Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր ամենից շատ կարիք ունենք ճշմարտությունն ասող մարդկանց. նրանք են իրական հերոսները. Վալերի Գերգիեւ

Հունիս 24,2019 12:21

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման ամենամյա չորրորդ արարողությունը կանցկացվի Երեւանում հոկտեմբերի 20-ին: Այն բաղկացած կլինի երկու մասից՝ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողություն եւ նշանավոր Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգ՝ Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն այս մրցանակը շնորհում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Մրցանակի շնորհման արարողության ժամանակ մեծարվում են մերօրյա հերոսները, որոնք բացառիկ ազդեցություն են ունեցել դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց կյանքը փրկելու եւ մարդասիրական գաղափարներն առաջ մղելու գործում: 2019թ. «Ավրորայի» հերոսներից մեկն էլ այդ երեկոյի ընթացքում կդառնա մրցանակի դափնեկիր`  1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւի միջոցով շարունակելով մարդասիրության շղթան եւ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին:

Այս տարի միջոցառումը կանցկացվի նոր ձեւաչափով. 2019թ. «Ավրորա» մրցանակի շնորհման բուն արարողությունից բացի, կլինի Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի բարեգործական համերգը՝ Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ: Ռուս ականավոր դիրիժոր Վալերի Գերգիեւը պետերբուրգյան դիրիժորական դպրոցի ամենավառ ներկայացուցիչներից է, որը նաեւ մի քանի միջազգային հեղինակավոր փառատոնների հիմնադիր է եւ ղեկավար: 1980-ականների սկզբին Վալերի Գերգիեւն աշխատել է Հայաստանում՝ ղեկավարելով Պետական սիմֆոնիկ նվագախումբը: 1988-ից եղել է Մարինյան թատրոնի երաժշտական ղեկավարը, 1996-ից՝ գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր տնօրենը: 2015թ. աշնանը մաեստրոն ստանձնեց նաեւ Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնը:

«Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Վալերի Գերգիեւին եւ Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբին՝ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը մասնակցելու համար: Ուրախ եմ, որ հոկտեմբերի 20-ին Երեւանում մենք հնարավորություն կունենանք ոչ միայն մեծարելու մերօրյա հերոսներին՝ բացառիկ խիզախության եւ նվիրվածության համար, այլեւ արժանին մատուցելու երաժշտական հանճարին»,- ասաց «Ավրորայի» համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն ամենահներից մեկն է Ռուսաստանում, որի ակունքները հասնում են 18-19-րդ դարեր, երբ ստեղծվում էր Սանկտ Պետերբուրգի կայսերական օպերայի նվագախումբը: Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը նոր բարձունքների հասավ, նվագացանկն էապես  ընդարձակվեց. օպերային եւ բալետային ստեղծագործություններին ավելացան սիմֆոնիկ գործեր: Բրիտանական «Գրամոֆոն» ամսագրի վարկածով՝ 2008թ. Մարինյան թատրոնի սիմֆոնիկը ճանաչվեց աշխարհի քսան լավագույն նվագախմբերից մեկը: 2016թ. մայիսի 6-ին Գերգիեւի ղեկավարությամբ այն բացառիկ համերգ ունեցավ Սիրիայում՝ «Աղոթք Պալմիրայի համար. Երաժշտությունը վերակենդանացնում է հնագույն կոթողները»  վերտառությամբ: Համերգը Պալմիրայի պատմական ամֆիթատրոնում էր՝ համաշխարհային քաղաքակրթության հնագույն կենտրոններից մեկում, որը միջոցառումից ընդամենը մի քանի օր առաջ էր ազատագրվել «Իսլամական պետության» ահաբեկիչներից:

«Հայաստանն ինձ համար հատուկ երկիր է, եւ ես ի սրտե ողջունում եմ «Ավրորա» մարդասիրական մրցանակի բազմավեկտոր, հետաքրքիր ու արժեքավոր գործունեությունն ամբողջ աշխարհում: Ես ուզում եմ ողջունել ու խրախուսել բոլոր նրանց, որոնք ավելի լավ կյանք են ցանկանում իրենց երեխաների եւ թոռների համար, ավելի համարձակ հանդես գալ իրենց գաղափարներով: Այսօր ամենից շատ կարիք ունենք ճշմարտությունն ասող մարդկանց. նրանք են իրական հերոսները, որոնք իսկապես կարող են փոփոխություն բերել: Ես կոչ եմ անում բոլորիդ հնարավոր ցանկացած տարբերակով աջակցել եւ մասնակից դառնալ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ձեռքբերումներին»,- ասաց Մարինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Գերգիեւը:

Վալերի Գերգիեւը նաեւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ է, որի կազմում են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Օսկար Արիասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը,  մարդու իրավունքների պաշտպան Հինա Ջիլանին, Ավստրալիայի Արտաքին գործերի նախկին նախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարար Բեռնարդ Քուշները, աշխարհում հայտնի մարդու իրավունքների պաշտպան, ցեղասպանությունների եւ մարդկության դեմ իրականացվող հանցագործությունների կանխարգելմանն ուղղված «Enough» նախագծի հիմնադիր նախագահ Ջոն Փրենդերգասթը, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը, Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը եւ օսկարակիր դերասան, մարդասեր Ջորջ Քլունին:

Այս տարի մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումի շրջանակում, որը կանցկացվի հոկտեմբերի 14-ից 21-ը Հայաստանում: Ֆորումն իր տեսակով առաջինն է տարածաշրջանում, որը կմիավորի աշխարհի սոցիալական, գիտական, տեխնոլոգիական, կրթական եւ մարդասիրական նորարական փորձն ու առաջատար դեմքերին: Մեկ շաբաթ շարունակ համաշխարհային մտքի ազդեցիկ առաջնորդները հնարավորություն կունենան քննարկել լավագույն փորձը, սերտած դասերը, որոշ դեպքերում՝   ամենատարբեր խնդիրների հաջող եւ հեղափոխական լուծումները՝ ենթակառուցվածքային մար­տա­­հրա­վեր­նե­րից մինչեւ առողջապահական ոլորտի նորամուծություններ: «Ավրորա» ֆորումը հնարավոր է դարձել հայկական եւ միջազգային տարբեր կազմակերպությունների համագործակցության շնորհիվ, որոնք համակարծիք են այսօր մարդկության առջեւ ծառացած ամենալուրջ մարտահրավերները հաղթահարելու գործում:

IDeA հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930