Բանաստեղծուհու գրական նախասիրություններին, խառնվածքին ծանոթ եմ «Սուզումներ», «Եվ…» ժողովածուներից, գրական մամուլում տպագրված շարքերից; Եվ ահա Գյումրիում ապրող բանաստեղծուհին արեւերես է արել իր նոր, սրտաչափ ժողովածուն` «Դառն ու զվարթ» խորագրով: Այն հանգամանքը, որ հավաքածուն տպագրվել է «XXI դար. Հայ պոեզիա» մատենաշարով, ՀԳՄ «Գրական հիմնադրամի» աջակցությամբ, արդեն իսկ առանձնաշեշտումի, գնահատանքի ուղերձ է առ ընթերցողը, ստեղծագործական աճի, 21-րդ դարի պոեզիայի միտումներին Սոնա Անտոնյանի դավանանքի վկայությունն են: Բանաստեղծուհու հոգենյութը ինքնածին է, ձեռագիրը ինքնօրինակ, ազատ շնչառությամբ, կյանքի ռիթմերի հանգույն: Ստուգապես, Սոնայի ներաշխարհից եկող մտածումների, զգացումների անձնական ու անանձնական ապրումների ձեւույթային ու բովանդակային պատկերների մերանը սերն է` շաղախված հոգեբանական ու կենսաբանական հատկանիշների բացահայտումներով, շրջանակված «բաց» եւ «փակ» տեքստերով, դրոշմված անկեղծ ու բանական, բնական, մարդկային անթաքույց վետվետումներով, որոնք իր ճակատագրի, կենսագրության ոգեղեն եւ առօրյա էջերն են:
Առեղծվածային, թե աստվածային այդ սերը «պատսպարված» է դառն ու զվարթ օրերի, տարիների, խռովքների, տխուր եւ ուրախ տրամադրությունների, երազանքների, լիարժեք ապրելու տենչանքների միջակայքում, հիասթափության ու դրժումի, կարոտի ու հույսի, հավատի ու արժանապատվության հոգեսույզ մտորումների տիրույթում: Եվ անկախ մտորումներից` ազատ բանաստեղծություններն իրենց տողանցում-հատածներով (ցեզուրա) շնչում, «ծանրաբեռնված» են անկեղծությամբ, բարությամբ, հույսի ու հավատի, անմնացորդ նվիրումի ելեւէջներով: Բանաստեղծուհին իր մտքի ու զգացմունքի հորիզոնվող պաստառից «գաղտնիքներ» է բացահայտում` «բաց» եւ «փակ» ինքնախոստովանություններով` մերթ ըմբոստանալով կյանքի ու ճակատագրի դժխեմ իրականության դեմ, մեկ ներողամտորեն խաղաղվում է` հավատի, լույսի շողարձակումներով:
Այս առումով ժողովածուի բանաստեղծությունները իրենց ձեւույթային ու բովանդակային ամբողջական կշռույթով մի ընդհանրական համանվագ են հիշեցնում` զուգորդված բնապատկերների բազմերանգ կետ-շտրիխներին, ինքնասույզ մտորումներին: Այդ համապատկերը, սկսած հայրենի երկրից («Երկիրը ափերիս քնքշանում է»), մինչեւ ամենաանկեղծ «հեւքը», «սարսուռը», «դողէրոցքը», «սրթսրթոցը», «սրտի խփոցները», «կիրքը», ամբողջացնում են հոգու ու մարմնի ներդաշնակության գաղափարը: Բանաստեղծուհու հոգու իմացազգացական ապրումների շրջագծի մեջ են «Երկիր», «Դառն ու զվարթ», «Այսօր», «Ինձ», «Կոր գիծ», «Տողերս», «Խոսք տուր», «Սերս», «Սեղմումներ», «Չիմացած», «Կայծկլտումներ», «Պատահական քամի» եւ այլ բանաստեղծություններ: Սոնա Անտոնյանը ոչ թե արձանագրում է փաստը, երեւույթը, այլ դրանցից պեղված ճշմարտությունը, մարդկային դրաման` դեգերելով իմացազգայական անեզր աշխարհի «լուսաստվերում»: Ընդսմին, սիրո թեման ժողովածուում արտահայտված է երկու զուգահեռ գծապատկերով. մեկ իբրեւ անձնական ճակատագրի, հուզապրումների, խռովքների վերարտադրություն, մեկ որպես «եղած-չեղած սերերի» անկեղծ իմաստավորում:
«Դառն ու զվարթ» ժողովածուում կան ծնրադիր սիրո ու երախտագիտության, խնկարկումի տողեր` ձոնված ծնողներին, բնութագրումներ բանաստեղծ ընկերներին, ինչպես նաեւ պոեզիայի, բառի մասին իր պատկերացումները` մեկնաբանված գեղագիտական խոհափիլիսոփայական դատողություններով: Այս հատկանիշներով ու չափանիշներով էլ Սոնա Անտոնյանը կառուցում է իր հոգու տունը` լայնարձակ ու հյուրընկալ, «քաղցրաթախիծ» սիրո, բարության, լույսի անանց ներշնչանքներով:
ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
21.06.2019