Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության արեւելահայերեն նոր թարգմանության շնորհանդեսն էր։ Հեղինակն աստվածաբան տեր Մեսրոպ քահանա Արամյանն է։ Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ թարգմանության վրա աշխատել է 30 տարի: «Չեմ պատկերացնում, որ այս բազմաբարդ գործն ավելի արագ հնարավոր կլիներ թարգմանել: Ինձ մոտ որ հաստատ չէր ստացվի. այս գիրքը պարզապես թարգմանել չես կարող, այն պետք է ապրես, փոխվես նրա հետ, թարգմանական արվեստը նրբացնես: Ի վերջո, գործ ունենք մի գրքի հետ, որն աստվածաբանական, լեզվական եւ մշակութային տեսանկյուններից թագ ու պսակ է՝ հոգու բարձրագույն թռիչք»,-շեշտեց մեր զրուցակիցը:
Տեր Մեսրոպի խոսքով՝ շատ զգուշորեն է մոտեցել «Նարեկ»-ի թարգմանությանը. «Իհարկե, այլ թարգմանություններ էլ կան՝ արեւմտահայերեն եւ արեւելահայերեն, որոնց հետ առնչվել եմ դեռեւս դպրոցական-ուսանողական տարիներից: Միշտ ունեցել եմ անբավարարվածության զգացողություն, որովհետեւ կտրատվել է հեղինակի միտքը, խաթարվել մտքի ընթացքը: Կան թարգմանական շատ սխալներ: Ամեն թարգմանիչ իր բացահայտումներն է բերում, ես օգտվել եմ նրանցից բոլորից: Տեղյակ եմ բոլոր թարգմանական ճիգերին, որոնք գործադրվել են ավելի քան հարյուր տարի: 1902թ.-ին Միսակ Գոչունյանն առաջին անգամ «Նարեկ»-ը թարգմանել է արեւմտահայերեն: Հետո՝ սովետական տարիներին, եղել են արեւելահայ թարգմանություններ, որոնցում տուրք է տրվել այն բանին, թե «Նարեկ»-ը բանաստեղծական գիրք է՝ պոեմ…այդպես սկսել են թարգմանել հանգավորած, մինչդեռ այն արձակ ստեղծագործություն է՝ աղոթագիրք»:
Կարդացեք նաև
Տեր Մեսրոպի բնորոշմամբ՝ այդ թարգմանությունները կրել են տվյալ շրջանի ազդեցությունը. «Մի խոսքով, ուղղակի անհրաժեշտություն էր հոգեւոր եւ աստվածաբանական մոտեցմամբ թարգմանել «Նարեկ»-ը՝ փոխանցելով այն, ինչ ասում է հեղինակը, ոչ թե հեղինակի ասածի հիման վրա նոր ստեղծագործություն գրել: Թարգմանությունը լռության արվեստ է: Թարգմանիչը ոչինչ չպետք է ասի: Եթե կարդում ես թարգմանությունը եւ «տեսնում» թարգմանչին, ուրեմն դա լավ թարգմանություն չէ: Ճիշտ թարգմանությունն ապակի է, որի միջոցով անխաթար կերպով տեղի է ունենում շփում՝ հեղինակի եւ ընթերցողի միջեւ»:
Տեր Մեսրոպ քահանան հավելեց, որ «Մատյան ողբերգության» ստեղծագործության գրաբարով գրված բնագիրն ինքնին այնքան բարդ է, որ գրաբարին լավ տիրապետողներն անգամ դժվարիմաստ հատվածները չեն հասկանում. «Գրաբարով Նարեկացի հասկացողների թիվը շատ սահմանափակ է: Բնականաբար, թարգմանությունը տեղին է, որպեսզի այսօրվա ընթերցողները եւս հասկանան»: Ի դեպ, «Նարեկ»-ն 1-ին անգամ արեւելահայերեն է թարգմանել հոգեւորականը՝ ի դեմս Տեր Մեսրոպի: Մինչեւ գրքի երեւանյան շնորհանդեսը նա եղել է Վանա լճի ափին՝ Նարեկավանքում, եւ այն սրբավայր-քարայրում, որտեղ ճգնել է Գրիգոր Նարեկացին:
https://www.facebook.com/aravot.am/videos/431020984149561/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ