Լրահոս
Օրվա լրահոսը

Ով է աստծո նման (վիպակ)

Հունիս 22,2019 21:03

ԳԼՈՒԽ 2

Հույս, հավատ, գերություն

Թերեզա Էնդերսոնը ամուլ էր, սակայն մեծ հավատ ուներ առ Աստված, թե Տերը երբևէ զավակ կպարգևի իրեն։

Կանցնեն օրեր և տարիներ կանցնեն, և կինը կկանգնի հիասթափության առջև։ Դա կլինի հետո, երբ անխուսափելիորեն կհասունանա օր ծերության անտեր չմնալու գիտակցությունը, երբ գլուխ կբարձրացնեն կասկածներ՝ հավատի սյուն սասանելով։

Տիկին Թերեզան մաշում էր իր օրերը ջերմեռանդ աղոթքներով, իսկ հույսը գլոր-գլոր հոսում էր այտերն ի վար։

«Աստված իմ,- ծնկաչոք հեկեկում էր տիկինը,- չէ՞ որ զավակ պարգևեցիր Աբրահամին, երբ նա հարյուր տարեկան էր, և Սառայի ամուլ արգանդը բացեցիր… Չէ՞ որ լսեցիր քո տաճարում անձայն աղերսող Աննային, թեև Հեղի քահանան կշտամբեց նրան՝ կարծելով, թե կինը հարբած է։ Քանզի համր էին շուրթերը նրա, իսկ բառերը սիրտն էր բարբառում։ Այո, քահանան կշտամբեց նրան, բայց հետո ծնվեց Սամուելը, քո ժողովրդի մեծամեծ մարգարեն։ Ուրեմն ինձ էլ լսիր, խնդրում եմ։ «Կոտրված ու փշրված սիրտը դու չես արհամարհի1». ահա ճշմարտություն, որ քո Դավիթ թագավորն է հայտնել։ Աստված ողորմած, Աստված ամենակալ, գրքի պես թերթիր, խնդրում եմ, էջերն իմ սրտի ու զավակ պարգևիր քո սրբության առջև ծնրադիր քո աղախնին։ Դու վարձատրում ես բոլոր նրանց, ովքեր խոնարհության շապիկն ունեն իրենց մարմնի վրա։ Եվ մխիթարում ես ոգով փշրվածին, որպեսզի հավատ ունեցողը չկորսվի իր հավատի մեջ, այլ կարողանա ապրել։ Ապրեցրու քո աղախնին, խնդրում եմ՝ նրան պտղաբեր դարձնելով»։

Իհարկե, երբ հույսն է գլոր-գլոր հոսում այտերն ի վար, մարդը սկսում է ապրել մխիթարված լինելու հիվանդագին կարիքով։

Տիկին Թերեզան աղոթում էր ամուսնության առաջին հինգ տարիների ընթացքում, թերևս ամեն օր, սակայն բժիշկները ի սպառ բացառել էին երեխա ունենալու տարբերակը։

Օրերն անցնում էին անիմաստ, օրերը մնում էին անպտուղ, իսկ ջերմեռանդ աղերսները չէին վարձատրվում։ Ամուսնության վեցերորդ տարում տիկին Թերեզան սկսեց կորցնել կյանքի հանդեպ իր հետաքրքրություններն ու սկսեց հյուծվել։ Անորոշ մի ըմբռնումով նա ճանաչում էր աղոտ զգացողություններ՝ կամաց-կամաց հասկանալով, որ ջլատվում է ներքուստ, որ հավատը դառնում է ծանրակիր մի բեռ, իսկ հույսերը պապանձվում են ակամա։ Գեղեցիկ կին էր, կապույտ, կլորավուն աչքերով, քիթը՝ փոքր, ուղիղ, իսկ շուրթերը՝ հյութեղ, ցանկահարույց։  Հյուծախտի և վաղահաս ծերության առաջին նշանները հայտնվեցին պարանոցի՛ վրա՝ կզակի ստորին հատվածում։ Թերեզան խաբված էր իր իսկ հավատով։ Մահաշուք մի գունատություն խլեց ձյունաթույր մաշկի թարմությունը, իսկ նրա երիտասարդ, ճկուն մարմինը առաջվա պես չէր բոցավառվում կրքով։ Գլխիկոր խեղճությամբ էր կանգնում ամուսնու առջև, քանզի սրտի մեջ բուն էր դրել մեղավորության որդը։

Իհարկե՛…

Իր ողջ էությամբ երջանկություն ցանկանալով՝ կինը սահմռկում էր այն գիտակցությունից, որ երբեք այլևս երեխայի ծիծաղ չի թևածելու  օջախի ներսում։ Այս ամենին, ապա, գումարվում էին սպասման տանջալից օրեր։ Թվում էր՝ երբևէ մի անգամ ամուսինը կմերժի սիրո շարունակություն չունեցող իրականությունն ու բանալիները կթողնի տանը։ Թերեզան դժվարությամբ էր կտրվում անկողնուց, նախաճաշ պատրաստում էր ինքն իրեն ստիպելով, ներքուստ տանջվելով անտանելի այն մտքից, որ ահա ա՛յս օրը վերջինն է, և վերջին այս նախաճաշից հետո ամուսինը չի վերադառնա այլևս։

Ապա ո՞վ էր համբերատար այն մարդը, որ անկողին էր կիսում Թերեզայի հետ։ Ընթերցողս հավանաբար կռահում է, թե ում մասին եմ խոսելու հիմա։

Ալեքսանդր Գոմեսը հաղթանդամ տղամարդ էր, ուժեղ, առնացի։ Բանակում երկու տարի ծառայելուց հետո նա քսանամյա պայմանագիր էր կնքել՝ կյանքը նվիրելով զինծառայությանը։ Փայլում էր մտքի խորությամբ, պարտաճանաչ էր ու կարգապահ, իսկ հրամաններին ենթարկվում էր անխոս. կաշվից դուրս էր գալիս՝ գլուխ բերելով անգամ ամենածանր առաջադրանքներ։ Նա սիրում էր իր կնոջը առանձնահատուկ մի քնքշությամբ, իսկ նրա կարծր սրտում բնակվող ներողամտությունը թերևս զարմանալի էր կամ արտասովոր։  Ինքն Աստծուն չէր հավատում, իսկ կնոջ մոլեռանդությունը բացատրում էր երեխա չունենալու ճշմարտությամբ և հոգու խորքում համոզված էր, որ առաջնեկի ծնունդով ի վերջո կչքանան հավատի հետ կապված բոլոր այդ հիմարությունները։

Ամուսինների փոխհարաբերությունները սկսեցին լարվել համատեղ կյանքի վեցերորդ տարում, երբ Ալեքսանդր Գոմեսը հակատանկային ծառայության կապիտան էր։ Նա երբեք չէր մտածել կնոջը լքելու մասին, քանզի ուներ բարոյական չափանիշներ, որոնք կցել էր զինվորական կանոնադրությանն ու հենց այդպես էլ ապրում էր։ Զրույցները դարձել էին կարճատև, սուր ռեպլիկներով, շինծու։  Նրանք դեռևս չէին գիտակցում, որ տրվել են անկման ստորացուցիչ ընթացքին, որ ընկնում են երկուսո՛վ, իսկ համատեղ կյանքի փորձությունը դավադիր խոռոչներ ունի։

(շարունակելի)

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

 «Ով է Աստծո նման» վիպակը վաճառվում է «Նոյյան տապան» (Աբովյան 8) և «Բուկինիստ» (Մաշտոցի 20) գրախանութներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930