Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի համար այդքան կարեւոր Բուսաբանական այգին անտեսված է

Հունիս 22,2019 14:00

«Մայիս ամիսը չորային էր, հունիսը` նույնպես, հուլիսը, օգոստոսն էլ, ակնհայտ է, որ չորային է լինելու»,-ասում է բնապահպան, աշխարհագրական գիտությունների դոկտոր Կարինե Դանիելյանը` մտահոգություն հայտնելով, որ մեր երկիրը կանգնած է էկոլոգիական լուրջ խնդիրների առաջ: Նույն խնդիրները ծառացած են նաեւ մայրաքաղաք Երեւանի առջեւ, եւ եթե նոր իշխանությունները եւ նաեւ բնակիչները այս հարցին լուրջ չվերաբերվեն` էկոլոգիական աղետներն անխուսափելի կլինեն:

Տիկին Դանիլեյանը յուրաքանչյուր ընտանիքի, քաղաքացու, հիմնարկ-ձեռնարկության պատասխանատուներին կոչ է անում` ցանկացած կանաչ տարածք, կանաչ գոտի, որոնք առկա են տնամերձներում, հանրային տարածքներում, խնամել, ոռոգել ու աչքի լույսի պես պահել, քանի որ միայն քաղաքապետարանով հարցը չի լուծվի. «Պետք է բոլորը հասկանան, որ քաղաքում ուղղակի հնարավոր չէ ապրել առանց կանաչ տարածքների: Արդեն պարզ է` ինչ ամառ է մեզ սպասվում: Այսօր շատ լուրջ է ոռոգման հարցը եւ հույս դնել, որ այս չորային պայմաններում միայն քաղաքապետարանը կկարողանա պահպանել կամ ավելացնել կանաչ տարածքները, լուրջ չէ»:

Տիկին Դանիելյանի ներկայացմամբ, օրենքով մայրաքաղաքն ավելի շուտ պետք է սկսի ոռոգումը, քան` գյուղատնտեսական հանդակները, բայց մարաքաղաքին էլ ջուրը տալիս են, երբ գյուղատնտեսական ոռոգումն է սկսվում, ինչը նույնպես, բացասաբար է անդրադառնում Երեւանի կանաչ տարածքների վրա:

Մայրաքաղաքի համար, էկոլոգիայի առումով, ըստ Կարինե Դանիելյանի, կարեւոր դերակատարում ունի հատկապես Բուսաբանական այգին, որը սակայն աչքաթող է արված եւ պատշաճ խնամք չի տարվում այսպիսի հարուստ կանաչ գոտում:

Կենսաբանական գիտությունների դոկտոր Գոհար Օգանեզովայի խոսքով, Բուսաբանական այգին պատկանում է գիտության եւ կրթության նախարարությանը: Եւ այդ պատճառով, երբ քննարկվել է Շրջակա միջավայրի պահպանության բյուջեն, որին հրավիրված է եղել նաեւ տիկին Օգանեզովան, պարզել է, որ Բուսաբանական այգու մասին խոսք անգամ չկա, բայց, փոխարենը այդ երեք տարվա ծրագրում ընդգրկված է եղել Կենդանաբանական այգին:

«Մինչդեռ Բուսաբանական այգին, իր 80 հեկտար տարածքով միակ մնացած կզյակն է, որպես կանաչ գոտի, որտեղ, բացի այն որ յուրահատուկ բուսատեսակներ են աճում, այգին մայրաքաղաքի համար լուրջ դերակատարում ունի: Դեռեւս Խորհրդային տարիներից սկսած` պետությունն իր առաջ լուրջ խնդիր էր դրել այդ տարածքը միայն ավելացնել:

Եվ Բուսաբանական այգին այդ ծրագրերում չի ընդգրկվել, որովհետեւ մենք այլ նախարարության ենթակայությամբ ենք գործում»:

Տիկին Օգանեզովայի խոսքով, սակայն, Կենսաբազմազանության կոնվենցիայում, առաձին տողով սահմանված է, որ բուսաբանական այգիներն ընդգծված են, որպես այնպիսի կառույցներ, որոնք, մթնոլորտը պահպանելու առումով ունեն շատ մեծ նշանակություն:

Գոհար Օգանեզովայի խոսքով, այսօր Բուսաբանական այգին լուրջ խնդիրներ ունի` սկսած` ոռոգման համակարգից, որը գործում է խորհրդային ժամանակներից եւ ծախսատար է, քանի որ կաթիլային չէ, վերջացրած` բանվորական ուժի պակասով. «Իսկ այգին առանց խնամքի պահել, ուղղակի հնարավոր չէ»:

Տիկին Օգանեզովան նաեւ սրտնեղում է, որ Բուսաբանական այգու հարակից բնակավայրերի բնակիչներն էլ անփույթ ու անպատասխանատու են վերաբերվում այգուն`գողանալով նոր տնկած սածիլները, որոնք ֆինանսների բացակայության պատճառով բարեգործներից խնդրել-աղաչելով են ձեռք բերում. «Մարդիկ ասում են` այգին որքան ձերն է, այնքան էլ մերն է: Եվ ինչպես ուզում` վարվում են բույսերի հետ»:
Առհասարակ, թե՛ տիկին Դանիելյանը, թե՛ Գոհար Օգանեզովան, գտնում են, որ մեր երկրում բաց է էկոլոգիական կրթության մասը, որը, Կարինե Դանիելյանի համոզմամբ, պետք է սկսել մանկապարտեզներից: Նրա խոսքով, մարդը միշտ եղել է մոլորակի պաշարների սպառողը եւ, մինչեւ այս մոտեցումը մեր երկրում չփոխենք, հաջողության չենք հասնի:

«Գոյություն ունի էկոլոգիական մշակույթ, որը մեզ մոտ չկա, օրինակ` Ճապոնիայում շենքերն իրար հետ մրցակցության մեջ են ոչ թե նրա համար, թե քանի հարկանի են, այլ` թե որքանով են ծաղկապատ ու կանաչապատ: Ամբողջ շենքը կանաչապատված է»:

Կարինե Դանիելյանը ՀՌԱՀ-ին նամակ է գրել` էկոլոգիական թեմայով հեռուստահաղորդում, շարք նախատեսելու առաջարկով:

Անդրադառնալով մայրաքաղաքի էկոլոգիական վիճակին, Կարինե Դանիելյանն ասաց, որ մթնոլորտի աղտոտվածությամբ ամենավատ վիճակում Կենտրոն վարչական շրջանն է, չնայած որ այգիների մեծ մասը հենց կենտրոնում են տեղակայված: Ըստ Գոհար Օգանեզովայի, Կենտրոնի վիճակը վատթարացնում են գերշինարարությունը, շենք-շինությունների խտությունը, տրանսպորտը. «Այդ ամենի պատճառով կենտրոնում օդափոխանակություն տեղի չի ունենում»: Ըստ նրա, կենտրոնից հետո մթնոլորտի աղտոտվածությամբ Շենգավիթ համայնքն է, մասնավորապես` Չարբախ թաղամասը, 3-րդ մասը, որտեղ օդը տարիներ ի վեր աղտոտված է եղել գործարանների պատճառով, եւ այսօր էլ որոշ արտադրամասեր կան, որոնք բացասաբար են ազդում մթնոլորտի վրա: Մեր զրուցակիցների խոսքով, համեմատաբար լավ վիճակում են մայրաքաղաքի բարձրադիր գոտու վարչական շրջանները, որտեղ գոնե օդափոխանակություն կա:

Այն հարցին, թե քաղաքային նոր իշխանությունների ծրագրերն ինչպիսի՞ն են, Գոհար Օգանեզովան ասաց, որ ողջունելի է, որ իր առաջարկը` Մոնումենտի սարալանջը կանաչապատելու, տեղ է գտել նրանց ծրագրում:

Կարինե Դանիելյանի խոսքով էլ, քաղաքային իշխանությունների` կանաչապատման վերաբերյալ ներկայացրած ծրագրերը բավականին լավն են, թիրախավորված ու գրագետ` նախորդի փորձն էլ հաշվի առած, մնում է միայն իրականություն դառնա:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

21.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930