Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ի եւ ոստիկանության ուշադրությունն էր հրավիրել այն երեւույթի վրա, որ, օրինակ,«Երեւանի Ազատության հրապարակը ինչ-որ մարդիկ ինչ-որ ժամերի փորձում են դարձնել երթեւեկելի գոտի, ավտոմեքենաներով մտնել «ճռռիկներ անել», էսպես ասած, ավտոմեքենաներ վարել մայթերով» եւ դա, ըստ Փաշինյանի, որոշակի նպատակով է արվում՝ ցույց տալու համար, որ երկրում իբր հաստատված է անիշխանություն եւ երկրում չկա իրավակարգ. «Եվ սա արդեն իսկապես ազգային անվտանգության խնդիր է, պարոն Վանեցյան, այսինքն՝ հիբրիդային պատերազմ են վարում էդ մարդիկ կոնկրետ Հայաստանի Հանրապետության դեմ, եւ էդ մարդկանց անուն-ազգանունները շատ կոնկրետ հայտնի են…Այսինքն՝ լավ, հասկացանք, մեկ, երկու, երեք, չորս, այսինքն՝ էդ գող-ավազակները իրենց պետք է էս երկրում լավ զգա՞ն: Դրանք պետք է մայթերի տակով, մասկիրովկայով քայլեն, դրանք ո՞վ են ընդհանրապես։ Սա ազգային անվտանգության խնդիր է», – հայտարարել էր Փաշինյանը:
Այսօր այս առնչությամբ Aravot.am-ի հարցին՝ դուք տեսնո՞ւմ եք նման խնդիր մեր երկրում, որ ինչ-որ մարդիկ փորձեն երկրում անկայունության մթնոլորտ ստեղծել, տպավորություն ստեղծել, իբր երկրում անիշխանություն է՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը պատասխանեց. «Եթե վարչապետն ունի նման տեղեկություններ եւ հանձնարարական է տվել, եւ ոստիկանապետը եւ ԱԱԾ տնօրենը պետք է զբաղվեն, այլընտրանք չկա: Եթե երկրի ղեկավարն ունի նման տեղեկություն եւ անուններ, բնականաբար, ոստիկանապետն ու ԱԱԾ պետը պետք է զբաղվեն եւ հաշվետու լինեն հանրությանը: Իրենց հաշվետու լինելն էլ մեր հանձնաժողովի աշխատանքն է»:
Հարցին՝ դուք նման խնդիր չե՞ք նկատել, որ ինչ-որ խումբ մարդիկ նման տպավորություն փորձեն ստեղծել, թե երկրում անիշխանություն է՝ Պողոսյանը պատասխանեց. «Առհասարակ, կարծում եմ, բոլորս ենք նկատել, բայց իմ կարծիքով, նրանք փոքրաթիվ մարդիկ են եւ չեն կարող հանրային կարծիքի վրա մեծ ազդեցություն ունենալ: Օրենքի սահմանում հնարավոր է էդ հարցը լուծել, նրանք փոքրաթիվ մարդիկ են եւ չեն կարող հանրային մեծ կարծիքի վրա ազդեցություն ունենալ»:
Թե ո՞ւմ կողմից են ուղղորդվում այդ մարդիկ՝ Քրիստինե Պողոսյանը պատասխանեց. «Եթե ես իմանայի, ԱԱԾ ղեկավարը ես կլինեի»: Հարցին՝ ձեր ենթադրությունը ո՞րն է՝ նախկի՞ն իշխանությունների կողմից են ուղղորդվում, թե՞ այլ օղակների՝ Քրիստինե Պողոսյանը պատասխանեց. «Ես այն մարդկանցից եմ, ովքեր չունենալով ինֆորմացիա՝ երբեք եզրակացություններ չեն անի: Իմանայի ինֆորմացիա՝ ԱԱԾ-ում կաշխատեի, ոչ թե այստեղ»:
Կարդացեք նաև
Հարցին՝ հեղափոխությունից հետո վարչապետը պարբերաբար այսպիսի հանձնարարականներ է տալիս ոստիկանությանը՝ փռել ասֆալտին, ծեփել պատերին, ավտոշարասյուների դեմն առնել եւ այլն, դուք քաղաքում այս առումով փոփոխություններ զգացե՞լ եք, ասֆալտին փռելն իր արդյունքները տվե՞լ է, թե՞ չէ՝ պատգամավորը պատասխանեց. «Ես երբեք ականատես չեմ եղել այդ գործընթացներին, վարչապետը մի քիչ էմոցիոնալ է եւ բառերն այլ տեքստով է օգտագործում, բնականաբար, դա չի նշանակում բռնություն կիրառել, հակառակը, զսպման մեխանիզմ է: Հեղափոխությունից հետո ես փոփոխություն զգում եմ, բնականաբար: Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ քաղաքից որոշ մարդիկ անհետացել են, ես կոնկրետ մարդկանց եմ ասում, զգում եմ՝ ընդհատակ են անցել…Միհրան Պողոսյանն առհասարակ անհետացել է: Կան մարդիկ, որ եթե նույնիսկ երկրում են, տպավորություն է, որ նրանք ընդհատակ են անցել եւ դա նորմալ է: Իրենց համար նորմալ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ