Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արցախի փողոցի 4-րդ կարգի վթարային շենքերի մի քանի բնակիչ չի համաձայնում վտանգավոր շենքը լքել. մնացած ընտանիքները տուն կստանան

Հունիս 24,2019 16:15

Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն այսօր Երեւանի քաղաքապետարանում ներկայացրեց, թե ինչ պայմաններով են վերաբնակեցվելու Արցախի 4-րդ նրբանցքի 8 եւ 10 հասցեներում գտնվող 4-րդ կարգի վթարային ճանաչված բազմաբնակարան շենքերի բնակիչները: Խոսքը 39 բնակարանների մասին է: Հարցն ընդգրկված էր Երեւանի ավագանու արտահերթ նիստի օրակարգում: Փոխքաղաքապետն ասաց, որ նրանք բնակարան են ստանալու Երեւան քաղաքի բնակֆոնդում առկա բնակմակերեսներից:

Ասաց նաեւ, որ նրանք վտանգելով իրենց կյանքը՝ դեռեւս շարունակում են ապրել այդ շենքերում: Ըստ Հայկ Սարգսյանի, կան բնակարանատերեր, որոնք ներկայումս դատական վեճերի մեջ են եւ վեճի վերջնական լուծումից հետո է միայն հնարավոր այդ բնակարանների սեփականատերերի հետ պայմանագրեր կնքել:

«Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը կրկին ինչպես նախորդ նիստում՝ այս անգամ էլ հարց հնչեցրեց Արզումանյան 10 հասցեի բնակիչների բնակարանային պայմանների առնչությամբ, ասաց, որ բնակիչները կրկին մտահոգություն են հայտնել: Ի պատասխան՝ փոխքաղաքապետն ասաց, որ նախորդ ուրբաթ են շինբարեկարգման վարչության աշխատակիցների հետ եղել նշյալ հասցեում եւ զրուցել 3-րդ մուտքի բնակչների հետ, քննարկել տեղափոխման խնդիրը: Ասաց, որ հենց 3-րդ մուտքն է, որի հարցի լուծումը հրատապ է. «Անձամբ ես այցելել եմ, պայմանները վերջնականապես ֆիքսել ենք, որ մեր հաջորդ գործողությունները մշակենք օրենքին համապատասխան: Այս պահին նախապատրաստվում է քաղաքապետի որոշումը, քաղաքապետի հետ քննարկել ենք, այո, բնակիչների պայմանները ենթադրում են, որ այդտեղ բնակվել չի կարելի»:

ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ Մարկոս Հարությունյանը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին հարցրեց՝ որո՞նք են լինելու քաղաքապետարանի գործողությունները այն 5 ընտանիքների համար, որոնք հրաժարվում են Արզումանյան հասցեի վթարային շենքը լքել եւ այդ հինգի պատճառով մյուս բնակիչներն էլ են տուժում:

Մարությանն ասաց, որ անկախ ամեն ինչից պետք է գործեն օրենքի սահմաններում եւ, եթե մարդու կյանքին վտանգ է սպառնում ԱԻՆ-ը եւ ոստիկանությունը անկախ քաղաքապետարանի գրությունից՝ իրենք իրենց գործառույթը պետք է իրականացնեն. «Բայց մյուս կողմից՝ շենքը բոլորի սեփականությունն է եւ, եթե այդ ընտանիքները չհամաձայնեն՝ որեւէ մեկը չի կարող այդ շենքին մատով դիպչել: Ինչ վերաբերում է մարդկանց անվտանգությանը՝ ԱԻՆ-նն ու ոստիկանությունն այստեղ անելիք ունեն, բայց սա չի մտնում քաղաքապետարանի լիազորությունների մեջ»:

Քաղաքապետն առաջարկեց օրենքը փոխել եւ հանգիստ առաջ անցնել:

«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Արման Անտոնյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ է լինելու այն մարդկանց ճակատագիրը, որոնք համաձայն չեն քաղաքապետարանի առաջարկած տարբերակին եւ չեն կնքել պայմանագիր, հետեւաբար մնալու են վթարային շենքում:

Փոխքաղաքապետն ի պատասխան ասաց, որ քաղաքապետարանը շենքում մնացող բնակիչների նկատմամբ որեւէ գույքային եւ իրավական պարտավորություններ չի ստանձնում, որեւէ խոստում, երաշխիք չի տրամադրում: Ասաց, որ բնակիչները գիտակցելով առկա վտանգը՝ շենքում մնալու որոշում են կայացրել:

Ավագանու անդամը բնակիչներին կոչ արեց երկխոսության մեջ մտնել եւ հարցը բերել լուծման դաշտ:

Այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 5 հարց: Վերաբնակեցման հարցի նախագիծն անցավ միաձայն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930