Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օպերային պրիմադոննան էլ է երկընտրանքի առաջ՝ հիմնական կազմո՞վ թատրոն, թե՞ հրավիրյալներ

Հունիս 24,2019 12:00

Օպերային սոպրանո Վերոնիկա Ջիոեւային հայաստանցի արվեստագետներն էլ են անհամբեր սպասել: Առաջին անգամ մեր երկիր ոտք դնողների պարագայում միշտ այդպես է: Ջիոեւայի հարուստ, հզոր ձայնին, թավշյա տեմբրին ու բարձրարվեստ կատարումներին անդրադարձել են հայտնի պարբերականներ, այդ թվում՝ The New York Times-ը: Երգչուհու աշխարհահռչակ գործընկերներից շատերն էլ դեռեւս նրա կարիերայի սկզբում սոպրանոյին տեսել են իբրեւ հեղինակավոր թատրոնները նվաճողի: Օրինակ՝ Դմիտրի Խվորոստովսկին ասել է. «Նրա ձայնն այնքան շքեղ է, ասես թանկարժեք «Ռոլս-Ռոյս» լինի: Այն կհնչի աշխարհի լավագույն բեմերում»:

Նրա անունը հնչել է դեռ Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի կոնսերվատորիայում ուսանելու տարիներին: Այդ ժամանակահատվածում մասնակցել է 10 համառուսաստանյան եւ միջազգային մրցույթների: Նշենք մեկ-երկուսը՝ Մարիա Կալլասի անվան մրցույթում արժանացել է Գրան պրիի, Չայկովսկու, Գլինկայի, Կլաուդիա Տանի մրցույթներում դափնեկրի կոչման եւ այլն:

Երգչուհին թատերական մրցանակներ էլ ունի, այդ թվում՝ «Ոսկե դիմակ», Չեխիայում անցկացվող Pragensis Ars prize: Այս ամենն արդյունք է նաեւ վարպետության դասերի մասնակցած այնպիսի անունների մոտ, ինչպիսիք են՝ Ելենա Օբրազցովա, Մարիա Բիեշու, Ջոան Սադերլենդ, Լուչիանո Պավարոտի: Երգչուհին մասնակցելով օպերային թատրոնների ներկայացումներին, ձեռք է բերել հարուստ խաղացանկ: Համագործակցում է նաեւ համարյա բոլոր ռուսաստանյան նվագախմբերի հետ, ինչպես նաեւ արտասահմանյան, օրինակ՝ Պալերմոյի, Բարիի, Մադրիդի, Լոնդոնի եւ այլն: Նրա արվեստը գնահատել են դիրիժորներ Վալերի Գերգիեւը, Միխայիլ Պլետնյովը, Յուրի Բաշմետը, Մարկո Կարմինատին, Լորենս Ռենեն, Դանիելե Կալեգարին եւ այլք: Հյուրախաղային աշխարհագրությունն էլ ընդգրկուն է՝ Ճապոնիայից, Կորեայից, Չինաստանից մինչեւ եվրոպական երկրներ եւ Ամերիկա:

Վերոնիկա Ջիոեւան եւ Սերգեյ Ստեփանյանը

«Առավոտի» հետ զրույցում Վերոնիկա Ջիոեւան ասաց, որ շատ է շփվել ու համագործակցել հայ երաժիշտների հետ եւ հավելեց. «Ինչի՞ց է, որ դուք այդքան տաղանդավոր եք ծնվում: Հավանաբար հատուկ մի բան կա… Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ նրա գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի կողմից հրավերը ստանալուն պես իսկապես հուզվեցի: Հուզվեցի, որովհետեւ այն խորհելու առիթ տվեց, թե ինչպես առաջին անգամ պետք է ներկայանամ այդ տաղանդավոր ժողովրդին: Ավելին՝ դուետով հանդես եմ գալու նոր-նոր կարիերա անող, հիանալի բաս Սերգեյ Ստեփանյանի հետ: Ի դեպ, համերգը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ հունիսի 24-ին»:

Մեր զրուցակցից, որը Նովոսիբիրսկի օպերային թատրոնի պրիմադոննան է, հրավիրյալ արտիստ է Մեծ եւ Մարիինյան թատրոններից, ինչպես նաեւ բեմ է բարձրանում եվրոպական եւ ամերիկյան թատրոններում, հետաքրքրվեցինք՝ դատելով հյուրախաղային գրաֆիկից, ձեր հիմնական աշխատավայրում՝ Նովոսիբիրսկում, խաղաշրջանի ընթացքում հավանաբար հանդես եք գալիս ընդամենը մեկ կամ երկու դերերգով, բայց խորհրդային շրջանից իներցիայով եկող կարգով, աշխատավարձ եք ստանում շուրջ տարի: Չե՞ք կարծում, որ դա պարզապես ազնիվ չէ:

«Հասկանում եմ, որ խոսքը խաղացանկային թատրոնների մասին է, որոնք ունեն հիմնական մեներգիչների կազմ: Չեմ կարող ասել՝ դա ճի՞շտ աշխատաոճ է, թե՞ թատրոնը պետք է աշխատի միայն հրավիրյալ երգիչներով՝ ունենալով մշտապես գործող նվագախումբ եւ երգչախումբ: Արեւմտյան թատրոններում վաղուց նման աշխատաոճն է գործում: Թեեւ գերմանական 1-2 թատրոններում մինչ օրս պահպանվում է հիմնական մեներգիչների կազմը: Սա բարդ հարց է, ինչին ժամանակ առ ժամանակ անդրադառնում են ռուսաստանյան լրատվամիջոցները: Մի բան էլ կա, ասենք, ամերիկյան Houston 0pera-ում, որտեղ բեմ եմ բարձրացել, կամ մյուս նշանավոր օջախներում մեկ դերերգը կարող է արժենա ձեր նշած ողջ տարվա կամ մի քանի ամիսների աշխատավարձը միասին վերցրած: Ի վերջո, պետք է թողնել, որ հանդիսատեսը կարոտի քեզ»,- հայտնեց մեր զրուցակիցը: Կեսկատակ-կեսլուրջ դիտարկանը, թե դա չի նշանակում, որ բեմ դուրս չեկած ամիսների համար էլ վարձատրվի, թեկուզ բարձրակարգ երգիչը՝ Վերոնիկա Ջիոեւայի պատասխանը ժպիտն էր:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

22.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930