Վաշինգթոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը քննարկվել է Մոսկվայի և Փարիզի հանդիպումների արդյունքում ձեռք բերած պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցը: Այս մասին գրում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Դրանում ասվում է, որ ադրբեջանական կողմը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի՝ հանդիպումը կազմակերպելու համար:
«Կարծում եմ, որ նման հանդիպումները դրական բնույթ են կրում և նպաստում են բանակցային գործընթացի զարգացմանը: Ավելի քան երեք ժամ տևած հանդիպման հիմնական թեման դարձել է Փարիզում և Մոսկվայում տեղի ունեցած նախորդ հանդիպումներում ձեռք բերած պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցը: Վաշինգթոնյան հանդիպմանը համանախագահները երկու կողմերի քննարկմանն են ներկայացրել որոշակի արդյունքների ձեռքբերմանն ուղղված առաջարկներ, որոնք նպատակ ունեն առաջընթաց գրանցել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել նույն ձևաչափով հերթական հանդիպումն անցկացնել առաջիկա ամիսներին»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ