Ալբերտ Սարգսյանը Փարաքար գյուղի Ի. Գասպարյան փողոցի վրա գտնվող «Եռանկյունի» հյուրանոցային համալիրը 2016 թվականի ապրիլի 21-ին վաճառել է երեւանաբնակ Տիգրան Պետրոսյանին 720 000 դոլար գումարով: Պայմանավորվածության համաձայն՝ նրան պետք է տրվեր կանխիկ 103 000 դոլար, իսկ մինչեւ նույն տարվա օգոստոսի 15-ը մնացած գումարը: Ա. Սարգսյանին առաջարկվել էր մեկ գույք էլ, գնորդի ասելով՝ երկու հարյուր հազար դոլարի չափով անշարժ գույք, մինչդեռ իրական արժեքը 110 000 դոլար էր: Առքուվաճառքի պայմանագրի վավերացման ժամանակ, նոտարի մոտ գնորդի հետ եկել են ընկեր ներկայացած Արմեն Խաչատրյանը, Արտակ Գալստյանը՝ «Վանոյի Արտակը», որոնց Սարգսյան ընտանիքը տեսնում էր առաջին անգամ: Պայմանագրի կնքելուց հետո գումարը այդպես էլ չտրվեց, եւ երկու տարի առաջ սեպտեմբերին ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին ներկայացված «հանցագործության մասին հաղորդման» համաձայն, հարուցվեց քրեական գործ, տուժող ճանաչվեց Սարգսյան ընտանիքը: Ըստ վերջինների, Տիգրան Պետրոսյանը չի տվել մնացյալ 497 000 դոլարը: Այս պատմության մասին «Առավոտը» գրել է 2018թ. դեկտեմբերի 20-ին («Թե ինչպես են «քցել» հյուրանոցի տիրոջը. ի՞նչ կապ ունեին «Վանոյի Արտակը», «Գազի Կոլիկն» այս պատմության հետ»), երբ գործը դատական առաջին ատյանում ավարտվել էր:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը օրեր առաջ՝ հունիսի 14-ին բեկանել է ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, եւ գործն ուղարկել նոր դատարան՝ նոր քննության:
Ալբերտ Սարգսյանը եւ Արեգնազ Թորոսյանը հայցադիմում էին ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արմեն Խաչատրյանի եւ Տիգրան Պետրոսյանի` «Կողմերի միջեւ 21.04.2016 թվականի Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Ի. Գասպարյան փողոցի թիվ 30 հասարակական սննդի օբյեկտ եւ հանգստյան գոտի հասարակական նշանակության անշարժ գույքի նոտարական սեղանամատյան թիվ 1101 համարի տակ գրանցված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու հիմքով, Արմեն Խաչատրյանի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականով սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու» պահանջով, ինչպես նաեւ պատասխանողներին պարտադրելու վերադարձնել ապօրինի օգտագործվող Փարաքար համայնքի Ի. Գասպարյան փողոցի թիվ 30 հասցեում գտնվող հայցվորներին սեփականության իրավունքով պատկանող եւ ըստ կնքված պայմանագրի պատասխանողներին չվաճառված 495.6 քմ X 2,5մ բարձրության պարիսպը եւ ըստ ներկայացված օբյեկտի 04.02.2016 թվականի գույքագրման ակտով արձանագրված եւ հայցվորին չհանձնված ամբողջ գույքը, շարժական գույքը կամ հատուցել դրա արժեքը՝ ըստ 21.01.2016 թվականին ներկայացված արժեքների։
Հայցվոր Սարգսյանները պահանջել էին ճանաչել իրենց սեփականության իրավունքը՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վաղարշապատի ստորաբաժանման կողմից տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի:
Կարդացեք նաև
Դատական գործընթացի ժամանակ, հայցվոր կողմը միջնորդել էր կիրառել հայցի ապահովում, արգելանք դնել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Ի. Գասպարյան փողոցի թիվ 30 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա` արգելելով այն օտարել։
Դատարանի 2016 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ միջնորդությունը բավարարվել էր։
Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Հովհաննես Մելքոնյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստերից մեկի ժամանակ, հայցվոր Սարգսյանները հայտնել. էին. «Երբ Պետրոսյանը խուսափողական վարքագիծ սկսեց դրսեւորել, իրենց հեռախոսազանգերին սկսեց չպատասխանել, ստիպված էինք դիմել օբյեկտի գնորդ Արմեն Խաչատրյանին: Պարզվեց, որ օբյեկտը շահագործողն ամենեւին էլ նա չէ, ոչ գործարք կնքող Արմենը, ոչ Տիգրան Պետրոսյանը, այլ ինչ-որ Նիկոլայ: Այդ Նիկոլայը, փաստորեն, ապօրինաբար սկսել էր շահագործել իրենց գույքը: Ըստ Նիկոլայի հայտարարության, ինքը օբյեկտը գնել է Տիգրանից, եւ վճարել է օբյեկտի ամբողջ արժեքը: Շանթահարված, փորձեցի գտնել Արտակ Գալստյանին, նա էլ խարդախության համար կալանավորված էր»: Իսկ անցյալ տարվա հուլիսի 9-ի առավոտյան իր բնակարանում ատրճանակով ինքնասպանություն գործողը Նիկոլայ Գաբրիելյանն էր՝ «Գազի Կոլիկը», նույն ինքը՝ «Գազպրոմ Արմենիա»-ին պատկանող «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրենը:
Պայմանագրերից մեկի համաձայն՝ Տիգրան Պետրոսյանը պետք է աշխատեցներ հյուրանոցային համալիրը՝ մինչ պայմանագրով նշված օրը, եւ ամսական 20 000 դոլարի չափով մաս-մաս փակեր գումարը: Բողոքաբեր Սարգսյան ընտանիքը հայտնել էր, որ կողմը աշխատեցրել է հյուրանոցը, սակայն իրենց գումար չեն տվել, օգտագործելով տուժող ճանաչված Սարգսյանների շարժական գույքը, որը գնահատվել է, միայն կահույքը՝ մոտ 200 000 դոլար: Դատական գործընթացների ժամանակ, պարզվում է, որպես երաշխիք տրված գույքը Պետրոսյանինը չէ, իսկ Նոր Նորքի Մոլդովական 41/8-ի սեփականության վկայականը կեղծ է:
Դատական քննության ժամանակ, բողոքաբեր կողմը հայտնել էր. «Բանակցությունների ընթացքում Տ. Պետրոսյանը եւ ոմն Արտակ անունով մեկը, ով հանդես էր գալիս որպես իրավաբան, հավատացրել են, որ եթե տվյալ գույքի առուվաճառքի ժամանակ ամբողջությամբ պայմանագրի մեջ նշվի ամբողջ վաճառքի արժեքը, ապա կրելու են զգալի չափերի հարկային պարտավորություններ, որի պայմաններում արդեն իսկ փոխհամաձայնեցված վաճառքի գինը չէր բավականացնելու իրենց կատարելու հարկային պարտավորությունները եւ, փաստորեն, տվյալ գործարքը իրենց համար դառնալու էր ոչ ձեռնտու գործարք։ Բացի այդ, կողմերը համաձայնել են, որ տվյալ գործարքը կատարվելու է մասնակի գումարային վճարով, մասամբ հատուցվում էր այլ անշարժ գույքով, առավել եւս, որ գնորդ Տիգրան Պետրոսյանը հայտնել էր, որ գործարքի կնքման պահին ինքն ամբողջությամբ չի տիրապետում այն գումարին, որը պետք է վճարեր գույքը գնելու համար»։ Ըստ էության, նոտարական գրասենյակում բողոքաբերին վճարվել է միայն պայմանագրի գինը՝ 58.000.000 ՀՀ դրամը։ Բողոքաբերը մտահոգվել է, երբ պատասխանող Պետրոսյանը դրսեւորել է խուսափողական վարքագիծ, չի ցանկացել նրանց հետ հանդիպել, զանգերին պատասխանել:
Պատասխանող Տիգրան Պետրոսյանի ներկայացուցիչ Արմինե Բեջանյանի՝ դատարան ներկայացրած պատասխանի համաձայն, ներկայացված հայցադիմումը «զուրկ է իրավական եւ փաստական հիմնավորումներից, ամբողջովին մտացածին է, չի համապատասխանում իրականությանը»։
Ըստ այս պատասխանի. «Տիգրան Պետրոսյանի ծանոթներից Արմեն Խաչատրյանը հայտնել էր, որ ցանկանում է ներդրում անել եւ աշխատող բիզնես գնել։ Տիգրան Պետրոսյանը նրան առաջարկել է Ալբերտ Սարգսյանի անշարժ գույքը։
Բանակցությունների արդյունքում պարզվել է, որ Փարաքար համայնքի Ի. Գասպարյան փողոցի թիվ 30 հասցեի անշարժ գույքը գրավադրված է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում եւ պարտավորությունների չափը կազմում է 53.000 ԱՄՆ դոլար։ Քանի որ գույքի օտարման ժամանակ գրավառու բանկը պետք է տար իր համաձայնությունը, կողմերով որոշել են գործարքը կնքել հետեւյալ կերպ։
Ա. Պայմանագիրը նոտարական կարգով գնելու պահին գնորդ Արմեն Խաչատրյանը վճարում է 58.000.000 ՀՀ դրամ։
Բ. Միաժամանակ մարում է բանկի հանդեպ առկա վարկային պարտավորությունները, որի շրջանակներում գրավադրված էր Ալբերտ Սարգսյանի կողմից վաճառվող գույքը»։ Նոտարական գրասենյակում կնքվել է առուծախի պայմանագիր, որով Ալբերտ Սարգսյանը Արմեն Խաչատրյանին է վաճառել Փարաքար համայնքի Ի. Գասպարյան փողոցի թիվ 30 հասցեի անշարժ գույքը, եւ Արմեն Խաչատրյանը Ալբերտ Սարգսյանին վճարվել է 58.000.000 ՀՀ դրամ։
Պատասխանողը հավելել էր. «Քանի որ իր եւ Ալբերտ Սարգսյանի միջեւ ձեւավորվել է գործնական հարաբերություններ, վերջինիս հետ ձեռք էր բերել պայմանավորվածություն, որ նա գնելու է ք. Երեւան, Նոր Նորք, Թոթովենց փողոց, 2/6 հասցեում գտնվող հացատունը, բացի այդ, իրեն պարտքով տրամադրելու է 407.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար»։
Պատասխանողն անդրադարձել էր գործին առնչվածներին. «Հայցվորը նաեւ նշում է ոմն Արտակի եւ Նիկոլայի մասին։ Ոմն Արտակը իրավաբան Արտակ Գալստյանն է, ով իր խնդրանքով հայցվորի իրավաբան Սամվել Միրզոյանի հետ միասին զբաղվել է փոխառության պայմանագրի մշակմամբ։ Այն, որ Արտակը մեղադրվում է խարդախության մեջ, բացարձակ հերյուրանք է, չի համապատասխանում իրականությանը։ Իսկ Նիկոլայ անունով անձ ինքը չի ճանաչում»։
Պատասխանող Արմեն Խաչատրյանի ներկայացուցիչն էլ հայտնել էր, որ բերված փաստարկներն անհիմն են, իսկ պետական գրանցման անվավերության մասին խոսք լինել չի կարող, քանի որ օրենքով սահմանված կարգով է գրանցվել սեփականության իրավունքը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ