«Օրբելի» կենտրոնի ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը խոսելով հունիսի 20-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Մնացականյանի եւ Մամեդյարովի կայացած հանդիպումից հետո արցախյան հակամարտության կարգավորման լուծման հեռանկարների եւ Արցախի անվտանգության մասին՝ ասաց, որ վերջին շրջանի իրադարձություններն արդեն ցույց էին տալիս, որ այս հանդիպումից շատ բան ակնկալել չի կարելի: «Մասնավորապես, վերջին երկու շաբաթվա ընթացքում շփման գծում, սահմանին, Արցախում լարվածությունը բավականին մեծ էր եւ երկուստեք կորուստները՝ Արցախի ՊԲ-ի եւ Ադրբեջանի ԶՈՒ-երի, շատ, ինչը չէինք տեսել վերջին ամիսներին: Այսինքն, փաստացի պետք է արձանագրենք՝ ինչպեսեւ սպասելի էր երկկողմ համաձայնությունը անցած տարվա սեպտեմբերի 28-ին Դուշանբեում ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի՝ ժամանակավոր միջոցառում էր, որն իր գործը կատարեց: Մինչեւ հիմնական բանակցային գործընթացի փուլին անցնելը սահմանին ըստ էության կրակոցներ չկային, զոհեր գրեթե չկային, կորուստներ չկային եւ խախտումներ չէին գրանցվում: Հասկանալի էր, որ դա ժամանակավոր միջոցառում է մինչեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով բանակցությունների սկսելը եւ նոր պայմանավորվածություններ ձեռք բերելը:
Դրանից հետո ադրբեջանական կողմը աստիճանաբար սկսեց գործողությունների մակարդակում անցնել իր հին գործելաոճին՝ կրկին խախտել հրադադարը: Պարզ ձեւակերպենք՝ ինչպիսին է Ադրբեջանի քաղաքականությունը այս հարցում: Ամեն գնով պահել լարվածությունը սահմանին, շփման գծում: Սա Ադրբեջանի քաղաքականության հիմքերից է: Ինչո՞ւ: Որովհետեւ իրենց քաղաքականության շրջանում հասկանում են, որ եթե չկա լարվածություն, ապա խնդիրը գնում է դեպի սառեցում եւ իրենք չեն կարողանում իրենց ուզած ճանապարհով լուծել հարցը: Իսկ եթե կա լարվածություն, ապա կա ճնշում գործադրելու փորձ Հայաստանի, Արցախի ղեկավարության եւ բնակչության նկատմամբ: Ու նրանք այդպես ուզում են քաղել իրենց ուզածը: Այսինքն, իրենց ուզածը ճնշում գործադրելն է: Դրան է ուղղված նաեւ այն, որ սկսած 2011-2012 թվականներից երբ անընդհատ առաջարկվում է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմներ գործարկել, Ադրբեջանը հրաժարվում է, առաջարկվում է դիպուկահարներին հետ քաշել՝ հրաժարվում է, որովհետեւ եթե առաջնագծում չկան դիպուկահարներ, ապա լարվածությունը պահել հեշտ չի լինի:
Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածությունը երկկողմ պայմանավորվածություն էր: Դա նշանակում է, որ հրադադարի պահպանումը կախված էր երկու երկրների ղեկավարների կամքից: Այսինքն, վերահսկման որեւէ մեխանիզմ չկա: Միակ վերահսկման մեխանիզմը այն է, որ ղեկավարները հավատարիմ են մնում ձեռքբերված պայմանավորվածությանը: Եթե հավատարիմ չեն մնում, ապա չկա մեխանիզմ՝ չկա տեսանկարահանում, չկան ֆիքսող սարքեր որոնք թույլ կտան հաշվարկել, տեսնել, թե կողմերից որ մեկն է գնացել խախտմանը: Այսինքն, հնարավոր է մեղքը բարդել մեկը մյուսի վրա»,-ասաց Տարոն Հովհաննիսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ