Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ներքին եւ արտաքին քաղաքականության ոլորտներում Փաշինյանը ստիպված է դիմակայել մի շարք վիճահարույց բանսարկությունների․ «Ազգ»

Հունիս 22,2019 10:45

Մի քանի շաբաթ Հայաստանում անցկացնելը հնարավորություն ընձեռեց ծանոթանալու շարունակվող գործընթացների հետ, որոնք լուրերի հիմնական կորիզն են կազմում, սակայն, դժբախտաբար, այդ լուրերը ոչ միշտ են ճիշտ եւ անկողմնակալ: Հայաստանում կարելի է հայտնվել քաղաքականության մի յուրահատուկ լաբիրինթոսում, որտեղ լրատվամիջոցները կեղծ լուրերի (fake news) հետեւից են ընկած, իսկ բանավիճողները մեկնաբան-վերլուծողների դերն են կատարում: Այդ խառնաշփոթի մեջ հայտնվելով դժվար է խելամիտ, առողջ դատողության տեր մեկին գտնել, որ անկողմնակալ տեղեկություն եւ բանիմաց մեկնաբանություն տրամադրի:

Հայաստանից վերադառնալուց հետո է, որ ժամանակն ու հեռավորությունը «մաղում» են հավաքված տեղեկությունները եւ թույլ տալիս ավելի անաչառ ու ճշգրիտ պատկերացում կազմել երկրում տեղի ունեցող քաղաքական վերիվայրումների մասին:

Տարաձայնությունների ու շփոթ իրավիճակի նման պղտոր մթնոլորտում նախկին վարչակազմի առաջնորդներն ու նրանց համախոհները վերակազմավորվում են հետ գալու մտադրությամբ: Նոր կուսակցություններ են առաջ գալիս եւ նոր դաշինքներ են կնքվում:

Դուրս գալով ներքին այս ճահճից անհրաժեշտ է կենտրոնանալ նաեւ արտաքին քաղաքական մարտահրավերների վրա, որոնց Հայաստանը պարտավոր է դիմակայել: Նախագահ Վլադիմիր Պուտինը զուսպ է իր արտահայտություններում, բայց իրեն համախոհ լրատվամիջոցները՝ ոչ: Դրանցից մեկում Քոչարյանին ներկայացրել էին որպես «հետ-խորհրդային ժամանակաշրջանի առաջին քաղաքական բանտարկյալի»:

Իսկ Ղազախստանում վերջերս կայացած Եվրասիական տնտեսական միության անդամների հավաքի ժամանակ անհարմար իրավիճակ էր ստեղծվել Փաշինյանի համար, որին, ուրիշ առաջնորդների շարքում, պետք է մեդալով պարգեւատրեին, բայց չպարգեւատրեցին: Նաեւ հանդիպում պետք է տեղի ունենար նախագահ Պուտինի հետ, բայց տեղի չունեցավ:

Ինչքան էլ փորձի Փաշինյանը Պուտինի բարեհաճությանը արժանանալ, միեւնույն է՝ վերջինս ցուցադրաբար իրեն հեռու է պահում նրանից:

Փաշինյանն արդեն բավական թանկ վճարեց Յուրի Խաչատուրովի հարցի վերաբերյալ իր հապճեպ որոշման համար: Հիմա էլ Արեւմուտքի հետ հարաբերությունները բարելավելու ցանկությամբ, մեծանում են ռիսկերը Կրեմլի ղեկավարութան հետ սերտացնելու բարեկամական հարաբերությունները:

Հայաստանը որոշապես պարտական է Ռուսաստանին, որն իր ամենամեծ առեւտրային գործընկերն է: Միաժամանակ Հայաստանը շատ բան չունի վաճառելու Մ. Նահանգներին եւ Արեւմուտքին ընդհանրապես: Իսկ Արեւմուտքից ընդամենը կարող է ակնկալել որոշ ներդրումներ՝ իր տնտեսության ենթակառուցվածքներում: Մ. Նահանգների առատաձեռնությունը այնքան շռայլ չէ, բայց Ռուսաստանում հասկանում են, որ Հայաստանը փորձում է ձերբազատվել Կրեմլի ազդեցության շրջանակներից: Փաշինյանը ծրագրում էր տեսակցել Պուտինի հետ եւ ամրացնել իր քաղաքական դիրքը Սանկտ Պետերբուրգում կայացած 19-րդ միջազգային տնտեսական ֆորումի ընթացքում: Նրա ելույթը ֆորումում համոզիչ էր, բայց հանդիպումը Պուտինի հետ, թեեւ սիրալիր, շատ կարճ էր: Պուտինն անմիջապես հիշեցրեց Փաշինյանին, որ Ռուսաստանն էր Հայաստանի հիմնական բիզնես գործընկերը եւ ներդրել էր 2 միլիարդ դոլար: Փաշինյանն իր հերթին նշեց, որ այս տարի Հայաստանն ունեցել էր 7.1 տոկոսի աճ եւ ապրիլ ամսվա թվերը նույնիսկ ավելի բարձր էին՝9.2 տոկոս տնտեսական ակտիվության աճ: Նա տնտեսության հաջողության այդ ցուցանիշները վերագրեց ԵԱՏՄ-ի միջոցով Ռուսաստանի հետ սերտ համագործակցության:

Բայց կարճատեւ հաճոյախոսությունների այս ֆոնին, Կրեմլը մեկ այլ անակնկալ էր պատրաստել: Համաձայն «lragir.am»-ի Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանից նոր ռազմամթերք էր ակնկալում, ոչ «Իսկանդարներ», որոնցից բավականաչափ ունենք, բայց դրանցից ոչ պակաս կարեւորության այլ զենքեր: Նա նշեց, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ խոսել է այդ մասին: Հավանաբար այս հայտարաությունն էր պատճառը, որ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան շրջանցեց ֆորումում Փաշինյանի ելույթը, որին անմիջապես անդրադառնալով, նա ուղղեց իր սխալը, սակայն հնարավոր չէր թաքցնել տեղի ունեցածը:

Պուտինը վարպետ քաղաքագետ է: Փաշինյանը չի կարող հաղթական դուրս գալ նրա հետ «մուկն ու կատվի» այս խաղից:

Ինչպես տեսնում ենք, ներքին եւ արտաքին քաղաքականության ոլորտներում Փաշինյանն ստիպված է դիմակայել մի շարք վիճահարույց բանսարկություններ ու իրադարձություններ: Հայաստանը կարիք ունի կենտրոնանալու քաղաքականության բնագավառում, ամրապնդելու իր դիրքերը եւ համախմբելու ուժերը, որպեսզի կարողանա դիմագրավել մարտահրավերները եւ ընթանալ վերականգնման ճիշտ ուղիով:

Ոչ ոք չպետք է ուրախանա Փաշինյանի ձախողումների համար, որովհետեւ այդ ձախողումները կարող են դառնալ ամբողջ Հայաստանի ձախողումները:

 

Երվանդ ԱԶԱՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930