«Ռուսական կողմից սխալ ես այստեղ չեմ տեսնում»,- անդրադառնալով հունիսի 20-ին Թբիլիսիում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ գլխավոր վեհաժողովի աշխատանքների ընթացքում գրանցված միջադեպին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա ասաց, որ եղել է ՌԴ-ում, Թբիլիսիում ու դառնալով Թբիլիսիում իրավիճակին, ասաց. «Քաղաքի կենտրոնում կան միտինգային տրամադրություններ, որոշակի լարվածություն, բայց Ռուսթավելիի պողոտայից այն կողմ այդ լարվածությունը չի նկատվում»:
Ըստ նրա՝ ռուս-վրացական լարվածությունը չի բխում ՀՀ շահերից. «ՌԴ-ն մեր դաշնակից եղբայր երկիրն է, Վրաստանը մեր հարևանն ու եղբայր երկիրը: Հայ-ռուսական հարաբերություններն ունեն դարավոր անցյալ, նույնը հայ-վրացական հարաբերությունները, ուստի այս լարվածությունից չենք կարող որևէ դիվիդենտ շահել, թե տնտեսական առումով՝ Լարսի հետ կապված, թե քաղաքական բազում խնդիրների հետ կապված կարող ենք տանուլ տալ»:
Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ ՀՀ-ին ձեռնտու չէ նաև այն, որ լարվում են ԱՄՆ-Իրան հարաբերությունները:
Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ Ուղղափառության վեհաժողովին տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում են կազմակերպիչները. «Ինչ եղել է, եղել է կազմակերպիչների կողմից: Վրաստանը կազմակերպիչ երկիր է, և ցանկացած կազմակերպիչ երկիր պարտավոր է նորմալ ապահովել անվտանգությունն ու բարձր մակարդակը: Նաև Երևանում են եղել միջոցառումներ, որտեղ ադրբեջանցիներ են եղել, բայց լուրջ բախումներ տեղի չեն ունեցել: Եթե Ուղղափառության վեհաժողովի ղեկավարությունը գտել է, որ Թբիլիսում պիտի լինի նիստը, նրանք պարտավոր էին բոլոր պատվիրակների, այդ թվում նաև նախագահող երկրի լիազորությունները պատշաճ կերպով պաշտպանել»:
Կարդացեք նաև
Մեկնաբանելով կատարվածը՝ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Չեմ բացառում, որ Թբիլիսում տեղի ունեցող իրադարձությունները սրվում են նաև դրսից՝ Սահակաշվիլիի ջանքերով, և փորձ է արվում ներկայացնել ռուս-վրացական հակամարտություն, բայց հիմքում Վրաստանի ընդդիմությունն օգտվում է առիթից, որ թուլացնի Բիձինա Իվանիշվիլիի թիմի դիրքերը»:
Էդուարդ Շարմազանովը չի նախանձում ՀՀ իշխանություններին: Այս առիթով ասաց. «Ամեն դեպքում մեր իշխանություններին ՝ Փաշինյանին, ԱԳ նախարարին և առհասարակ կառավարությանը չեմ նախանձում, քանի որ շատ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում ենք: Մնում է իրենք գիտակցեն, որ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակ է, այլ ոչ թե խորոված, փախլավա կամ դիետիկ բուլկուց խոսեն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ