավարող ուժը այժմ էլ վայելում է քաղաքացիների բացարձակ մեծամասնության աջակցությունն՝ ընդհանուր առմամբ»:
Վարդանյանի դիտարկմամբ՝ Վահե Գրիգորյանի վերլուծությունը դառնալու է քաղաքական մեծամասնության համար կողմնորոշիչ, որպեսզի իր ունեցած իրավական լծակներով լուծի ճգնաժամը. «Բնականաբար, լինելու է դրան ընդդիմություն եւ հիմնականում նախկին ռեժիմի ներկայացուցիչները փորձելու են օգտագործել այս ամենը, որպեսզի եւս մեկ ճակատով հարված հասցնեն հեղափոխությանն ու կառավարող ուժին, ասեն՝ հակասահմանադրական քայլեր է անում, ո՞ւր է այդ ժողովրդավարությունը: Բայց ես համոզված եմ, որ դա մարգինալ բնույթ է կրելու, որովհետեւ հանրության մեծամասնություն ունի ակնկալիք, որ դատական համակարգի ճգնաժամը պետք է լուծվի»:
Կարդացեք նաև
Քննարկմանը մասնակցող իրավաբան Արսեն Բաբայանն էլ ասաց՝ Վահե Գրիգորյանի լեգիտիմությանը չի կասկածում, այո՝ նա ունի լեգիտիմություն, բայց չունի լեգալություն. «Դրանք տարբեր բաներ են եւ քաղաքականությունը այս հարցի հետ խառնելը տեղին չէ, որովհետեւ մենք գործ ունենք դատական իշխանության հետ, որը պետք է լինի անկախ որեւէ քաղաքական հոսանքից»:
Բաբայանն անդրադառնալով քննարկման մասնակից, փաստաբան Կարապետ Բադալյանի այն պնդմանը, որ 2005 եւ 2015 թվականների Սահմանադրություններում էական տարբերություններ կան եւ պահանջները ՍԴ դատավորի նկատմամբ խստացվել են, ասաց. «Փաստաբանության մասին օրենքի փոփոխություններով էլ փաստաբան դառնալու համար տրված են բարդ պայմաններ՝ փաստաբանական դպրոցը պետք է ավարտի, ստաժ ունենա: Եթե այս տրամաբանությամբ շարժվենք, կստացվի, որ դուք փաստաբանի արտոնագիր չունեք, որովհետեւ հավանաբար դպրոցով չեք անցել, կամ եթե դուք անցել եք, մյուսները չեն անցել: Սա շատ վտանգավոր մեկնաբանման ձեւ է: Չի կարելի ասել՝ եթե անդամ է գրված, ուրեմն դատավոր չէ, չի կարելի ասել եթե նրա նկատմամբ պահանջները փոխվեցին, ուրեմն դատավոր չէ: Եթե մենք ասում ենք՝ չկա ՍԴ անդամ, նշանակում է Վահե Գրիգորյանի առաջադրումն ու ընտրությունն այդ նույն տրամաբանությամբ ամբողջությամբ ապօրինի էր: Որովհետեւ եթե չկա ՍԴ դատավոր, անդամի դուրս գալուց հետո չի առաջացել դատավորի թափուր հաստիք: Շատ վտանգավոր ու իրավաբանությունից հեռու մեկնաբանության ձեւեր են»:
Արսեն Բաբայանն ասաց, որ իրականում Գրիգորյանի մեկնաբանությանը սատարող իրավաբանների մեծ բանակ չկա. «5-6 իրավաբան գիտեմ, որ սատարում են, որոնցից որեւէ մեկը իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան չունի: Գիտական կոչումով իրավաբաններն ասում են, որ չի կարելի նման բան ասել: Երբ հրավիրվում են քննարկման, ասում են՝ ի՞նչ քննարկենք, դա իմ մասնագիտության հանդեպ անհարգալից վերաբերմունք է»:
Քննարկման մասնակից, փաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ արձագանքելով Բաբայանին, ասաց. «Այդ իրավաբանական հանրությունը, ում հավանաբար նկատի ունի պարոն Բաբայանը, դոկտորները, պետք է մտահոգված լինեին Վահե Գրիգորյանի ընտրությամբ եւ հայտարարությամբ, որովհետեւ բոլորիս հայտնի է, որ այդ բարձր դատական պաշտոնները, դատախազությունը եւ այլն, եղել է փակ համակարգ, որտեղ առաջխաղացման հնարավորություն ունեցել են ազգակցական, քավոր-սանիկական հարաբերություններով, հայրերն իրենց որդիների համար կարիերա են ապահովել: Ու հիմա Վահե Գրիգորյանի անձով պայմանավորված այդ գիտնական անձանց մոտ անհանգստություն է առաջացել, որ սերնդեսերունդ, տասնամյակներով փոխանցվող այդ պրակտիկան արմատախիլ է արվելու»:
Կարապետ Բադալյանն էլ ավելացրեց՝ եթե գիտությունների թեկնածու է, ուրեմն ով թեկնածու չէ, սխա՞լ է. «Այդ դոկտորներից քանիսն է իրավապաշտպանությամբ հանդես եկել, քանիսն է գնացել դատարաններ, եւ քանի անձի իրավունքների վերաբերյալ որոշումները կայացնում են դոկտորները: Քանի՞ դոկտոր ունենք դատավոր Վերաքննիչում կամ Վճռաբեկում»: Բադալյանը դատավորների անուններ տվեց, որոնք դոկտոր չեն, բայց իր խոսքերով ասած՝ հեղինակավոր իրավաբաններ են, որովհետեւ իրենց որոշումները փաստարկում են:
Բաբայանն ասաց՝ երկակի ստանդարտներից իրավաբանները պետք է խուսափեն. «Քաղաքականություն մի մտցրեք այդտեղ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ «Հոդված 3» ակումբի