«Սահմանադրության 213-րդ հոդվածով հստակ սահմանված է, որ ՍԴ նախագահն ու անդամները շարունակում են իրենց պաշտոնավարումը: Այսինքն` արդեն փաստ է, որ գոնե 213 հոդվածով, նախագահի մասով, մենք ունենք կարգավորում, որովհետեւ եթե չհենվենք իրավունքի բառացի մեկնաբանության վրա, ապա նախագահի դերը պահպանված է եւ այստեղ եթե կա դատավոր եւ անդամ, գուցե բառային քննարկման մի նորմ, ապա նախագահի մասով ամբողջությամբ շարունակվում է»,- «Հոդված 3» ակումբում այսօր այսպիսի կարծիք հայտեց իրավաբան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարությանը, որը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել:
Վահե Գրիգորյանը ԱԺ-ում ՍԴ դատավոր ընտրվելուց հետո հայտարարեց. «Ստանձնելու եմ ՍԴ նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը»:
Արսեն Բաբայանի խոսքով. «Ցանկացած նորմ մեկնաբանելիս չի կարելի շեղվել իրավունքից եւ օրենքից, եւ նորմատիվ իրավական ակտերի օրենքի համաձայն՝ մենք մեկնաբանելիս պարտավոր ենք նկատի ունենալ օրենսդրի այն նպատակը, որը դրվել էր փոփոխության կամ օրենքի ընդունման մեջ: Ես կարծում եմ՝ բազմաթիվ հարցազրույցներում շատերդ եք պնդել, որ ի սկզբանե գրելով Սահմանադրությունը՝ Հրայր Թովմասյանը եւ մյուսները նպատակ են ունեցել, որպեսզի ՍԴ անդամները շարունակեն պաշտոնավարումը հենց դատավորի կարգավիճակում, առնվազն գոնե մեղադրում էին. որ իրենց համար է սա արվել: Եթե մենք ընդունում ենք սա, ապա իսկապես, նպատակի խնդիր ենք ունենում: Չի կարելի ուղղակի վերցնել հայոց լեզվի կանոններով մեկնաբանել, սա իրավաբանությունից հեռու է»:
Քննարկման մասնակից փաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ ասաց. «Վահե Գրիգորյանի հայտարարությունը, որ ինքը ՍԴ 2-րդ դատավորն է եւ նաեւ այն մասին, որ ստանձնում է նախահագի լիազորությունների կատարումը, բխում է Սահմանադրությունից, որը 2015-ի դեկտեմբերին Սերժ Սարգսյանի կողմից կեղծիքներով պարտադրվեց ժողովրդին»:
Կարդացեք նաև
Արձագանքելով Բաբայանի նշած՝ Սահմանադրության անցումային 213 հոդվածին, Շուշանյանն ասաց, որ այն նախատեսում է՝ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը՝ շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների ժամկետի ավարտը. «Այստեղ պետք է ուշադրություն դարձնենք «մինչեւ» բառի վրա: Այսինքն՝ հստակ է, որ մինչեւ 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, նրանք շարունակում են պաշտոնավարել: Սահմանադրության 7-րդ գլուխն ու ինչպես նաեւ մի շարք այլ գլուխներ, մենք գիտենք, որ ուժի մեջ են մտել նախագահի՝ իր պաշտոնը ստանձնելու օրը՝ 2018-ի ապրիլի 9-ին: Այսինքն, մինչեւ 2018-ի ապրիլի 9-ը ՍԴ նախագահն ու անդամները պետք է պաշտոնավարեին եւ փաստացի պաշտոնավարել են: Իսկ դրանից հետո նույն հոդվածը նախատեսում է՝ 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերը համալրվում են նախագահի, դատավորների ընդհանուր ժողովի եւ կառավարության հաջորդաբար առաջադրման հիման վրա»:
Շուշանյանը նաեւ ասաց՝ եթե 213 հոդվածը նկատի ունենար, որ ՍԴ անդամները դառնում են դատավորներ, ապա ուղիղ եւ հստակ կնշվեր եւ ուժի մեջ մտնելուց հետո կգրվեր, որ շարունակում են պաշտոնավարել որպես դատավորներ. «Այստեղ իրավունքի եւ սահմանադրական նորմի մեկնաբանման խնդիր չկա: Այստեղ գործ ունենք փաստերի հետ, եւ պետք է պարզենք այդ փաստերի նկատմամբ Սահմանադրության որ նորմն է կիրառելի: Ունենք փաստ, որ կա 2 դատավոր, որոնց ընտրել է ԱԺ-ն եւ 7 անդամներ կան, որոնք Սահմանադրությամբ ՍԴ որեւէ լիազորություն իրականացնելու լիազորություն չունեն»:
Բաբայանն արձագանքեց Շուշանյանին. «Նախ 213 հոդվածը բառացի չեք մեջբերում, բայց «մինչեւ» բառի տեղն եք փոխում եւ երեւի թե դրանով իմաստն էլ կփոխվի, որովհետեւ 213 հոդվածի համաձայն՝ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահն ու անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Խոսքը վերաբերում է մինչեւ 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված դատավորներին: Այստեղ «մինչեւ»-ի խնդիր չկա: Եթե մենք շարունակենք բառացի մեկնաբանել, ապա շատ մեծ խնդիրներ կունենաք, որովհետեւ Սահմանադրության մեջ կգտնենք նորմ, որ կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետերից ու նախարարներից, հետո կգտնենք նորմ, որով սահմանվում է, թե կառավարության անդամներին ինչպիսի պահանջներ են դրված: Ակնհայտ է, որ սահմանադրական արդարադատություն իրականացվելու լիազորությամբ օժտված են եղել 2005 թվականի Սահմանադրության ՍԴ անդամները, եւ 213 հոդվածով շարունակելով նրանց լիազորություններն, ակնհայտ է, որ գործ ունենք արդարադատություն իրականացնող մարդկանց հետ: Եթե արդարադատություն իրականացնողները շարունակելու են իրենց լիազորությունները ՍԴ-ում, ապա նրանք չեն կարող ունենալ այլ գործառույթ եւ չեն կարող չլինել դատավոր: Այստեղ դատավոր լինել-չլինելու.. չեք գտնի որեւէ օրենք, որտեղ գրված լինի, որը տանձը հավասար է խնձորի»:
Քննարկման մասնակից փաստաբան Կարապետ Բադալյանն էլ ավելացրեց՝ այո, չենք գտնի որեւէ նորմ, որով տանձը հավասար է խնձորի, բայց ովքեր փորձեն մեկնաբանել, որ տանձը նույն խնձորն է, ուրեմն անում են նույն բանը, որ ասում են՝ անդամը նույն դատավորն է:
Կարապետ Բադալյանը 2005-2015 թվականների Սահմանադրությունների պահանջների տարբերությունները նշեց. 2005-ի Սահմանադրությամբ՝ ՍԴ անդամներ կարող էին դառնալ 35 տարին լրացած անձին, որոնք ունեն պաշտպանած գիտական թեզ տվյալ ոլորտում, իսկ 2015-ի Սահմանադրությունն ասում է՝ տարիքային ցենզն աճում է, մասնագիտական, իրավաբանական կրթություն ու աշխատանքային մասնագիտական 15 տարվա փորձ, իսկ 2005-ի Սահմանադրությամբ 10 տարվա պահանջ է. «Մենք մի կարեւոր բան ենք բաց թողնում, որ Սահմանադրական դատարանի դերը 2005-ի եւ 2015-ի, էականորեն փոխվել է: Առաջին հերթին՝ մենք կառավարման համակարգ ենք փոխել, մենք անցել ենք խորհրդարանական կառավարման, որտեղ ՍԴ դերը աճել է գործնական,: 2005 թվականի Սահմանադրությամբ դատավորը կարող է պաշտոնավարել մինչեւ 65 տարին լրանալը: 2015-ի Սահմանադրությամբ՝ 12 տարի տեւողությամբ: Պահանջները խստացել են դատավորի նկատմամբ՝ այն անձը, որը նախկինում կարող էր աշխատել ՍԴ անդամ, այլեւս չի համապատասխանում 2015-ի Սահմանադրության պահանջներին»:
Բադալյանն ասաց, որ նոր Սահմանադրությամբ նույնիսկ դատավորի երդման տեքստն է փոխվել եւ դրանք տարբեր են. նախկինում դատավորը չէր երդվում, որ պետք է լինի անկախ, նորով՝ երդվում է լինել անկախ:
«2015-ին երբ ժողովուրդը հանձնարարել էր կազմավորել, ստեղծել Սահմանադրական դատարան՝ իր պահանջներով այդ Սահմանադրությամբ, այն ժամանակվա քաղաքական մեծամասնությունն արհամարհեց, որոշեց, որ ինքը 2018-ին, ժողովրդի կամքի արտահայտությունից 3 տարի հետո, այն հոդվածները, որոնք վերաբերում են ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետին ու նշանակմանը, պետք է արհամարհի մոտակա 25 տարին, դրա համար նախագահ ընտրեց մեկին, որին փորձեցին վերագրել նախկին Սահմանադրությամբ պաշտոնավարման տեւողությունը: Այսինքն՝ նախագահը պաշտոնավարելու է մոտակա 20 տարին, ՍԴ այս հոդվածները չեն կիրառվում: Չէ ո՞ր սահմանադրի կամքը եղել է ընդունել Սահմանադրություն, որը պետք է կիրառվի: Սա քաղաքական իմաստով կամայականություն է, նաեւ իրավական տեխնիկայի իմաստով այնքան փնթի է գրված, որ որևէ քննադատության չի ենթարկվում»,-ասաց Բադալյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ