Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմորդները չեն ուզում ֆիզիկոս, երկրաբան ու աստվածաբան դառնալ

Հունիս 24,2019 14:47

«2017թ համեմատությամբ՝ այս տարի ԵՊՀ-ում աճ կա ընդհանուր 53 կրթական ծրագրերի գծով, դիմորդների թիվը կազմել է 3281, ամենապահանջվածը ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկան է, իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, սերվիս, կառավարումը, լրագրություն մասնագիտությունները»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքերով, որոշ մասնագիտությունների գծով անգամ անվճար տեղերի չափով դիմորդների թիվը չի լրացել, օրինակ` միջուկային ռեակտորների ֆիզիկան է, երկրաբանությունը եւ աստվածաբանությունը:

«Կան նաեւ կրթական ծրագրեր, որ այդքան շատ չեն դիմորդները, ինչպես օրինակ, քիմիան, սննդի անվտանգությունը: Բայց եթե համեմատենք 2017թ դիմորդների թվի հետ, կրկնակի աճել է այդ մասնագիտություններով դիմողների թիվը»,-ասաց պարոն Սարգսյանը:

Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արտաշես Մարտիրոսյանը նշեց, որ նախորդ տարվա հետ չեն համեմատում թվերը, որովհետեւ ընդհանուր առմամբ ողջ Հայաստանում է դիմորդների թիվը այդ տարի քիչ եղել: 2017թ համեմատությամբ էլ, նրա խոսքերով, դիմորդների թվի որոշակի հետաճ կա:

«2019-20 թթ ուսումնական տարվա համար մեր համալսարանին հատկացվել էր 1481 տեղ, որից 91-ը անվճար: Ունենք բաժիններ, որոնք խիստ պահանջված են: Այդ մասնագիտություններն են հոգեբանությունը, տարրական դասարանների մանկավարժություն եւ մեթոդիկան, նախադպրոցական մանկավարժություն եւ մեթոդիկան, լոգոպեդիան, պարարվեստը եւ հագուստի մոդելավորում: Այս մասնագիտություններում այս պահին մրցութային իրավիճակ է»,- նշեց պարոն Մարտիրոսյանը:

Նրա խոսքերով, դիմորդների թվի առումով մտահոգիչ մասնագիտություններ ունեն. «Դրանք են` ֆիզիկան, քիմիան, մշակութաբանությունը, շրջակա միջավայրի գիտությունները, գրադարանային տեղեկատվական աղբյուրները»: Արտաշես Մարտիրոսյանը նշեց, որ իրենց ունեցած տեղերին համապատասխան դիմելիությունը 65 % է:

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը 34 կրթական ծրագրերով իրականացրել է ընդունելություն: Նախատեսված է եղել 259 անվճար տեղ, 871` վճարովի: Այսինքն` 1130 տեղ ենք ունեցել: Առաջին փուլում ունենք 1029 դիմորդ: Պոլիտեխնիկական համալսարանը ինժեներական բուհ է, տնտեսագիտական կրթական ծրագրով եւս ունենք ընդունելություն, չնայած այս ծրագրի համար անվճար տեղեր չունեինք: Առնվազն 30 դիմորդ ենք ունեցել, որ առաջին հայտից հրաժարվել է եւ երկրորդ հայտով միանգամից տնտեսագիտականն է նշել»,-ասաց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գոռ Վարդանյանը: Նրա խոսքերով, Պոլիտեխնիկը 2017-ի համեմատությամբ դիմորդների աճ ունի: Անվճար տեղերն էլ թափուր չեն մնացել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930