Varlamov.ru-ն անդրադարձել է Խաչատուրյան քույրերին եւ նրանց հոր սպանությանը: Ըստ աղբյուրի, թեեւ քույրերն ընդունել են մեղքը եւ ասել, որ իրենք են սպանել հորը, սակայն, պարզվել է, որ հայրը նրանց տեւական ժամանակ սպառնացել է ու հոգեբանական եւ այլ ճնշումների ու բռնությունների ենթարկել: Աղջիկների պաշտպանները պնդել են, որ Խաչատուրյան քույրերը՝ Մարիան, Անգելինան եւ Քրիստինան, բռնության զոհեր են:
Բլոգեր Իլյա Վառլամովը, հղում անելով քույրերի պաշտպանների հայտարարություններին եւ ավելի քան 20 դատական փորձաքննության արդյունքներին, նշում է, որ հայրը՝ Միխայիլ Խաչատուրյանը բազմիցս սեռական ոտնձգություն եւ անառակաբարո գործողություններ է կատարել աղջիկների նկատմամբ: Խաչատուրյան քույրերի դեպքը հայրասպանության բացառիկ օրինակ է՝ ըստ ռուսական ԶԼՄ-ների, քանի որ երեք դուստերը մեղադրվում են հորը սպանելու մեջ, իսկ նրանցից մեկն անչափահաս է:
Պաշտպանները նշել են, որ երեք աղջիկների մոտ էլ նկատելի է ստորացման արդյունքում առաջացած դաժան վերաբերմունքի սինդրոմ:
Varlamov.ru-ն նշում է, որ ցավոք, Ռուսաստանում չկա ընտանեկան բռնությունից պաշտպանելու մասին օրենք, եւ պետությունն իր վերաբերմունքով ցույց է տալիս, որ այդ թեման իրեն հետաքրքիր չէ, իսկ երեխաների իրավունքների պաշտպանն էլ կարծում է, որ ծեծի ապաքրեականացումը կարող է պաշտպանել ընտանիքը: Խաչատուրյանների ընտանիքը չեն փրկել ոչ քրեական, ոչ ադմինիստրատիվ հոդվածները, ոչ մեկի համար հետաքրքիր չի եղել մեկ տարի շարունակ աղջիկներին դպրոցից զրկած եւ տեւական ժամանակ նվաստացրած տղամարդը: Բլոգերը գրում է, որ Խաչատուրյան քույրերի պատմությունը վեր է հանում մի խնդիր, որը կարող է վերաբերվել յուրաքանչյուրին: