Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը դեռեւս չի ներկայացրել իր հայեցակարգը Սփյուռքի նկատմամբ․ «Ազգ»

Հունիս 22,2019 10:15

Անցնող շաբաթվա ընթացքում Սփյուռքի հետ անմիջականորեն կապված երկու իրադարձություն արձանագրվեց Հայաստանում: Առաջինը՝ վարչապետը նշանակեց Սփյուռքի գծով հանձնակատար, որը փոխարինելու է գալիս փակված կամ կրճատված Սփյուռքի նախարարությանը, կառավարման այդ ոլորտը դնելով բացառապես իր անմիջական վերահսկողության տակ: Երկրորդը՝ 28-րդ անգամ գումարվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նիստը՝ առավելաբար տեսական բնույթի առաջադրանքների մթնոլորտում, առանց գործնական ծրագրերի հայտածումի:

Ու քանի որ այդ երկու իրադարձություններն էլ անցան ներքաղաքական լարվածության ընթացիկ բորբոքումների մթնոլորտում («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումար, Ռոբերտ Քոչարյանի դատական գործ, Ռուսաստանի դեսպանի հանդիպում ՀՀ երկրորդ նախագահի հետ եւ դրան հետեւած «դիվանագիտական սկանդալ», բողոքի մեծ ու փոքր ցույցեր, լեզվակռիվներ եւ այլն), ապա կարիք կա գոնե հակիրճ անդրադառնալու մեր լայն հասարակության ուշադրությանը թերի ներկայացված, բայց համազգային առումով խիստ կարեւոր այդ երկու իրադարձություններին:

Ոչինչ ասած չենք լինի, եթե չասենք, որ Սփյուռքի գծով վարչապետի հանձնակատար Զարեհ Սինանյանի նշանակումը միանշանակ չընդունվեց առավելաբար Սփյուռքը ներկայացնող քաղաքական եւ հասարակական որոշ շրջանակների կողմից: Մինչ, օրինակ, դաշնակցական շրջանակներից գոհունակության ձայներ էին հնչում Գլենդեյլի նախկին քաղաքապետ եւ քաղաքային խորհրդի անդամ Զ. Սինանյանի նշանակման առթիվ, Հնչակյան կուսակցության Կալիֆոռնիայի վարչությունը առանձին հայտարարությամբ (տեսՙ մեր 2-րդ էջը) դժգոհութուն էր հայտնում եւ բացատրում այդ դժոհության պատճառը՝ նորանշանակ հաձնակատարը դաշնակացականամետ դիրքորոշում է ունեցել իր նախկին պաշտոնավարության ընթացքում: Եղան նաեւ այլ առարկություններ, ինչպես՝ հանձնակատարի ԱՄՆ-ից լինելը կարող է դուր չգալ ռուսներին, նրա՝ ամերիկյան մեկ գաղթօջախից (հայաստանցիներին հարազատ արտահայտությամբ՝ Լոսից) լինելը անտեսվելու ենթակա է դարձնում մեր մյուս՝ եվրոպական, միջինարեւելյան եւ իրանահայ գաղթօջախները, եւ այլն, եւ այլն:

Մի կողմ թողնելով այդ եւ մյուս բոլոր վերապահությունները՝ պետք է նկատել, որ նորանշանակ հանձնակատարը, լինելով ճարպիկ, ամերիկյան ներքաղաքական հարցերում հմուտ գործիչ, դեռեւս մեզ չի ներկայացրել իր հայեցակարգը Սփյուռքի նկատմամբ, ինչը չի արել նաեւ, ավելի կարեւորը, վարչապետը, որը, իմ տպավորությամբ, նրան պաշտոնի է կոչել բացառապես անձնական համակրանքի, այսպես կոչված՝ «թավշյա հեղափոխությանը» Լոսի՝ նախկին հայաստանցիների եւ հատկապես Wellfare-ից կախյալ զանգվածի համակրական-խոսքային աջակցությունից տպավորված: Դա նաեւ արդյունք է Սփյուռքը չճանաչելու, ճանաչելու կարիքը չգիտակցելու: Համենայնդեպս, հենց որ վարչապետն ու հանձնակատարը կներկայացնեն Սփյուռքի նկատմամբ իրենց հայեցակարգը եւ կսկսեն գործել, հայնժամ մենք կկարողանանք գնահատել այդ նշանակման եւ ընդհանրապես այդ պաշտոնի ստեղծման նպատակահարմարությունը:

 

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930