Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան. «Հրայր Թովմասյանն ունի մաքուր կենսագրություն, այսինքն՝ ոչ մի բանից կպչել հնարավոր չէ»

Հունիս 24,2019 13:38

«Անկախի» խնդրանքով Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադարձել է ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի հայտարարությանը։

– Պարոն Մանուկյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի այն հայտարարությանը, թե ինքը ստանձնում է ՍԴ նախագահի պաշտոնը։

– Եթե մեկը ուշադիր կարդա ՀՀ Սահմանադրության անցումային դրույթների 213-րդ հոդվածը, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 12-րդ կետը, ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածը, ապա ակնհայտ կլինի, որ Վահե Գրիգորյանի ասածն ուղղակի անհեթեթություն է։ Բացի այդ, Սահմանադրական դատարանի նախագահին չի կարող փոխել ո՛չ ՀՀ նախագահը, ո՛չ Ազգային ժողովը, ոչ էլ կառավարությունը։

Բայց այս ամենի մեջ ինձ ուրիշ բան է մտահոգում․ մենք դաստիարակություն ենք ստացել մեր ընտանիքներում, բակում, դպրոցում, հասարակության մեջ, անցել ենք տասնյակ տարիների կյանք, և ես առաջին անգամ եմ լսում, որ մարդն ինքն իրեն հռչակի նման կարգավիճակ։ Ինչ-որ նոր տեսակի մարդիկ են աճել, որոնց ես երբեք չեմ հանդիպել իմ կյանքում։ Մտահոգիչ է, որ արդեն այդպիսի մարդիկ կան հասարակության մեջ։

– Հնարավոր համարո՞ւմ եք, արդյոք, որ ճնշումների հետևանքով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարական տա։

– Գիտե՞ք, վերջիվերջո մեր ժողովուրդը հիմար չէ, որ ամեն մի կոչով ճնշումներ անի։ Խոսքը մի քանի հարյուր մարդու մասին չէ։ Իսկապես կարող է մի քանի հարյուր մարդ դեմ լինի նրան և պահանջի հրաժարական, բայց այն համաժողովրդական ճնշումները, որ կային մեկ տարի առաջ, այս պահին, այս հարցի շուրջ կրկնել հնարավոր չէ։ Հրայր Թովմասյանն ունի մաքուր կենսագրություն, այսինքն՝ ոչ մի բանից կպչել հնարավոր չէ։ Ոչ ոք չի կասկածում Հրայր Թովմասյանի պրոֆեսիոնալ հատկություններին։ Ես վաղուց եմ ճանաչում նրան, մեր կուսակցության հետ կապված մարդ է եղել, և նրա մեջ կամային հատկությունները բավականին բարձր են, նա հեշտությամբ ճնշումներին չի ենթարկվի։ Այստեղ հարցն իր պաշտոնի մասին չէ, այլ երևույթի մասին է, այսինքն՝ Հրայր Թովմասյանը պետք է պայքարի ոչ թե իր պաշտոնը, այլ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և դատարանի անկախությունը փրկելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930