Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դուք Սերժ Սարգսյանի մտերիմն եք, ձեր կինն Ալիկ Սարգսյանի հետ համասեփականատեր է». Բաբաջանյանը՝ Լեւոն Յոլյանին

Հունիս 24,2019 16:26

«Չեմ հասկանում, թե ով մերժվեց մեկ տարի առաջ. ինչո՞ւ միայն նա մերժվեց, արդյոք մերժումը վերաբերում էր միայն նրա՞ն, թե մերժվողը եղել է մարդակուլ համակարգը, որի առանցքային դերակատարներից է եղել նաեւ Լեւոն Յոլյանը»,-ՀՀ Հաշվեքննիչ պալատի 2018թ.-ի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման քննարկման ժամանակ այսօր ԱԺ նիստում դիմելով Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը: Նրա բնորոշմամբ՝ Լեւոն Յոլյանը Սերժ Սարգսյանի ամենամտերիմ մարդկանցից է, եւ նրան վստահված է Հաշվեքննիչ պալատի ղեկավարությունը. «Ո՞րն է պատճառը, որ հեղափոխությունից մեկ տարի անց նա զբաղեցնում է այս կարեւոր պաշտոնը: Արդյոք այն, որ հեղափոխական իշխանությունը նրան փոխարինող կադր չի գտել: Կամ գուցե օրինաչա՞փ է, որ նոր Հայաստանի հանրային միջոցների ծախսերի եւ վերահսկողությամբ պետք է զբաղվի Սերժ Սարգսյանի հետ մտերմությամբ եւ մոտ ընկերական հարաբերություններով կաշկանդված անձնավորությունը»:

Արման Բաբաջանյանը հիշեցրեց, որ Լեւոն Յոլյանը 2016թ.-ին նշանակվել էր Էներգետիկայի նախարար. «Պալատի զեկույցում խոսք չկա նախարարի պաշտոնում նրա կողմից իրականացված թալանի մասին՝ ԲԵՑ-ում: Նրա անմիջական մասնակցությամբ եւ իմացությամբ տեղ են գտել խայտառակ բացթողումներ: Պարոն Յոլյան, օրերս այստեղ ասացիք, որ դուք եւ ձեր հետ փոխկապակցված անձինք մի քանի տարի է՝ բիզնեսով չեն զբաղվում: Ձեզ ծանո՞թ է «ՄակրոԵրեւան» ՍՊԸ-ն, որում դուք համասեփականատեր եք՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ: Ձեզ ծանո՞թ է մեկ այլ՝ հայ-ռուսական ՍՊԸ-ն, որում ձեր կինը՝ Անուշ Ասլանյանը համասեփականատեր է Ալիկ Սարգսյանի եւ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Մխիթարյանի հետ»:

Ապա Բաբաջանյանը մեկ այլ հարցադրում արեց՝ ի՞նչ եղավ 2015թ.-ին Գեղարքունիքի գյուղերից մեկի վարչական տարածքում նախատեսված ոսկու հանքավայրը. «Ձեր կնոջ գլխավորած ՍՊԸ-ն այդ գյուղում ծրագրել էր զբաղվել ոսկու արդյունահանմամբ: Կարելի՞ է իմանալ՝ ի՞նչ միջոցներով էիք ձեռնարկել այդ բիզնեսը: Պարոն Յոլյան, ես ոչ արժանապատիվ բան եմ տեսնում այն փաստում, որ դուք այսօր ԱԺ-ում տարեկան հաշվետվություն եք ներկայացնում: Իշխանությունը պետք է բացատրի սա: Իմ վերլուծությամբ՝ Լեւոն Յոլյանը համապատասխանում է քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցչի չափանիշներին: Պարոն Յոլյան, կոչ եմ անում ձեր եզրափակիչ ելույթը հրաժեշտի տեքստ դարձնել»:

Հավելենք, որ եզրափակիչ ելույթում Լեւոն Յոլյանը հնարավորություն ունի անդրադառնալու պատգամավորների դիտարկումներին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930