Aravot.am-ը Սահմանադրական իրավունքի փորձագետ Վարդան Այվազյանից հետաքրքրվեց՝ ինչ հանգուցալուծում կարող է ունենալ Ռոբերտ Քոչարյանի՝ Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի քննությունը: Նշենք,որ այսօր ՍԴ-ն հաղորդագրություն էր տարածել, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործն ընդունել է քննության ու մերժել Յուրի Խաչատուրովի դիմումը:
Պարոն Այվազյանն ի պատասխան ասաց.«Բնականոն ընթացք է, դատավորն այդ իրավունքն ուներ գործը կասեցնելու, քանի որ առերեւույթ, Սահմանադրական կարգը տապալելուն առնչվող 301.1 հոդվածը լղոզված, իրավական որոշակիության պայմաններին հակասող հոդված էր, ոչինչ չասող: Հիմա Սահմանադրական դատարանը կքննի եւ երկու տարբերակ կա՝ կա՜մ ճանաչելու է հակասահմանադրական կա՜մ կճանաչի սահմանադրական՝ իր դիրքորոշումներով հանդերձ»:
Ըստ Վարդան Այվազյանի, եթե սահմանադրական կարգի տապալման մասով հակասահմանադրական ճանաչեն,ապա Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս պաշտոնյաների վրայից մեղադրանքը կհանվի. «Իսկ, եթե ՍԴ-ն ճանաչեց սահմանադրությանը համապատասխան՝ որոշակի դիրքորոշումներ կարտահայտի եւ դատարանը կառաջնորդվի այդ Սահմանադրական դատարանի դիրքորոշմամբ»:
Aravot.am-ի հարցին՝ Սահմանադրական դատարանում տեղի ունեցած փոփոխությունը որեւէ կերպ կազդի՞ ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ելքի վրա, հաշվի առնելով, որ Վահե Գրիգորյանը Մարտի 1-ի գործով տուժողների շահերի ներկայացուցիչն էր, Վարդան Այվազյանը պատասխանեց. «Սահմանադրական դատարանն իր որոշումներն ընդունում է ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ բացառությամբ քաղաքական կուսակցությունների գործունեությունը կասեցնելու, արգելելու վերաբերյալ որոշումները: Այսինքն, եթե 9 անդամներից 5-ը կողմ քվեարկեցին, անկախ նրանից՝ ով է Սահմանադրական դատարանի նախագահը, Վահե Գրիգորյանն ինչ դիրք ունի այդտեղ,նույնիսկ, եթե 9-ից 5-ը կողմ քվեարկեցին ցանկացած որոշում կարող է անցնել»:
Կարդացեք նաև
Մեր այն դիտարկմանը, թե տարիներ ի վեր ականատես ենք եղել, որ դատարանի նախագահից է կախված եղել մնացած դատավորների որոշումները, պարոն Այվազյանն ասաց՝ հիմա չեմ կարծում, որ դատարանի նախագահից կախված լինեն, երեւի ավելի ինքնուրույն են դարձել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ