Այս թարմացնող ըմպելիքը, ըստ որոշ տեղեկությունների, սկսել են օգտագործել դեռ 16-րդ դարում՝ ծովահենները. երբեմն նրանց բաժին էր ընկնում շատ վատ որակի ռոմ, որի համը կոտրելու համար նրանք Կենտրոնական Ամերիկայում տարածում ունեցող լայմ, եղեգնաշաքար եւ անանուխ էին ավելացնում: Մոխիտոն հայտնի էր նաեւ որպես Էռնեստ Հեմինգուեյի սիրելի խմիչքներից մեկը, սակայն վերջերս այս կապակցությամբ տարակարծություններ կան՝ որոշ հետազոտողներ հերքում են, որ մեծանուն գրողի անունը պարզապես օգտագործել են այս կոկտեյլի եւ Հավանայում գտնվող մի բար-ռեստորանի գովազդային արշավի համար:
Ամեն դեպքում 20-րդ դարի վերջից մոխիտոն շատ տարածված խմիչք է Եվրոպայում եւ Ամերիկայում, իսկ 2016-ին այն ճանաչվել է Անգլիայում եւ Ֆրանսիայում ամենաշատ պատվիրված կոկտեյլը: Մի կողմ թողնենք մարքեթինգային քայլերը եւ ասենք, որ այն պարզապես շատ համեղ, զովացնող խմիչք է՝ իսկը ամառային շոգ երեկոների համար: Իսկ ինչո՞ւ չպատրաստենք մոխիտոն տանը՝ մեր հյուրերի եւ մեզ համար:
Անհրաժեշտ մթերքները
Սպիտակ ռոմ- 40մլ
Կարդացեք նաև
Լայմ (ծայրահեղ դեպքում՝ կիտրոն)- 0,5 հատ
Թարմ անանուխ- 6 ճյուղ
Եղեգնաշաքար- 1 թեյի գդալ
Գազավորված ջուր (եթե չեք սիրում սովորական հանքային ջրի համը, կարող եք վերցնել տոնիկ կամ սփրայթ)
Սառույց
Զարդարելու համար՝ լայմի շերտեր եւ թարմ անանուխ
Պատրաստման եղանակը
Երկար բաժակների մեջ (highball) լցնել եղեգնաշաքարը, 3-4 շերտ լայմ կամ կիտրոն (կամ 30 մլ լայմի հյութ) եւ լավ լվացած ու չորացրած անանուխի տերեւները: Նշեմ, որ բաղադրատոմսը պարտադրում է հենց լայմը, սակայն, եթե ինչ-ինչ պատճառներով լայմ չունեք, մի վախեցեք կիտրոն ավելացնել, համի եւ բույրի տարբերություն կա, սակայն եթե դուք ուզում եք պարզապես լավ ժամանակ անցկացնել, այդ փոքրիկ փոփոխությունից աշխարհը շուռ չի գա:
Որեւէ հարմար թակիչով լավ ծեծեք այդ զանգվածը, որպեսզի շաքարն ամբողջովին հալվի, իսկ անանուխն ու լայմը փոխանցեն իրենց համն ու բույրը: Բաժակի մեջ լցրեք 4-5 կտոր սառույց, ավելացրեք ռոմը, եւ այնքան տոնիկ, որ բաժակն ամբողջությամբ լցվի:
Բաժակի մեջ տեղավորեք նաեւ թարմ կտրատած մեկ-երկու շերտ լայմ կամ կիտրոն, թարմ անանուխ եւ մատուցեք ձողիկով:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ