2004թ.-ին Նոր Զելանդիայի ափամերձ հատվածներից մեկում լողորդների խումբը խուսափել է սպիտակ շնաձկան հարձակումից՝ դելֆինների շնորհիվ
Aravot.am-ի «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ» նախագիծն առանձնացրել է իրական պատմություններ՝ մարդ-կենդանի բարեկամության եւ սիրո լավագույն դրսեւորումներից.
Դելֆինները լողորդներին փրկել են շնաձկներից
2004թ.-ին Նոր Զելանդիայի ափամերձ հատվածներից մեկում լողորդների խումբը խուսափել է սպիտակ շնաձկան հարձակումից՝ դելֆինների շնորհիվ: Վերջիններս «օղակ» են կազմել լողորդների շուրջ եւ պտտվել մոտ 40 րոպե, մինչեւ շնաձուկը կորցրել է «հետաքրքրությունը» եւ հեռացել:
Կարդացեք նաև
Ինչպես հարցազրույցներում պատմել են լողորդները, սկզբում մտածել են, թե դելֆինները խաղում են իրենց հետ: Րոպեներ անց միայն նրանք նկատել են երեք մետրանոց շնաձկանը, որը փորձել է «մտնել» դելֆինների օղակից ներս:
Առյուծներն աղջնակին փրկել են հանցագործներից
Այս զարմանալի պատմությունը եղել է 2005թ.-ին՝ Եթովպիայում: 12-ամյա աղջնակին դպրոցից տուն վերադառնալիս առեւանգել են չորս տղամարդ: Որոշ ժամանակ անց հանցագործները փախել են՝ հանդիպելով առյուծների պրայդի:
Փրկված եւ այդ ժամանակ չափազանց վախեցած երեխան պատմել է, որ առյուծները մնացել են իր մոտ եւ չեն վնասել: Երբ ոստիկանությունը գտել է աղջնակին, առյուծները փախուստի են դիմել: Մամուլում փորձագետներն այս միջադեպի մասին նշել են՝ հավանաբար, առյուծներն աղջկան չեն վնասել այն պատճառով, որ նրա բարձր լացը նմանեցրել են իրենց ձագի «լացին»:
Տիրոջը փրկած խոզը
1998թ.-ին ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում Ջո Էն Ալցմանը տան բակում սրտի կաթված է ստացել: Կինը պատմել է, որ իր աղջկա «Լուլու» անունով խոզը վազել է դեպի փողոց եւ պառկել երթեւեկելի գոտում: Խոզը հետ է վազել բակ, հոտոտել կնոջը, ապա նորից վազել փողոց:
Մեքենաներից մեկի վարորդը, տեսնելով գետնին ընկած խոզին, կանգնեցրել է մեքենան: Խոզը հետ է վազել բակ, վարորդը՝ նրա հետեւից: Տեսնելով կնոջը՝ նա շտապօգնություն է կանչել:
Կատուն տիրոջը փրկել է հրդեհից
2014թ.-ին Ավստրալիայում կատուն հրդեհից փրկել է տիրոջը: Գրեյգ Ջիվսը քնած է եղել, երբ տանն ինչ-որ բան է բռնկվել: Սալլի անունով կատուն ցատկել է նրա գլխին եւ սկսել ճանկռել:
Գրեյգը արթնացել է ճիշտ ժամանակին եւ կատվի հետ կարողացել դուրս պրծնել տանից: Նա խոստովանել է, որ եթե կատուն չլիներ, ինքը գուցե ծխախեղդ լիներ: Ի դեպ, Գրեյգը Սալլին որդեգրել էր թափառող կենդանիների կացարանից:
Շունը փրկել է խեղդվող տիրոջը
2007թ.-ին ԱՄՆ-ում գործող American Society for the Prevention of Cruelty to Animals կազմակերպությունը պարգեւատրել է Տոբի անունով «Ոսկեգույն ռետրիվեր» ցեղատեսակի շանը՝ տիրոջը փրկելու համար: Նա ճանաչվել է «Տարվա շուն»:
Դ0եբի Փարկհյորսթն իր տանը սկսել է խեղդվել, երբ խնձորի կտորը կանգնել է նրա կոկորդին: Երբ շունը տեսել է հատակին ընկած հեւացող տիրոջը, քաշով մեկ ցատկել է նրա կրծքավանդակին, ինչի արդյունքում խնձորի կտորը դուրս է թռել տիկնոջ կոկորդից:
Գորիլան փրկել է իր վանդակն ընկած երեխային
1996թ.-ին Չիկագոյի կենդանաբանական այգիներից մեկում 3-ամյա տղան սայթաքել եւ վեց մետր բարձրությունից ընկնելով՝ հայտնվել է գորիլա-կապիկների ազատավանդակում: Երեխան ընկնելու հետեւանքով կորցրել է գիտակցությունը:
«Բինտի Ջուա» անունով մայր-կապիկը, որն այդ պահին իր մեջքին կրելիս է եղել ձագին, գետնից բարձրացրել է վիրավոր երեխային եւ պաշտպանել՝ թույլ չտալով, որպեսզի ազատավանդակի մյուս կենդանիները մոտենան նրան: Կապիկը երեխային մոտեցրել է ազատավանդակի մուտքի մոտ, որտեղից տղային վերցրել են այգու աշխատակիցներն ու տեղափոխել հիվանդանոց: Երեխան փրկվել է:
Շունն իր վրա է վերցրել փամփուշտները
2014թ.-ին ԱՄՆ Ատլանտա քաղաքում «Նոյ» անունով գերմանական հովվաշունն իր տիրոջ ընտանիքի հետ ավտոմեքենայի մեջ է եղել, երբ մի տղամարդ կրակ է բացել մեքենայի ուղղությամբ:
Կենդանին նետվել է զինված տղամարդու ուղղությամբ եւ իր վրա վերցրել փամփուշտները: Վիրավոր շունը փորձել է հետապնդել է հանցագործին, մինչեւ անշնչացած ընկել է…
Ծովառյուծը փրկել է ինքնասպանության փորձ կատարած տղային
2000թ.-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում 16-ամյա Քեվին Հայնսը, գտնվելով խորը դեպրեսիայի մեջ, որոշել է նետվել «Ոսկեգույն դարպասներ» անվամբ կամրջից: Քեվինը, սակայն, «գործն» ավարտին չի հասցրել:
Մի ծովառյուծ նրան ջրի մակերեսին է «պահել» այնքան ժամանակ, մինչեւ չի մոտեցել փրկարար-ծառայությունը: Քեվինը Խոստովանել է, որ եթե չլիներ ծովառյուծը՝ ինքը կխեղդվեր: Քեվինն այժմ փաստաբան է եւ զբաղվում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների իրավունքների պաշտպանությամբ:
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ