Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Մարկեդոնովը մեկնաբանեց, թե Ռուսաստանում ինչու են ցավագին ընդունում Հայաստանի հեղափոխությունը

Հունիս 22,2019 11:16

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտի Եվրո-Ատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը երեկ հայկական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանեց, թե Ռուսաստանում ինչո՞ւ են ցավագին ընդունում Հայաստանում հեղափոխությունը:

«Իմ հայ գործընկերներից շատերն ինձ հարցնում են, թե Ռուսաստանում ինչո՞ւ են այդքան ցավագին ընդունում հեղափոխությունը, զանգվածային բողոքները: Հավանաբար, այն պատճառով, որ Ռուսաստանը որոշակի փորձ է կուտակել, երբ զանգվածային բողոքները կազմակերպվել են որոշակի կոնկրետ արտաքին շահերով: Զանգվածային բողոքներ եղել են, կան ու կլինեն միշտ: Սակայն հաճախ դրանցից օգտվում են արտաքին խաղացողները, ինչպես եղել է Վրաստանի եւ Ուկրաինայի դեպքում: Այստեղից էլ՝ այդ բացասական փորձառությունը:

Հայաստանում իշխանական կաբինետներ եկած նոր ղեկավարներից շատերը այս կամ այն կերպ կապված են  Ամերիկայից կամ միջազգային կառույցներից ֆինանսավորվող կազմակերպությունների հետ՝ «Թրանսփարենսի Ինտերնեյշնըլ» կամ Սորոսի հետ կապված կառույցներ…Այսինքն, շատերը ներկայացնում էին «Ելքը», որը քննադատում էր հենց եվրասիական ինտեգրացման նախագծերը: Այստեղից էլ գալիս էր զգուշավորությունը:

Բայց ես ուզում եմ համեմատել հեղափոխական իրավիճակները Վրաստանում, Ուկրաինայում եւ Հայաստանում: ՆԱՏՕ-ի վեկտորները Վրաստանում եւ Ուկրաինայում ի հայտ են եկել ոչ թե հեղափոխության ժամանակ, ոչ էլ դրանից հետո, այլ շատ ավելի վաղ: Էդուարդ Շեւարդնաձեն դեռ 1999 թվականին էր հայտարարում, որ իրենք կթակեն ՆԱՏՕ-ի դռները: Այդ ժամանակ Միխայիլ Սաակաշվիլին Վրաստանի առաջնորդը չէր: Մինչեւ Վարդագույն հեղափոխություն դեռ չորս տարի կար, բայց գաղափարն արդեն շրջանառության մեջ էր դրվել: 2008 թվական: ՆԱՏՕ-ի բուխարեստյան վեհաժողովում Ուկրաինային Վրաստանի հետ միասին անդամություն են խոստանում: Ժամկետներ չեն նշվում, բայց ասում են, որ կլինի: Այդ ժամանակ մինչեւ Եվրամայդան դեռ 5-6 տարի կար:

Հայաստանում պրոնատօական շարժումներ չեն եղել մինչեւ անցած տարվա իրադարձությունները: Ավելին, ոչ Վրաստանը, ոչ Ուկրաինան ՀԱՊԿ-ի եւ ԵՄ-ի անդամ չեն եղել, իսկ Հայաստանը եղել է: Եվ, վերջապես, աշխարհագրությունը, որ Հայաստանի համար ոչ միայն խորթ մայր է, այլեւ՝ չար խորթ մայր, որովհետեւ չորս սահմաններից երկուսը փակ են: Եվ ոչ մի Փաշինյան, ոչ մի Ծառուկյան եւ ոչ մի Սարգսյան այդ փաստը չեղարկել չեն կարող, եթե անգամ դա շատ ցանկանան»,-ասաց փորձագետը:

Սերգեյ Մարկեդոնովը նշեց նաեւ Ռուսաստանի կողմից զգուշավորության դրսեւորումների այլ պատճառներ, որոնց թվում որպես փորձագետ խոսեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված իրավիճակի՝ քրեական հետապնդման մասին: Այդ իրավիճակը, նրա տեսանկյունով, կապված է նաեւ Հայաստանում դատական համակարգի եւ դրա բարեփոխման հետ, ինչը լայնորեն քննարկվում է Հայաստանում: «Ասում են, թե ինչու է Ռուսաստանը Քոչարյանի գործին հետեւում, դա ներքին խնդիր է: Նախ եկեք երեւակայությունների մեջ չընկնենք: Երբ մենք խոսում ենք դաշնակիցների մասին, ապա դաշնակից երկրներում ներքին գործերը  մեզ ավելի են հետաքրքրում, քան Նոր Զելանդիայի կամ Ավստրալիայի: Եթե տվյալ դեպքում Հայաստանը ՀԱՊԿ-ի, ԵՄ անդամ է, այստեղ Ռուսաստանի ռազմական ներկայություն կա, նշանակում է, դա Ռուսաստանին ավելի շատ է հետաքրքրում: Ռուսաստանն ինչի՞ց է զգուշանում: Ոչ թե նրանից, որ այստեղ ժողովրդավարություն չի ուզում: Մի քանի անգամ իշխանություն փոխվել է Աբխազիայում, Օսեթիայում: Ռուսաստանն այդ գործընթացին չի խանգարել եւ նոր լիդերների հետ հարաբերություններ է ստեղծել: Արդյո՞ք Պուտինը դադարել է շփվել Փաշինյանի հետ: Իմ կարծիքով նրանց շփումներն ավելի հաճախակի են դարձել, քան Պուտինը հանդիպում էր Սարգսյանի հետ: Կամ նայենք Դավիթ Տոնոյանի եւ Սերգեյ Շոյգուի հարաբերություններին՝ կապերն ավելի են խորացել:

Անհանգստացնում է այն, որ հեղափոխական նպատակահարմարության սկզբունքները, որ սկսել են տարածվել Հայաստանում, կարող են բերել այսպես կոչված սլաքավարներին պատժելուն, ընտրովի արդարադատության: Դա արդեն վտանգավոր է, որովհետեւ ընտրովի արդարադատությունը հանգեցնում է նրան, որ ի հայտ են գալիս դժգոհներ, ինչը նշանակում է, որ ներքին հակամարտության հնարավորություն է առաջանում: Չմոռանանք, որ Հայաստանը ներգրավված է ղարաբաղյան հակամարտության մեջ: Հակառակ կողմը կարո՞ղ է այդ ներքին հակամարտությունն ինչ-որ ձեւով օգտագործել: Կարող է: Ռուսաստանին պե՞տք է   իրավիճակի սրում Ղարաբաղում: Իհարկե, պետք չէ: Այստեղից էլ մտահոգությունը: Ես որպես մասնավոր անձ, փորձագետ իմ անձնական դիրքորոշումը կարող եմ արտահայտել: Չեմ համարում, որ համակարգային խնդրի համար մեկ մարդուն որպես ինչ-որ խորհրդանիշ դատելը  ճիշտ է: Այն, ինչ կատարվել է  2008-ի մարտին, համակարգային խնդիր է, որի համար պատասխանատվություն կրում է իշխանությունը եւ ընդդիմությունը նույնպես: Սա համակարգային խնդիր է, որը որակյալ բուժման կարիք ունի, այլ ոչ թե վիրահատական կոշտ ներգործության», – ասաց Սերգեյ Մարկեդոնովը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930