Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը հայտարարել էր, որ «մտնում եմ Սահմանադրական դատարան՝ ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը»: Սա հակասական մեկնաբանությունների տեղիք է տվել:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այս առնչությամբ ասաց. «Ես ուզում եմ հասկանալ՝ այլ տեսակետ հայտնողները ովքե՞ր են, էն նույն մարդիկ են, ովքեր ժամանակին բացատրել են ամեն ինչ, ինչը անհնար էր, հա՞, նույն մարդիկ են, որոնք օրենքը ոնց ուզեցել, իրենց տակ ծալել են: Մենք այսօր էդ մարդկանց կարծիքը վերցնում ենք՝ որպես երկրորդ կարծիք եւ փորձում ենք այլ մեկնաբանությո՞ւն տալ: Կարծում եմ, դա ճիշտ չի: Այն մարդիկ, ովքեր այսօր քննադատում են, ովքեր այլ կարծիք են հայտնում, հայտնի են այն բանով, որ օրենքները ծամածռել են այնպես, ինչպես հարմար է իրենց: Դրա շնորհիվ մարդկանց են ձերբակալել, մարդկանց են պաշտոնի նշանակել: Օրինակ, ԱԱԾ նախկին տնօրենին նշանակելու ժամանակ օրենքը նույնպես ծամածռվել է, ինքը իրավունք չի ունեցել նշանակվել: Բայց բացատրությունը այդ նույն մարդիկ, ովքեր այսօր հակառակ կարծիք են ասում, հոյակապ ձեւով տալիս էին: Իրականում այդ մարդկանց գործառույթը հենց դա էլ եղել է՝ ամբողջ իշխանավարման ընթացքում բացատել այն, ինչը իրենք արել են: Վերջնահաշվարկում մենք ստացել ենք այն դատական համակարգը, որը ստացել ենք»:
Aravot.am-ի հարցին՝ դուք քննադատողների մասին խոսելիս հասկանալի է, թե սլաքները որ կողմն ուղղեցիք, բայց նույն Էդմոն Մարուքյանը կարծիք էր հայտնել՝ եթե Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չի, բա ինչի՞ է պրոտոկոլով վարչապետի կողքը կանգնում: Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ես զարմանում եմ, որ Էդմոն Մարուքյանի համար պրոտոկոլն է չափանիշ, պրոտոկոլո՞վ ենք հաշվում, եկեք բոլոր օրենքները դնենք մի կողմ…»:
Ալեն Սիմոնյանը բացատրեց, որ երկրում եղել է մի իրավիճակ, երբ ինչ-որ մարդիկ զբաղեցրել են ինչ-որ պաշտոններ, իրենց վերագրել են ինչ-որ պաշտոններ եւ իրավիճակի հետ չհամակերպվել չի եղել. «Երկրորդ եւ երրորդ նախագահ ՀՀ-ն որպես այդպիսին չի ունեցել, բայց այդ մարդկանց էլ պրոտոկոլով տարել կանգնացրել են: Հիմա ՀՀ-ում ունեցել ենք դատավորներ, որոնք որոշումներ են կայացրել եւ էդ է եղել դատավոր, էդ է եղել ՍԴ դատավորը, նախագահի պաշտոնը զբաղեցնողը, բա ի՞նչ անեինք»: Նա ասաց, որ հիմա կամաց-կամաց այդ իրավիճակից դուրս ենք գալիս, որ քաղաքացին իմանա՝ սա նախագահն է, սա դատավորն է, լեգիտիմության վերականգնում է տեղի ունենում. «Նույնիսկ ընդդիմությունն ունեցել է լեգիտիմության խնդիր, լեգիտիմության խնդիր ունեցել են բոլորը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ