Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետո խնդիր կառաջանա». «Իմ քայլը» «դեմ» քվեարկեց կառավարության օրինագծին

Հունիս 24,2019 11:01

ԱԺ-ում այսօր քննարկվում էր Կառավարության հեղինակած՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը: Քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հայտարարեց. «Այս օրինագծի առնչությամբ ընթացակարգային մի շարք խնդիրներ ունենք: Նախ, երկրորդ ընթերցմանն ընդառաջ՝ երկու խմբակցությունները բավականին ուշ են առաջարկներ ներկայացրել, եւ հանձնաժողովի նիստի ժամանակ կառավարության ներկայացուցիչը տեղում է ծանոթացել առաջարկներին: Քննարկման շտապողականության հետեւանքով օրինագծում տեղ են գտել փոփոխություններ, որոնք, ինչպես մենք նախորդ օրը բացահայտեցինք, պատշաճ կերպով չէին քննարկվել կամ առհասարակ չէին քննարկվել հանձնաժողովում, ինչը թյուրըմբռնման հետեւանք է: Կառավարության ներկայացուցիչն ասում է, որ հետ է քաշել առաջարկները, բայց ես ստուգեցի ԱԺ կայքում՝ դրանք տեղում էին: Այսպիսով, ունենք անփույթ աշխատանք եւ թյուրըմբռնում՝ կառավարության ներկայացուցչի կողմից: Ես բացահայտեցի նաեւ, որ իրավական փորձաքննության առաջարկները չեն ընդունվել ի գիտություն, մենք չենք աշխատել դրանց վրա: Առաջարկում եմ «դեմ» քվեարկել, որպեսզի ավելի լավ նախագիծ պատրաստենք»:

«Իմ քայլի» պատգամավոր, օրինագծի հարակից զեկուցող Թագուհի Թովմասյանն էլ իր հերթին հայտարարեց. «Կիսում եմ գործընկերոջս խոսքերը, բայց ես «կողմ» եմ քվեարկելու, որովհետեւ քիչ առաջ խոսեցի փոխնախարարի հետ: Նա հավաստիացրեց, որ բոլոր փոփոխություններն արվել են պայմանավորվածությունների շրջանակում միայն»:

Այնուհետեւ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում խնդրեց:

Նիստի վերսկսումից հետո օրինագիծը երկրորդ ընթերցմամբ դրվեց քվեարկության: «Դեմ» քվեարկեց 65, իսկ «կողմ»՝ 24 պատգամավոր, օրինագիծը չընդունվեց:

«Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն իրավիճակն այսպես բացատրեց. «Օրինագծի ամփոփաթերթում եւ բուն տեքստում կար հակասություն: Օրենքի մի մասն ընդհանրապես չէր քննարկվել հանձնաժողովում: Հետո կարող է խնդիր առաջանալ, ընդհուպ մինչեւ ՍԴ-ի կողմից հակասահմանադրական ճանաչելը: Եթե կառավարությունը շտկի խնդիրը, օրինագիծը կրկին կքննարկենք»:

Ապա ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանը պնդեց, որ առաջարկվող փոփոխությունները հանձնաժողովում քննարկվել են, եւ կառավարության ներկայացուցչի ու պատգամավորների միջեւ բանավոր համաձայնություն է ձեռքբերվել, հանձնաժողովն էլ տվել է դրական եզրակացություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930