Հունիսի 10-ին լրացավ ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր, պրոֆեսոր Յուրի Դավթյանի 90-ամյա հոբելյանը։ Երաժշտական փառավոր կյանք է անցել Յուրի Դավթյանը՝ ոչ միայն համերգային բուռն գործունեությամբ լի, այլև դաստիարակել, կրթել է ուսանողների մի քանի սերունդ, որոնք այսօր տարբեր երկրներում շարունակում են հայկական դիրիժորական արվեստի ավանդույթները։
ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանը նշում է, որ առաջին հայացքից անհավատալի է այն փաստը, որ Յուրի Դավթյանը 90 տարեկան է, քանի որ նա լի է ավյունով, երիտասարդական ուժով։ «Մեր երիտասարդ պրոֆեսիոնալ դիրիժորների թվում չկա երևի մեկը, որ անցած չլինի Յուրի Դավթյանի դպրոցը, Յուրի Դավթյանի փայտիկի տակով։ Ե՜վ օպերային, և՜ սիմֆոնիկ արվեստում Յուրի Դավթյանը մեր դիրիժորական դպրոցի հենասյուներից է։ Ահռելի գրականություն՝ օպերային և սիմֆոնիկ, շատ մեծ փորձ և փայլուն դպրոց, եթե չեմ սխալվում, Մարկևիչի մոտ սովորած. սա է Յուրի Դավթյանի անցած ճանապարհը։ Եվ այդ հարուստ փորձի արդյունքն են՝ ուսանողները, համերգներն ու ստեղծագործական հարուստ գործունեությունը։
Ցանկանում եմ Յուրի Դավթյանին, որպեսզի միշտ լինի պրոֆեսիոնալ վիճակում։ Մի քանի սերունդ դաստիարակած ու կրթած դիրիժորը շարունակի իր պրոֆեսիոնալ գործունեությունը բեմում, շփումները երիտասարդների հետ»,- ասաց Էդուարդ Թադևոսյանը։
Նշենք, որ հուլիսի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կազմակերպում է համերգ՝ նվիրված Յուրի Դավթյանի 90-ամյակին։ Համերգը կղեկավարեն հոբելյարը՝ Յուրի Դավթյանը, և նրա աշակերտները՝ Սերգեյ Սմբատյանը, Հայկ Դավթյանը, Նիկոլայ Պողոսյանը։
Կարդացեք նաև
Անուշ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ