Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեր գործը խնդիրը բարձրաձայնելն է

Հունիս 22,2019 10:00

Եվս մեկ անգամ կցանկանայի հիշեցնել լրատվամիջոցների գործառույթների մասին՝ այնպես, ինչպես ես եմ դրանք պատկերացնում: Վստահ եմ, որ լրագրողի, լրատվամիջոցի գործը չէ խառնվել քաղաքականությանը, հանդես գալ ինչ-որ մի քաղաքական թիմի կողմից, նաեւ՝ միտումնավոր որեւէ մեկին ցավ պատճառել կամ դատավորի դեր ստանձնել: Մեր գործն է խնդիրը բարձրաձայնելը եւ դրա վրա հասարակության ուշադրությունը դարձնելը: Այդպիսի մի խնդիր է բոլոր քաղաքացիների՝ անկախ իրենց զբաղեցրած դիրքից եւ նյութական կարողություններից՝ օրենքի առաջ հավասար լինելը:

Օրինակ, եթե քաղաքացին որեւէ իրավապահ մարմնից հարցաքննվելու ծանուցագիր է ստանում, ապա կարեւոր չէ՝ նա հավաքարար է, ակադեմիկոս է, մեծահարուստ է, թե պատգամավոր, նա պետք է այդ ծանուցագրով ներկայանա այդ իրավապահ մարմին: ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, հավանաբար, այդ կարծիքին չէ, եւ այն արտահայտելն, իհարկե, նրա իրավունքն է: Բայց լրագրողը, տվյալ դեպքում՝ «Ազատություն» ռադիոկայանը ներկայացնող, իրավունք ունի այդ կարծիքը հարցնել, եւ կարող է դա անել 10 կամ 100 անգամ:

Պատգամավորն այս պարագայում ունի երկու տարբերակ՝ կամ հանգիստ, առանց վրդովվելու ներկայացնել իր դիրքորոշումը, կամ ասել՝ «ես հրաժարվում եմ պատասխանել այդ հարցին, տվեք, խնդրեմ, հաջորդ հարցը» (նույնպես միանգամայն ընդունելի ձեւ է): Փոխարենն այս պատգամավորը սկսում է «քշել» լրագրողների վրա՝ ակնարկելով, որ նրանք պատվեր են կատարում եւ փող են վերցնում՝ նման հարցեր տալու համար: Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ Ծառուկյանը դրական անձնավորություն է եւ լավ բիզնեսմեն, սակայն քաղաքականությունը, պատգամավորի աշխատանքը (որի բաղկացուցիչ մասն է մեդիայի հետ շփվելը), մեղմ ասած, նրա տարերքը չեն: Մեկ այլ հարց էլ կա՝ Քննչական կոմիտեն այլեւս չի պնդում, որ պատգամավորը ներկայանա հարցաքննության: «Ռիսկ չի՞ անում»:

Մեկ այլ խնդիր էլ վերջերս բարձրաձայնել է «Առավոտը»: Վայք քաղաքի հիվանդանոցը չունի դեղորայք, չունի սարքավորումներ, չունի շենքային պայմաններ, չունի որակյալ անձնակազմ: Դարձյալ հակված չենք որեւէ մեկին մեղադրելու՝ ենթադրելի է, որ խնդիրները կուտակվել են վերջին 30 տարում: Բայց հիմա, այս պահիս հարց է ծագում՝ ո՞րն է այդ հիվանդանոցի գոյության իմաստը, եթե նրա մատուցած ծառայությունները մոտ են զրոյի: Եթե, միեւնույն է, այնտեղ դիմած հիվանդին պետք է տեղափոխեն Երեւան, ընդ որում «շտապօգնության» մեքենայով, որում վառելիք չկա եւ որը չունի տարրական կահավորանք, եթե դրա համար հիվանդից պետք է պահանջեն 80.000 դրամ, ապա ինչի՞ վրա է ծախսվում պետական ռեսուրսը, հարկատուների միլիոնավոր դրամները:

Ավելի ճիշտ չի՞ լինի, մինչեւ նորմալ մարզային հիվանդանոց կառուցելը, նման քաղաքներում պահել փոքրիկ բուժկետ, իսկ ազատված գումարները ծախսել մի քանի որակյալ «շտապօգնության» մեքենաների համար:
Իսկական, քարոզչությամբ չզբաղվող լրատվամիջոցները կոչված են քննարկման առարկա դարձնել այս եւ նմանատիպ այլ հարյուրավոր խնդիրներ: Իհարկե, կան մարդիկ, որոնք ասում են, որ այդ խնդիրները գոյություն չունեն: Դա էլ է տեսակետ:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930