ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունների համատեքստում, հաշվի առնելով Պարսից ծոցի տարածաշրջանում զարգացող ռազմական գործողությունները, երկու պետությունների միջև ռազմական վտանգի հավանականությունը մեծացել է, այն էլ այն պայմաններում, երբ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հունիսի 19-ին հայտարարեց, որ Հորմուզի նեղուցում Իրանի օդային տարածքներում՝ երկրի հարավում, խոցել է ամերիկյան հետախուզական Global Hawk ԱԹՍ-ը: ԱՄՆ-ի պաշտոնական աղբյուրների հղումով՝ Navy MQ-4C Triton տիպի ԱԹՍ-ն խոցվել է իրանական հրթիռով Հորմուզի նեղուցում միջազգային օդային տարածքում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է արել ամերիկյան խոցված անօդաչու թռչող սարքի իրավիճակի վերաբերյալ, նշելով, որ Իրանը «մեծ սխալ» է գործել:
Իրանը հինգշաբթի օրը հայտարարել էր, որ իրանցի զինվորականներն ամերիկյան անօդաչու են խոցել երկրի հարավային շրջանում, երբ այն խախտել է Իրանի օդային տարածքը:
Ավելի ուշ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ իրանական զենիթահրթիռային համալիրը Հորմուզի նեղուցում խոցել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի անօդաչուն:
Կարդացեք նաև
Այս դեպքը այնպիսի լայն արձագանք է ստացել համաշխարհային ԶԼՄ-ներում և միջազգային ու տարածաշրջանային դիվանագիտական շրջանակներում, որ, ըստ փորձագետների մեկնաբանության, այդ գործողությունը ոչ մի հետևանք չէր կարող ունենալ, բացի երկու պետությունների միջև ռազմական բախման վտանգի հավանականությունից։
Պարսից ծոցում իրավիճակը զարգանում է շատ մտահոգիչ սցենարով։ Պատճառները պարզ են բոլորի համար. այսպես կոչված՝ Համատեղ Գործողությունների Համապարփակ Գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու պատճառով։ Այն դեպքում, երբ Իրանն ամբողջությամբ կատարում է այդ գործարքով իր պարտականությունները, ԱՄՆ-ի կողմից իրավիճակը սրելը, իհարկե, վտանգավոր է դառնում։ Ավելի վաղ Միացյալ Նահանգները Պարսից Ծոց է ուղարկել «USS Abraham Lincoln» ավիակիրը և B-52 ռմբակոծիչների հատուկ խմբեր։ Ավելին՝ վերջին օրերին ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան Պարսից ծոցի տարածքում մեկնարկել էին F-15 կործանիչների մասնակցությամբ համատեղ օդային զորավարժություն: Այս քայլն արժանացել է ԻԻՀ խիստ հակազդեցությանը։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը CNN ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ իր երկիրը բանակցություններ չի վարելու Դոնալդ Թրամփի հետ, եթե ԱՄՆ-ը վիճարկվող միջուկային պայմանագրի Համատեղ Համապարփակ Գործողությունների Նախագծի շրջանակներում չկատարի իր պարտավորությունները։ Այս հայտարարությունը բազմիցս հնչել է Իրանի իսլամական համակարգի բարձրաստիճան հոգևոր իշխանությունների և ռազմական հրամանատարների կողմից։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին հինգշաբթի օրը, անդրադառնալով Իրանի օդային տարածքում ԱՄՆ-ի լրտեսական ինքնաթիռի ոչնչացմանը, ասել է.« Իրանի սահմանային տարածքում ԱՄՆ-ի լրտեսական ինքնաթիռի ոչնչացումը պարզ ուղերձ է պարունակում, այն է՝ Իրանի սահմանները կարմիր գիծ են»:
Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն իր թվիթերյան էջում, անդրադառնալով հինգշաբթի օրը ԻԻՀ օդուժի կողմից ամերիկյան լրտեսական ինքնաթիռի կործանմանը, գրել է. «ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ահաբեկչություն է իրականացնում, իսկ հիմա էլ խախտում է Իրանի օդային սահմանները»:
Նա հավելել է. «Իրանն ԱՄՆ-ի վերջին ոտնձգության վերաբերյալ զեկուցել է ՄԱԿ-ին և կապացուցի, որ միջազգային ջրերում իր օդանավի թռիչքի վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունը սուտ է»:
Այս բոլոր զարգացումները տեղի ունեցան ճիշտ այն պայմաններում, երբ Պենտագոնը հունիսի 18-ին տարածած հաղորդագրության մեջ հայտարարեց, որ Պատրիկ Շանահանը ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի իր լիազորությունները Մարկ էսփերին կփոխանցի հունիսի 24-ին: Թրամփն իր Twitter-ում գրել է, որ Շանահանն ինքն է որոշում ընդունել ինքնաբացարկի մասին: Մինչդեռ ավելի վաղ տվյալներ էին հայտնվել, որ Թրամփը դժգոհ է Շանահանից և դիտարկում է Պենտագոնի ղեկավարի պաշտոնում մեկ ուրիշի նշանակման հնարավորությունը: Այս կադրային նշանակումը ենթակա է Կոնգրեսի և Սենատի կողմից հաստատման, իսկ Մարկ էսփերին ներկայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի նախարարն է: Այդ պաշտոնը զբաղեցնող անձը նախագահական կաբինետի անդամ չէ և ենթարկվում է Պաշտպանության նախարարին: Սա նշանակում է, որ իրանցիները քաջ գիտակցում են, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը, որը դեմ է Սպիտակ Տան ռազմատենչ պաշտոնյաների կողմից Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու մոտեցումներին, կարող է զսպել Պենտագոնին նման ծայրահեղ քայլերի դիմելու հավանական ջանքերը։
Թվում է, թե Իրանը շատ հաշվարկված և խորամանկ ռազմավարական խաղ է սկսել ԱՄՆ-ի հետ ճիշտ այն պահին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս Բրիտանիա կատարած պետական այցի ընթացքում ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ ներկայում իր ձեռքին բազմաթիվ հաղթաթղթեր կան, որոնք իրեն թույլ կտան առաջիկա ընտրություններում ապահովել ամերիկացի ընտրողների աջակցությունը։ Սա Թրամփի թույլ կետն է, որից կարողանում են օգտվել Իրանի հեռատես ու փորձառու դիվանագետները։ Իրանի ղեկավարները ցանկանում են, որ հաջորդ տարի ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տանի երկրի նախկին փոխնախագահ Ժոզեֆ Բայդենը։
Թրամփի կարծիքով, եթե ԱՄՆ նախագահի պաշտոնում լինի Բայդենն, ապա մյուս երկրները կփորձեն օգուտ քաղել դրանից։Եվ դա ճիշտ այն բանն է, որին սպասում ու նպաստում են Իրանի իշխանությունները։
ԻԻՀ պահապանների կորպուսի օդուժի կողմից ԱՄՆ-ի լրտեսական ԱԹՍ-ը Հորմուզի նեղուցում խոցվելուց անմիջապես հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, կրավորական մոտեցում ընդունելով ասել է. «Ես կարծում եմ, որ, հավանաբար, Իրանը սխալ է գործել, ես կենթադրեի, որ դա գեներալ կամ ինչ-որ մեկն է եղել, որը սխալ է թույլ տվել՝ խփելով այդ անօդաչուն»։ Թրամփի նման մոտեցումը կրկին ցույց տվեց, որ նրա ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է 2020 թվականի նախագահական ընտրություններում իր հաղթանակի վրա և ներկայում պատրաստ չէ Իրանի հետ ռազմական հակամարտության մեջ մտնել: Սակայն Իրանում ԱՄՆ-ի առաջնորդի և մասնավորապես Կոնգրեսի հակապատերազմական դիրքորոշումները այլ կերպ են ընկալվում։ Իրանցիները փորձում են միջազգային սպառնալիքները վերածել հնարավորությունների, այնպես որ ձգտում են Թրամփին ներգրավել Իրաքում կամ Պարսից ծոցում սահմանափակ պատերազմի մեջ։ Դա նաև կօգնի, որ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի կողմնակից բլոկը թուլանա և Իրանի առաջիկա նախագահական ընտրություններում ծայրահեղական հոգևորականների կամ պահապանների կորպուսի ցանկացած թեկնածուն կարողանա հաղթել, այսպես ասած, չափավոր հոգևորականների թիմին։ Այս պահի դրությամբ Իրանի հոգևոր-ռազմական իշխանությունների մարտավարական քայլերը, թվում է, ճիշտ ուղղությամբ են ընթանում, այնպես որ՝ հունիսի 20-ին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամները վավերացրել են նախագիծ, որը թույլ է տալիս կրճատել այդ երկրի նախագահի պատերազմական լիազորությունները:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները վավերացրել են նախագիծ, որի համաձայն այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփին արգելվում է 2001 թվականին ընդունված օրենքով սահմանված ռազմական գործողությունների վերաբերյալ լիազորություններից օգտվել:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներին անհանգստացնում է այն փաստը, որ ԱՄՆ-ի որոշ պաշտոնյաներ՝ այդ թվում պետքարտուղար Մայք Պոմպեոն և Սպիտակ Տան ծայրահեղականները կեղծ ինֆորմացիաներ ներկայացնելով և չարաշահելով ռազմական գործողության վերաբերյալ 2001 թվականի օրենքի օգտագործումը, ԱՄՆ-ին ներքաշեն ևս մեկ պատերազմի մեջ:
Մյուս կողմից, ինչպես նշեցի, 2020 թ․-ին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ավելի է մեծանում դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենի շանսեր։ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը (Դեմոկրատական կուսակցություն) Fox News-ի նախընտրական հերթական վարկանիշում առաջ է անցել գործող նախագահ Դոնալդ Թրամփից (Հանրապետական կուսակցություն):
Նախագահի հավանական թեկնածուների վարկանիշների տարբերությունը կազմել է 10 տոկոս (49% ընդդեմ 39%): Այս պատկերը կարող է ուրախացնել Իրանի հոգևոր իշխանություններին, որոնք իրենց համակարգի գոյատևման համար փորձում են խուսափել ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային ու միջազգային դաշնակիցների հետ ուղղակի առճակատման գնալու վտանգից, իսկ պահապանների կորպուսի ծայրահեղական գեներալների պահանջները բավարարելու համար նրանց ձեռքը բաց են թողել սահմանափակ հարվածներ հասցնել ԱՄՆ-ի ու նրա տարածաշրջանային արաբ դաշնակիցների շահերին Իրաքում, Եմենում և Պարսից ծոցի այլ շրջաններում։
Իրանի իշխանությունները լայնածավալ պրոքսի պատերազմ են սկսել ԱՄՆ-ի դեմ անվտանգության, քարոզչական, կիբեր անվտանգության և տնտեսական ոլորտներում։
Հունիսի 19-ին, Իրաքը հայտարարել է, որ Բասրայում տեղակայված ԱՄՆ-ի «Էքսոն» նավթային ընկերության գրասենյակների մերձակայքում իրականացվել է հրթիռային հարձակում: Իրաքի նավթի ոլորտի պաշտոնյաների հայտարարության համաձայն, պայթյունի վայրում տեղակայված են նաև բրիտանական Royal Dutch Shell և Իտալիայի Eni ընկերությունների գրասենյակները: Իրանի կողմից հովանավորվող զինված խմբերի նման հարձակումները Իրաքում կամ Պարսից ծոցում տանկերների և Արևմտյան նավթային այլ օբյեկտների վրա, անմիջապես ազդում է նավթի միջազգային գների բարձրացման վրա մի խնդիր, որը խիստ անհանգստացնում է ԱՄՆ-ի արևմտյան դաշնակիցներին։ Սա ևս կարող է ազդել Եվրոպայի կողմից Թրամփի վարչակազմի վրա ճնշումների մեծացմանը, այնպես որ հունիսի 19-ին, ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ԱՄՆ կատարած այցի ավարտին, այդ երկրի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՀԳՀԾ-ն կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում անվտանգության պահպանման հարցում: Մոգերինին ասել է. «ԵՄ-ը կարևորում է ՀԳՀԾ-ի պահպանումը և այն համարում է տարածաշրջանի անվտանգության պահպանման կարևոր գործոն»:
Իրանի իրավիճակով լրջորեն մտահոգվել են նաև Չինաստանում և Ռուսաստանում։ Այս համատեքստում այժմ լարվածության մշտական աճի միտումներ կան։ ՌԴ նախագահը նախազգուշացրել է Պարսից Ծոցի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում զարգացող լարվածության մասին: Վլադիմիր Պուտինը ասել է, որ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն Իրանի դեմ աղետ կլինի Միջին Արևելքի համար: Հաշվի առնելով, որ փորձագետների կարծիքով ամերիկյան գերարդիական Global Hawk ԱԹՍ-ը Հորմուզի նեղուցում խոցվել է ռուսական Ս-200 կամ Ս-300 զենիթահրթիռային համակարգով, դա կարող է Ռուսաստանին ներքաշել Իրան-ԱՄՆ ռազմական հակամարտության մեջ որպես Իրանին հովանավորող կողմ։
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը սրում է այդ տարածաշրջանի լարվածությունը:
Անդրադառնալով Պարսից ծոցում տեղի ունեցող վերջին զարգացումներին՝ Չինաստանի ԱԳՆ խոսնակը ԱՄՆ-ին կոչ է արել վերջ տալ Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությանը: Հունիսի 21-ին Լու Քանգը կողմերին կոչ է արել նաև հարգել միջուկային համաձայնագրի շրջանակներում Իրանի պահանջները: Չինաստանին նաև մտահոգում է Իրանում և Մերձավոր Արևելքում իր տնտեսական և նավթային շահերի դեմ ուղղված ցանկացած վտանգի հավանականությունը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ամերիկյան ԱԹՍ-ը Հորմուզի նեղուցի արեւմուտքում ներխուժել է Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածք և զբաղվել է լրտեսությամբ: Այնուհետև ԻՀՊԿ-ի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են Իրանի ծովային սահմաններ ներխուժած ամերիկյան լրտեսական ինքնաթիռը:
Հինգշաբթի օրը Սպիտակ տանը նախագահի օգնականների, որոնք զբաղվում են ազգային անվտանգության հարցերով, եւ Կոնգրեսի ղեկավարների միջեւ ակտիվ խորհրդակցություններից եւ վեճերից հետո, զինվորականները եւ դիվանագետները սպասում էին, որ հարվածներ կհասցվեն իրանին»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Իրանին հարված հասցնելուն այն բանից հետո, երբ այդ երկրի զինված ուժերն ամերիկյան անօդաչու սարք են խփել, բայց ավելի ուշ մտափոխվել է։ Այս մասին տեղեկացնում է The New York Times-ը։ Պարբերականի տեղեկություններով ԱՄՆ-ը պետք է գրոհն սկսեր Իրանում ուրբաթ արշալույսից առաջ, որպեսզի նվազագույնի հասցվեր ռիսկն իրանցի զինվորականների կամ քաղաքացիական անձանց համար։ Սակայն շուտով ամերիկացի զինվորականներին տեղեկացրել են, որ հարվածներ չեն հասցվելու գոնե ժամանակավորապես»։
Միջադեպից անմիջապես հետո Թրամփն ասել էր․ «Ես կարծում եմ, որ, հավանաբար, Իրանը սխալ է գործել, ես կենթադրեի, որ դա գեներալ կամ ինչ-որ մեկն է եղել, որը սխալ է թույլ տվել՝ խփելով այդ անօդաչուն»։
«Կարծում եմ՝ կողմերն ունեն այնքան ողջամտություն, որպեսզի չգնան լայնամասշտաբ բախումների, չնայած դրան՝ տեղային որոշակի բախումների ռիսկեր այս պահին կառավարելի չեն, հատկապես խոսքը Պարսից ծոցի տարածաշրջանի մասին է»,- այս մասին ասել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
Այս հակամարտությունը զարգանում է արագ տեմպերով, սակայն երկու կողմերն էլ, կարծես թե, խստացնելով իրենց հռետորաբանությունը, մյուս կողմից փորձում են գործողությունների տիրույթում որոշակի քայլեր իրականացնել իրավիճակը վերահսկելու համար, սակայն հենց ռազմական և պրոքսի պատերազմի դաշտում ևս հնարավոր է վերահսկման ղեկը երկու կողմերի ձեռքից դուրս գալով պայթյունավտանգ իրավիճակ առաջանա տարածաշրջանում, որի հետևանքներն անկասկած անկանխատեսելի են բոլոր դերակատար կողմերի համար։
Անդրադառնալով ԱՄՆ-ի հակաիրանական միակողմանի պատժամիջոցներին՝ Ալի Շամխանին ասել է. «ԱՄՆ-ի կողմից իրագործվող տնտեսական պատերազմն արդյունք չի ունենա և ի վերջո դա կձախողվի»:
Նրա խոսքով՝ Իրանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ու նրա հայտարարություններին լուրջ չի վերաբերվում:
Շամխանիի դիտարկումն իր մեջ պարունակում է որոշակի իրատեսական մոտեցում, քանի որ ԱՄՆ-ը երկար ժամանակ չի կարող շարունակել Իրանի դեմ սահմանած տնտեսական պատժամիջոցները և ռազմական սպառնալիքները, քանի որ դա մեծ դժվարություններ է առաջացնում ԱՄՆ-ի համար ներքին քաղաքականության և միջազգային ասպարեզում։ Սակայն, հաշվի առնելով Իրանի իշխանությունների առանձնահատուկ դրվածքը, իսլամական համակարգի ղեկավարները հեշտությամբ կարողանում են համակերպվել ներքին ու արտաքին սպառնալիքներին և հարկ եղած դեպքում երկրի գերագույն առաջնորդի հրամաններին ենթարկվելով՝ հստակ կողմնորոշում ընդունել ցանկացած սպառնալիքներին կտրուկ հակազդելու գործողություններով՝ չնայած դա կարող է ծախսատար լինել համակարգի համար։
Վահե ԱՐԱՄՅԱՆ