Լրահոս
Օրվա լրահոսը

Թավշյա

Հունիս 23,2019 12:00

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցով ոչ միայն Մոսկվայում Պուտինն ու ուրիշներն էին հետաքրքրված, այլեւ Ստեփանակերտում Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ ուրիշներ: Երբ մարտի 1-ի ու Քոչարյանի հետ կապված դատական գործընթացներն սկսվեցին, քչերն էին ակնկալում, որ Ռոբերտ Քոչարյանն այսքան պաշտպաններ կունենա: Բայց, փաստորեն, ունեցավ: Սա նշանակում է, որ մենք մեզ առանձնապես լավ չենք ճանաչում: Կամ՝ մեզ թվում է, թե մեզ ճանաչում ենք: Իսկապես. ինչո՞ւ ոչ ոք Մանվել Գրիգորյանին չի պաշտպանում: Ոչ Բակո Սահակյանը, ոչ Արկադի Ղուկասյանը, ոչ էլ որեւէ ուրիշը: Հետո էլ ասում ենք, որ ղարաբաղցի-հայաստանցի թեման չպիտի մեզանում տեղ ունենա: Իհարկե, չպիտի տեղ ունենա: Ընդ որում՝ երկուստեք: Բայց, փաստորեն, ունի: Ցավոք սրտի:

Պարզ է, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը հազար կապով են կապված Ռոբերտ Քոչարյանի հետ եւ չէին կարող բացարձակապես անտարբեր լինել Քոչարյանի ճակատագրի առումով, բայց առողջ տրամաբանությունը նաեւ ենթադրել է տալիս, որ նրանց նաեւ Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի ճակատագիրը պիտի անհանգստացներ: Այս առումով գեներալ Մանվել Գրիգորյանի բախտը հեչ չի բերել: Չնայած լուրջ հիվանդությանը, նրա ճակատագիրը ոչ միայն ղարաբաղցիներին առանձնապես չի հուզում, այլեւ հայաստանցիներին: Ավելին. Էջմիածնում ու այլուր մարդիկ միտինգներ են անում եւ պահանջում են ամենայն խստությամբ պատժել հերոս գեներալին: Հիմա կասեք՝ ի՞նչ հերոս, ի՞նչ գեներալ: Կասեք՝ Մանվելը Վազգենի սարքած հերոսն է: Կասեք՝ իրականում էդպիսի հերոս գոյություն չունի:

Իսկ ո՞վ է մեր իսկական ու իրական հերոսը: Ռիժկո՞վը: Դրան էլ շատերը կհակաճառեն: Փաստորեն, ամեն ինչ խառնվել է իրար: Մեր իսկ ձեռքով ենք խառնել: Մեր ձեռքով ամեն ինչ խառնել ու խառնվել ենք իրար:

Ընդունենք, որ վարչապետ Փաշինյան Նիկոլի գործը չափազանց բարդ է: Ոմանք վարչապետից պահանջում են մինչեւ վերջ պատժել բոլոր մեղավորներին: Հատկապես մարտի 1-ի գործով: Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանն ու ուրիշներ վարչապետին խնդրում են ներողամտություն հանդես բերել երկրորդ նախագահի վերաբերմամբ: Ուրիշներն առաջարկում են առաջին ու երկրորդ նախագահներին էլ որպես մարտի 1-ի մեղավորներ դիտարկել: Փաստորեն, ոնց էլ անես, շատերի կողմից է սխալ համարվելու:

Բայց հարցը սխալն ու ճիշտը չէ: Հարցն այն է, որ այս հարցերի հետ կապված որեւէ լուծում չեմ տեսնում, որը բոլոր կողմերի համար ընդունելի լինի: Համենայնդեպս, իրավիճակի սրումը ցանկալի տարբերակ չէ: Վերջերս այս հարցերի կապակցությամբ վարչապետը հետեւայլ միտքն էր արտահայտել. «Եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»:

Համաձայնեք, որ սա մեզ համար առանձնապես ցանկալի տարբերակ չէ: Մեզ հարկավոր չէ Արցախում ստեղծել նոր օջախ՝ մեր իսկ ստեղծած այն օջախի փոխարեն, որը համապատասխանում է մեր ցանկություններին ու պահանջներին եւ որը ստեղծվել է մեր ժողովրդի հերոսական պայքարի ու կյանքի գնով:

Կարճ ասած, այս պահին մեր ներքաղաքական կյանքում անցանկալի սրվածություն կա, եւ որպեսզի այն բացասաբար չանդրադառնա Արցախի խնդիրներին, հարկավոր է երկուստեք զգուշություն ու զգուշավորություն հանդես բերել: Իհարկե՝ ո՛չ արդարության ու արդարադատության հաշվին: Հասկանում եմ, որ համարյա անհնարին բան եմ ասում, բայց որպեսզի ուզածս անհնարին չլինի, հարկավոր է նախ ցանկություն ու պատրաստակամություն հանդես բերել: Ընդ որում՝ երկուստեք: Երկուստեք պիտի ցանկություն ու պատրաստակամություն հանդես բերեն: Այլապես՝ սրա վերջը չի երեւում: Ավելին. տհաճն ու անցանկալին կարող է ավելի խորանալ ու տարածվել: Նկատի ունենք ղարաբաղցի-հայաստանցի հարաբերություններն ու հակասությունները: Չնայած ասում ենք, որ իրականում այդպիսի հակասություն գոյություն չունի, բայց մեր հոգու խորքում գիտենք, որ լավ էլ գոյություն ունի: Ընդ որում՝ անկախ մեզանից ու անկախ մեր ցանկությունից:

Փաստորեն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պրոֆեսիոնալ հեղափոխական է, կարելի է ասել՝ գերպրոֆեսիոնալ, եւ հնարավոր է, որ Ղարաբաղի՝ հեղափոխության օջախ դառնալու հարցում եւս չի սխալվում: Այսինքն, եթե իսկապես ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխական օջախ, Արցախի ժողովուրդը այն կարող է դարձնել հեղափոխության օջախ: Եթե նույնիսկ դա ճիշտ է, դա ամենեւին չի նշանակում, որ պիտի դրան ձգտենք: Մեզնից կախված ամեն ինչ պիտի անենք, որ դա տեղի չունենա: Որովհետեւ եթե դա տեղի ունենա, դրանից միայն մի կողմը կարող է շահել, եւ այդ կողմը Ադրբեջանն է:

Բայց վերադառնանք գեներալին ու նրա հիվանդությանը, չնայած… իզուր էլ վերադառնում ենք: Արդարադատության ու դատական հարցերում շատ հաճախ ավելորդ, անտեղի ու կեղծ սրտացավությունը կարող է վնասել գործին, իսկ գեներալ Մանվելին առնչվող սրտացավությունը չի կարող կեղծ չլինել: Բայց դա չի նշանակում, որ պետք է աջուձախ քլնգենք իրար: Մեզ համար ընդունելին, այնուամենայնիվ, փոխադարձ հանդուրժողականությունն է, որը իսկապես մեր շահերից է բխում:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ, 

21.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930