«Ամենակարևորը մարդկային ներուժն է: Տավուշի ամենամեծ առավելությունն այն մարդիկ են, որոնք ապրում են Տավուշում, այն մարդիկ են, որոնք պահում են սահմանը, արժեք են ստեղծել ու ստեղծում, առաջին հերթին շնորհակալությունն այդ մարդկանց, որոնց շնորհիվ մենք շարունակելու ենք զարգացումը մեր մարզի, մեր աշխարհի եւ տանելու ենք առաջ»,-այսօր Դիլիջանում կազմակերպված «Իմ քայլը հանուն Տավուշի» բիզնես-համաժողովի ժամանակ ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Մարզպետը մեծ էկրանին ցուցադրեց Տավուշն ու թվարկեց մարզի ներդրումային հնարավորություններն ու առավելությունները՝ կոչ անելով ներդրումներ անել Տավուշում, ասաց, որ մտադիր են գործարկել Բագրատաշենի օդանավակայանը, որը յոթ ու կես հեկտար տարածք է զբաղեցնում, որը ոչ միայն մեր երկրի, այլեւ տարածաշրջանի համար կարեւոր կլինի:
Մարզպետը նաեւ նշեց, որ մարզում բնությունն իրենց շռայլորեն պարգեւատրել է եւ մնացածը մնում է մարդուն, նրա համարձակությանը, կամքին, երազանքի կարողությանը:
«Մենք կարող ենք Տավուշը դարձնել լավագույն վայրը, ամենաբարձր կյանքի որակ ունեցող տարածաշրջանը»,-ասաց նա՝ նշելով, որ Աղստեւի հովիտը ՀՀ-ի ամենամեղմ կլիմա ունեցող տարածաշրջանն է: Ասաց նաեւ, որ զբոսաշրջության վերաբերյալ 17 անվանակարգերով ծրագրեր ունեն, որոնք առաջ են տանում. «Մեկ տարի հետո, եթե իրականացված չլինեն, ապա գոնե իրականության շեմին պետք է լինեն, և այդ ներուժը տալիս է ոչ միայն բնությունը, այլեւ մարդիկ»:
Հայկ Չոբանյանի խոսքով, տարիներ առաջ մի հետազոտություն են իրականացրել, որի համաձայն՝ մեր անտառները ունեն 300 միլիոն եվրո մթերքի հնարավորություն. «Սա միայն մթերքով է հաշվված՝ կա հավելյալ արժեք, որն առաջանում է վերամշակման արդյունքում»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ