«Վաշինգտոնյան հանդիպումը պետք է դիտարկել նախորդ հանդիպումները շարունակելու տրամաբանության մեջ»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը
– Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման նախօրեին Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ ինքն անհամբերությամբ է սպասում նախարարների հանդիպմանը և, որ. «Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»: ԱՄՆ-ը կհաջողի՞ Արցախի հարցում ՌԴ-ից վերցնել «առաջին ջութակի» դերը:
– Վաշինգտոնյան հանդիպումը պետք է դիտարկել նախորդ հանդիպումները` Մոսկվա և Փարիզ, շարունակելու տրամաբանության մեջ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները ձգտում են հավասարակշռություն պահպանել ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցությունների նախաձեռնություններում, և այս փուլում առաջատարի դերակատար առանձնացնելը տեղին չէ: Իհարկե, համանախագահող երկրներից յուրաքանչյուրը Հարավային Կովկասում ունի սեփական աշխարհաքաղաքական հետաքրքրությունները, սակայն պետք է ընդգծենք, որ ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի շահերը տարածաշրջանում կայունության պահպանման հարցում համընկնում են, ինչը շատ կարևոր գործոն է հիմնախնդրի լուծման համար:
– ԱԳ նախարարների հանդիպումից առաջ ՀՀ ԱԳՆ-ն անհանգստություն էր հայտնել, որ «Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական դատապարտելի խախտումները և սադրիչ գործողությունները, որոնք վերջին օրերին պատճառ են դարձել մարդկային անդառնալի կորուստների և հանգեցրել շփման գծում իրավիճակի լուրջ լարմանը, ձևավորել են հանդիպմանն ընդառաջ ոչ նպաստավոր միջավայր»։ Առաջնագծում վերջին շրջանում կրկին լարվածությունն ավելացնելով` ի՞նչ ուղերձներ է հղում Ադրբեջանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք նախարարների հանդիպումը, ի՞նչ սպասելիքներ կային:
Կարդացեք նաև
– Յուրաքանչյուր հանդիպումից առաջ լարվածության աճ ու հրադադարի պարբերական խախտումներ հրահրելով` Ադրբեջանը ցույց է տալիս, որ անգամ եթե բանակցություններ են ընթանում, նա շարունակում է պատրաստվել նոր պատերազմի: Մենք պետք է մշտապես պնդենք, որ հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանումը բանակցությունների ընթացքի համար կարևոր նախապայման է: Սա, կարծում եմ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համար եւ պետք է առաջնահերթություն լինի: Բանակցային գործընթացի առկախված իրավիճակում ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պարբերական հանդիպումները ողջունելի են, սակայն բանակցությունների ամբողջական պատկեր ու շոշափելի առաջընթաց կարող ենք ունենալ միայն այն դեպքում, երբ Արցախն ուղղակիորեն ներգրավված լինի գործընթացում:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պարբերաբար հանդիպում են Արցախի իշխանությունների հետ, մշտական խորհրդատվություններ են տեղի ունենում Արցախի և ՀՀ իշխանությունների միջև և ստացվում է այնպես, որ այս շղթայի մեջ բացակայում է միայն հակամարտության հիմնական կողմերի՝ Արցախի ու Ադրբեջանի միջև շփումը: Մինչդեռ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման տրամաբանությունից ելնելով, ինչպես բազմիցս նշվել է ՀՀ վարչապետի կողմից` կա հարցերի լայն շրջանակ, որի հասցեատերը հենց Արցախն է, ինչը ենթադրում է, որ պետք է լինի երկխոսություն այս երկու սուբյեկտների՝ Արցախի ու Ադրբեջանի միջև:
– Այս ամսվա սկզբին տեղի ունեցան թուրք-ադրբեջանական զորավարժություններ, որոնք թվով երկրորդն էին։ Ի՞նչ ուղերձ է սա:
– Ակնհայտ է, որ Թուրքիան շատ է օգնում Ադրբեջանի բանակի վերազինմանն ու վերապատրաստմանը: Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները հաստատում են, որ հայկական կողմերի դիրքորոշումն առ այն, որ Թուրքիան չի կարող անկողմնակալ միջնորդ հանդիսանալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, լիովին հիմավոր է: Նման իրավիճակում, գուցե ամենահարմար պահն է, որպեսզի հայկական կողմից բարձրացվի Թուրքիային Մինսկի խմբի անդամ երկրների կազմից հանելու հարցը:
Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
22․06․2019 թ․