Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա Ծռեր». Ջավախքում բնակվող հայությանը կոչ ենք անում լինել շրջահայաց ու ողջախոհ, ամեն կերպով խուսափել Մոսկվայի լարած ծուղակից

Հունիս 24,2019 10:28

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը

Վրաստանում զարգանում է ռուսական գաղութատիրությունից ազատագրվելու գործընթացի հերթական փուլը: Զուգահեռաբար՝ Վրաստանը ստիպված է մոբիլիզացվել ընդդեմ թուրք-ադրբեջանական ծավալման:

Վրաստանի ապագաղութացումը զգալի չափով նպաստում է նաև Հայաստանի ապագաղութացմանը: Իսկ թուրք-ադրբեջանական ծավալման դեմ նրա հետ սերտ գործակցելու հեռանկարը նոր հորիզոն է բացելու մեր արտաքին անվտանգության ապահովման առումով:

Որպես հակաքայլ՝ Մոսկվան հերթական անգամ ակտիվացնում է իր ավանդական «բաժանիր, որ տիրես» քաղաքականությունը: Իր հերթին՝ թուրք-ադրբեջանական տանդեմը լարումներ է ստեղծում Վրաստանի դեմ և սպասում է, թե երբ է այն ներքուստ թուլանալու, որպեսզի ձեռնամուխ լինի ծավալման հաջորդ փուլին:

Մոսկվան որպես Վրաստանում իր «բաժանիր, որ տիրես» քաղաքականության հիմնական ռեսուրս է դիտում Ջավախքի հայությանը:

Ցավով պետք է նշել, որ դրա համար էապես նպաստավոր պայմաններ է ստեղծում Ջավախքի հայության նկատմամբ Վրաստանի իշխանությունների ազգայնական քաղաքականությունը:

Արդար լինելու համար նաև չի կարելի անտեսել, որ Ջավախքի հայության շրջանում տարածված ռուսական կողմնորոշումը զգալի չափով ազդում է նրա նկատմամբ Վրաստանի իշխանությունների բացասական վերաբերմունքի վրա:

Նշված լուրջ պրոբլեմներով հանդերձ, առնվազն ներկայումս հայ-վրացական ռազմավարական շահերը համընկնում են:

Ռուսական գաղութատիրությունից ազատագրվելու և թուրք-ադրբեջանական ծավալումը չեզոքացնելու հարցերում, ինչպես նաև տարածաշրջանում թափ հավաքող փոթորկալի զարգացումներում հնարավորինս միասնաբար հանդես գալը Հայաստանի ու Վրաստանի գոյության և բարգավաճման անփոխարինելի երաշխիքներից մեկն է:

Վերը նշվածը հաշվի առնելով՝  Ջավախքում բնակվող հայությանը կոչ ենք անում լինել շրջահայաց ու ողջախոհ, ամեն կերպով խուսափել Մոսկվայի լարած ծուղակից և ակամա չդառնալ նրա «բաժանիր, որ տիրես» քաղաքականության գործիք ու չնպաստել թուրք-ադրբեջանական ծավալապաշտական ծրագրերին:

Լուսանկարը՝ jam-news.net

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930