Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը և մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը նշանակված բոլոր նախկին ՎՊ խորհրդի անդամները պաշտոնավարում են Սահմանադրության խախտմամբ․ Հայկ Արամյան

Հունիս 22,2019 09:30

Քանի որ ակտիվորեն քննարկվում է Սահմանադրության մեջ տեղ գտած վրիպումների և դրանց հետևանքների հարցը, պատեհ առիթ է բարձրաձայնել նաև Սահմանադրության տեքստում առկա ևս մեկ վրիպման և արդյունքում ՝ Սահմանադրության փաստացի խախտման ևս մեկ դրվագի մասին։

Սահմանադրության՝ եզրափակիչ և անցումային դրույթների վերաբերյալ 16-րդ գլխի 220-րդ հոդվածի երկրորդ նախադասության համաձայն՝ «Վերահսկիչ պալատի անդամները շարունակում են պաշտոնավարել որպես Հաշվեքննիչ պալատի անդամներ»։

Սահմանադրության ընդունման պահին գործող օրենսդրությամբ և նաև դրանից հետո երբեք գոյություն չի ունեցել «վերահսկիչ պալատի անդամ» եզրույթը։

Հայկ Արամյան

Այսպես․

Վերահսկիչ պալատի մասին՝ այժմ չգործող օրենքի համաձայն, գոյություն ուներ «Վերահսկիչ պալատի ԽՈՐՀՐԴԻ անդամ» հասկացությունը, որին՝ համաձայն Վերահսկիչ պալատի մասին օրենքի, նշանակում էր Հանրապետության նախագահը, և այդ հրամանագրի տեքստում հստակ նշվում էր, որ անձը նշանակվում է վերահսկիչ պալատի ԽՈՐՀՐԴԻ անդամ։

Թե ինչ է նկատի առնվում ՝ «ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ շարունակում են պաշտոնավարել որպես Հաշվեքննիչ պալատի անդամներ» նախադասությամբ, մնում է միայն ենթադրել։

Օրինակ, ցանկության դեպքում, «Վերահսկիչ պալատի անդամներ» եզրույթը կարելի է մեկնաբանել որպես Վերահսկիչ պալատի աշխատակազմի աշխատակիցներ։

Այսպիսով, Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը և մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը նշանակված բոլոր նախկին ՎՊ խորհրդի անդամները պաշտոնավարում են Սահմանադրության խախտմամբ, քանի որ նրանք երբևէ չեն ունեցել վերահսկիչ պալատի անդամի կարգավիճակ։

Հաջորդը․

Վերահսկիչ պալատի մասին օրենքի 10-րդ հոդվածի առաջին կետի համաձայն՝ մեջբերում եմ․

«Վերահսկիչ պալատի խորհուրդը բաղկացած է յոթ անդամներից՝ վերահսկիչ պալատի նախագահից, վերահսկիչ պալատի նախագահի տեղակալից և խորհրդի մյուս հինգ անդամներից։․․․»։

Եթե նույնիսկ Սահմանադրության 220-րդ հոդվածի «Վերահսկիչ պալատի անդամները շարունակում են պաշտոնավարել որպես Հաշվեքննիչ պալատի անդամներ» նախադասության մեջ «վերահսկիչ պալատի անդամներ» հասկացությունը սխալմամբ նույնացվել է «վերահսկիչ պալատի ԽՈՐՀՐԴԻ անդամներ» հասկացության հետ, ապա այստեղ այլ հարց է առաջանում․

Օրինակ՝ ինչու՞ է Լևոն Յոլյանը շարունակում պաշտոնավարել որպես Հաշվեքննիչ պալատի նախագահ, այլ ոչ թե որպես Հաշվեքննիչ պալատի անդամ, չէ՞ որ Լևոն Յոլյանը եղել է Վերահսկիչ պալատի նախագահ՝ հետևաբար վերահսկիչ պալատի խորհրդի անդամ, ուստի, ըստ Սահմանադրության 220-րդ հոդվածի պետք է շարունակի պաշտոնավարել որպես ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄ ։

Այսպես․

Սահմանադրության 13-րդ գլխի առաջին կետի համաձայն․

«Հաշվեքննիչ պալատը բաղկացած է յոթ անդամից»։

Երկրորդ կետի համաձայն․

«Հաշվեքննիչ պալատի նախագահին և մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով»:

Այսինքն՝ հոդվածի վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ Հաշվեքննիչ պալատի նախագահը հաշվեքննիչ պալատի անդամ է, բայց, բնականաբար, հաշվեքննիչ պալատի այն անդամը, որը չի ընտրվել որպես Հաշվեքննիչ պալատի նախագահ, չի կարող այդպիսի կարգավիճակ ունենալ։

Այսպիսով, քանի որ Հաշվեքննիչ պալատին վերաբերող Սահմանադրության 13-րդ գլուխը՝ ըստ Սահմանադրության 209-րդ հոդվածի 6-րդ կետի, ուժի մեջ է մտել Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, անհրաժեշտ է Սահմանադրության 199-րդ հոդվածի համաձայն Ազգային ժողովի կողմից ընտրել Հաշվեքննիչ պալատի լեգիտիմ նախագահ և համապատասխան թվով անդամներ։

 

Հայկ ԱՐԱՄՅԱՆ

Քաղաքագետ, իրավագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930