Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյան. «Անցյալ տարի, երբ վարչապետին դատավորները զեկուցել էին, որ այս գործը ջուր է, պարզ էր՝ Քոչարյանին կալանքի տակ պահելու օրինական հիմք չկա»

Հունիս 21,2019 17:07

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանն այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում ասաց, որ շուտով 1 տարի կլինի, ինչ Քոչարյանի նկատմամբ քրեական գործը հարուցված է, բայց չկա Քոչարյանին կալանքի տակ պահելու որեւէ օրինական ճանապարհ, նրան կալանքի տակ պահելու որեւէ օրինական հիմք գոյություն չունի։

Ալումյանը հիշեցրեց գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցը. «Պարոն Ջհանգիրյանը կանխորոշել էր այս դատավարության ելքը եւ ասել էր՝ ՍԴ-ը ձգձգելու է գործի քննությունը, որպեսզի դատարաններին հնարավորություն տա ուղղել առաջին ատյանի դատարանի սխալը: Պարոն Ջհանգիրյանը կանխատեսել էր, որ ՍԴ-ն պիտի ձգձգի քննությունը, Վերաքննիչ դատարանը պիտի բեկանի առաջին ատյանի որոշումները, դրանից հետո կստացվի, որ ՍԴ դիմելու որոշում գոյություն չունի: Նաեւ կանխատեսել էր, որ ՍԴ-ն այլեւս կամ չի քննիչ Քոչարյանի գործը կամ եթե քննի՝ ապա բոլորովին ուրիշ կազմով: Այն ժամանակ հաղորդում ներկայացրեցինք, որովհետեւ Ջհանգիրյանի ասածից հետեւում էր, որ դատական ակտերը նախապես որոշված էին: Սա նշանակում է արդարադատության իրականացմանը վաղուց արդեն միջամտում են, իրենք վաղուց որոշել են ինչ է անելու ՍԴ-ն ու Վերաքննիչը: Երեկ պարզվեց՝ այն, ինչ Ջհանգիրյանն ասում էր՝ սկսեց իրականանալ: Չի կարելի ՀՀ ամբողջ արդարադատությունը, դատական ռեֆորմները ծառայեցնել մի նպատակի՝ որպեսզի պարոն Քոչարյանը կկալանավորվի:

Այս ամենը կարմիր թելով անցնում է ամբողջ գործի միջով՝ սկսած այն պահից, երբ դեռեւս անցյալ տարի վարչապետին դատավորները զեկուցել էին, որ այս գործը ջուր է, բոլորի համար պարզ է, որ Քոչարյանին կալանքի տակ պահելու օրինական հիմք գոյություն չունի: Գնալով անօրինական ազդեցություններն ավելի քիչ են սկսում ազդել դատական համակարգի վրա, ու ամեն անգամ է՛լ ավելի ուժեղ, է՛լ ավելի խայտառակ անօրինական ազդեցություն է անհրաժեշտ լինում դատական համակարգի վրա, որպեսզի պարոն Քոչարյանին կալանավորեն կամ շարունակեն պահեն կալանքի տակ։

Երբ բացահայտվեց, թե ինչ աստիճանի ապօրինություններ են կատարվում այս գործի շուրջ, այդքան ավելի ուժեղ ազդեցություններ են պահանջվում գործադիր եւ օրենսդիր իշխանություններից, որպեսզի այս գործով պարոն Քոչարյանին պահեն կալանքի տակ։ Գնալով դատական համակարգը սկսում է զգալ ինչ աստիճանի կեղծիքների, խախտումների վրա է կառուցված այս գործը եւ գնալով գործադիր եւ օրենսդիր իշխանությունների համար ավելի ու ավելի բարդ է դառնում ստիպել դատական համակարգին գնալ այդ խախտումներին եւ ստիպելու ձեւերը գնալով ավելի բիրտ են դառնում»:

Փաստաբանը ցավակցություն հայտնեց տուժողներին, եւ ասաց, որ հանրապետությունում չկա մի մարդ, որ հնարավորություն ունենար հետ բերել այդ երեխաներին ու չաներ .«Բայց պիտի ասենք՝ոչ մեկին թույլատրված չէ այդ մարդկանց վիշտն օգտագործել սեփական նպատակներին հասնելու համար: Այդ մարդկանց օգտին բերված բողոքները ամբողջությամբ հիմնված են նրա վրա, որ պարոն Քոչարյանը 10 զոհի մեղավորն է, պիտի պատասխան տա: Ես ուզում եմ բոլորը հասկանան, եթե 10 զոհից գոնե մեկի համար անմիջական պատասխանատվություն ունենար Քոչարյանը, եւ եթե այդպիսի փաստ գոյություն ունենար, պատկերացնո՞ւմ եք ՀՔԾ-ն այսօր հարյուրապատիկ ձեւով ուռճացված չներկայացներ: Այդ փաստը գոյություն չունի: Եվ որեւէ փաստ գոյություն չունի, որ այդ զոհերը կամ գոնե մեկը տեղի է ունեցել պարոն Քոչարյանի անմիջական պատասխանատվությամբ։ Բայց եթե ՀՔԾ-ն կամ դատախազությունը կարողանային այդպիսի մի հատ փաստ ստեղծեին, համոզված եմ, որ կստեղծեին։ Եթե չլիներ էլ, կստեղծեին: Դա ցույց է տալիս ողջ քրեական գործի ընթացքը։ Քոչարյանին 10 հոգու սպանություն, 10 հոգուց գոնե մեկի սպանություն չի վերագրվում, այդպիսի փաստ չկա, նույնիսկ այդպիսի փաստ ստեղծելու հնարավորություն չունեն իրենք։ Այն մարդիկ, ովքեր տուժողների վիշտը փորձում են ուղղել մի կոնկրետ ուղղությամբ, ովքեր որ արդեն ապրիորի որոշել են, որ այդ բոլոր սպանվածները սպանվել են հենց կոնկրետ մի կողմից ուղղված կրակոցներով, իրենք առնվազն լավ չեն անում։ Բացի այն, որ օրենք են խախտում, որոշակի բարոյական կանոններ են խախտում։ Դրա մասին պետք է խոսվի»:

Ալումյանն անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի երեկվա որոշմանը, նշեց, որ դա աննախադեպ է, երբ պաշտպանական կողմին թույլ չեն տալիս անել միջնորդություններ ողջ դատավարության ընթացքում. «Հնարավոր չէ իրավաբանական գնահատական տալ այսպիսի արարքին, բժշկական գնահատական՝ միգուցե։ Իրավաբանության մեջ, իրավաբանական պրակտիկայում դեռեւս այսպիսի իրավիճակներ ուղղակի նկարագրված չեն։ Հիմա մենք փակուղու առաջ ենք, պարոն Դանիելյանի գործողություններին իրավական գնահատական չենք կարողանում տալ, որովհետեւ նախադեպ չունեցող է»։ Դատավորը պետք է ասեր երկու կողմերին, ինչը կողմերի իրավունք էր, դա պետք

Դատաքննությունը վերսկսելու եւ իրենց դիրքորոշումները լսելու համար, ինչպես ասաց Ալումյանը, միջնորդություն են ներկայացնելու:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930