Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ նախկին անդամ․ Քաղաքական իշխանությանը երբ ինչ պետք է լինում, այնպես էլ մեկնաբանում է․ «Հրապարակ»

Հունիս 22,2019 12:54

Հարցազրույց Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանի հետ.

– Վահե Գրիգորյանն ասում է, որ ՍԴ-ում ընդամենը 2 դատավոր կա, մյուսներն «անդամ» են, հետեւապես՝ պետք է լուծում տրվի նոր օրենսդրությանը համապատասխան, ՍԴ դատավորներ պետք է ընտրել։

– Անկեղծ որ ասեմ, ես 1995 թվականից 3-4 հարցազրույց ունեմ, որոնցում ասել եմ, որ մեր իշխանություններն ամբողջությամբ ոտնահարում են մեր միջազգային պարտավորությունները, որովհետեւ այնտեղ գրված է, որ ՍԴ դատավորը պետք է ունենա բարձրագույն իրավաբանական կրթություն։ Բայց քանի որ իշխանության աշխարհայացքն այնպիսին էր, որ ոչ բոլորը պետք է լինեին ՍԴ անդամներ, փոխվեց, եւ 3 հոգի նշանակվեցին ոչ իրավաբաններ՝ Գագիկ Հարությունյանը, որը տնտեսագետ է, Վալերի Պողոսյանը՝ ֆիզիկոս, Ռաֆայել Պապայանը՝ բանասիրական գիտությունների թեկնածու։

Այն ժամանակ ես ասել եմ, թե դա ինչ քաղաքական նպատակ ունի։ Բայց ես չեմ կարող պնդել, որ դա ապօրինություն է, ինչո՞ւ․ որովհետեւ դա ժողովրդի կողմից վավերացվել է Սահմանադրության ընդունման ժամանակ։ Ես միշտ հայտարարել եմ, որ առաջին երկու սահմանադրությունները հակաօրինական, հակաիրավական են, քանի որ հռչակագիրը սահմանել է, որ մենք պետք է ունենանք խորհրդարանական կառավարում, իսկ Սահմանադրության 12-րդ հոդվածն ասում է, որ սույն հռչակագիրը հիմք է հանդիսանում գործող սահմանադրության մեջ փոփոխություն իրականացնելու եւ նոր սահմանադրության մշակման համար․․․ Հիմա ստացվել է այնպես, որ ժողովուրդը հանրաքվեով ընդունեց այդ Սահմանադրությունը, իսկ ժողովրդի կամքից վեր ոչ մի բան գոյություն չունի։

Հիմա այսօրվա իրավիճակում գործող իրավաքաղաքական լուծումները բավարար չեն, իսկ իշխանության համար դժվար չէ այդ գործընթացն իրավական տեխնիկայի առումով ի մի բերել եւ ասել՝ հարցն այսպես է։

– Եթե ավելի պարզ ձեւակերպեք՝ քանի դեռ հանրաքվե չի իրականացվել, գործող կարգավորումներով հնարավոր չէ՞ հասնել այն նպատակների իրագործմանը, որը նախանշեց Վահե Գրիգորյանը՝ ՍԴ նախագահի, անդամների հրաժարականներ։

– Ախր, այս ընթացքում այնքան դեպքեր տեղի ունեցան, որոնք Սահմանադրությանը չէին համապատասխանում, բայց հասարակությունը շատ նորմալ ընդունեց դրանք։ Օրինակ, Երեւան քաղաքի դատարանների վերացումը, մեկ դատարան թողնելը։ Բացեք Սահմանադրության անցումային դրույթները՝ այնտեղ հստակ գրված է, թե մինչեւ երբ են պաշտոնավարում դատարանների նախագահները, բայց նրանց պաշտոնավարման ժամկետը դեռ չլրացած՝ մինչեւ թոշակի տարիքին անցնելը, դրեցին՝ նրանց ժամկետը կրճատեցին Սահմանադրությամբ, լուծարեցին դատարանները։ Որեւիցե մեկը հասարակության մեջ ձայն բարձրացրե՞ց, թե ինչու ժամկետից շուտ նման բան արեցին։ Ասելիքս այն է, որ աղմուկ է բարձրացվում այն հարցերի շուրջ, որոնք հասարակության մեջ կասկածի ենթակա են։

– Հիմա կոնկրետ այս պարագայում հնարավո՞ր է, թե՞ ոչ։

– Ես մի բան գիտեմ, որ օրենքը պետք է լինի իրավական, այդ հարցին սկզբունքորեն պատասխանելու համար պետք է քննարկենք հետեւյալ հարցը՝ իրավակա՞ն էր արդյոք Սահմանադրությամբ ընդունված այն որոշումը, որ ՍԴ անդամների մի մասը պիտի պաշտոնավարի մինչեւ 65 տարեկանը, մի մասը՝ 75, մի մասն էլ՝ մինչեւ 12 տարին լրանալը՝ անկախ տարիքից։ Սա խոսում է այն մասին, որ տվյալ խնդրի լուծման մեջ իրավական հիմք չկա։ Եթե բոլորին հավասարազոր լիներ, դա ուրիշ հարց։

Ինչ վերաբերում է «ՍԴ անդամ» եւ «դատավոր» հասկացություններին, ես պատասխանեցի, որ քաղաքական իշխանությանը երբ ինչ պետք է լինում, այնպես էլ մեկնաբանում է, եւ միշտ հաղթում է մեծամասնության կարծիքը։ Ես կողմնակից եմ, որ թեկուզ տեխնիկական թվացող հարցերը լուծվեն իրավական ճանապարհով, այսինքն՝ փոփոխություն մտցնել Սահմանադրության մեջ, եւ այն նորմերը, որոնք պետք է փոփոխվեն հանրաքվեով, հանրաքվե անեն, որոնք կարող են ընդունվել ԱԺ-ով, այդ ճանապարհով լուծվեն։ Բայց հեղափոխական շրջանն էլ իր օրենքներն ունի։

 

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930