«Ինչպե՞ս եք վերաբերվում հակակոռուպցիոն դատարանին՝ որպես անցումային արդարադատության գործիք»,-«Իմ քայլի» կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու առաջադրված Վիգեն Քոչարյանին ԱԺ նիստում այսօր այսպիսի հարցադրում ուղղեց նույն խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը:
Քոչարյանը պատասխանեց. «Դա կարեւոր լուծումներից կարող է լինել ապագա բարեփոխումների համատեքստում: Մասնագիտացված դատարանի մասին է խոսքը: Հաշվի առնելով այդ ոլորտին առնչվող գործերի հանդեպ հասարակական հնչեղությունը՝ կարող է քննարկվել նաեւ այդ հնարավորությունը: Հակակոռուպցիոն դատարան հիմնելու որոշումը ձեր՝ պատգամավորների որոշման դաշտում է»:
Ապա Տաթեւիկ Հայրապետյանը հետաքրքրվեց՝ «Ճի՞շտ է, որ ձեր եւ Վլադիմիր Պուտինի գիտական ղեկավարը նույն մարդն է եղել»: Վիգեն Քոչարյանը հաստատեց. «Այո, տիկին Գալենսկայան է եղել: Նա հեղինակավոր եւ ճանաչված գիտնական է: Սանկտ-Պետերբուրգում ուսանելու ժամանակ պատիվ եմ ունեցել օգտվելու նրա խորհուրդներից»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ