Հաշվի առնելով՝
– Հայաստանի Հանրապետությունում արդարադատության համակարգի վերափոխման անհրաժեշտությունը,
– ներպետական դատաիրավական համակարգի նկատմամբ հասարակության ցածր վստահությունը,
– արդարադատության համակարգի վերափոխման հասարակության ակնկալիքները,
Կարդացեք նաև
Նպատակ ունենալով՝
-բարձրացնել դատաիրավական ինստիտուտների նկատմամբ վստահությունը,
– դատական իշխանության ինստիտուցիոնալ և կայուն զարգացման ընթացքն ապահովելը,
Հիմք ընդունելով՝
– Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված Մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության վերաբերյալ դրույթները՝
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն
Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ Ու Մ Է
Հայաստանի Հանրապետությունում դատավորների վեթինգի իրականացման կառուցակարգի հետևյալ սկզբունքները.
Իրավունքի գերակայություն և օրինականություն
1. Դատավորների վեթինգի ամբողջ գործընթացը պետք է կատարվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ «Սահմանադրություն»), Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի և օրենսդրության տառին ու ոգուն համապատասխան։
2. Դատավորների վեթինգի գործընթացը կարգավորող իրավական ակտը պետք է ունենա առնվազն օրենքի մակարդակ։ Եթե Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտություն առաջանա, ապա պետք է կատարվեն նաև սահմանադրական փոփոխություններ:
Փոխզիջում
3. Մինչ վեթինգի համար ընդունվելիք օրենսդրության ուժի մեջ մտնելը դատավորը կարող է ներկայացնել հրաժարականի դիմում։ Այդ դեպքում նա վեթինգի չի ենթարկվում։
– Այս դրույթը որևէ կերպ չի կարող հիմք հանդիսանալ անձին համապատասխան հիմքերի առկայության դեպքում հանցագործության հաղորդմամբ և/կամ քաղաքացիական հայցով համապատասխան մարմիններ դիմելու իրավունքից զրկելու համար։
Համակարգային մոտեցում
4. Դատավորների վեթինգի գործընթացում պետք է բացառվեն դիպվածային և իրավիճակային լուծումները։ Վեթինգը չպետք է քաղաքականացվի, չպետք է թիրախավորի անհատներին` չպետք է դառնա այլախոհության դեմ պայքարի միջոց։ Վեթինգը պետք է իրականացվի անհատական պատասխանատվության սկզբունքի հիման վրա։ Այն ամբողջությամբ պետք է միտված լինի դատաիրավական բարեփոխումների ռազմավարական և երկարաժամկետ խնդիրների լուծման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովմանը։
5. Վեթինգի գործընթացը պետք է ֆինանսավորվի բացառապես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին։
6. Վեթինգը պետք է իրագործվի օրենքով սահմանված ժամկետում։ Գործընթացը պետք է ավարտվի օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից 18 ամսվա ընթացքում։ Այդ ժամկետն անհրաժեշտության դեպքում կարող է երկարացվել մեկ անգամ՝ մինչև ևս 6 ամսով։
Դատարանների աշխատանքի բնականոն գործընթացի խաթարման անթույլատրելիություն
7. Դատավորների վեթինգի գործընթացը չպետք է խաթարի դատարանների գործունեությունը, խախտի գործերի քննության դատավարական ժամկետները, դատավարության մասնակիցների իրավունքները։
– Դատական գործընթացի բնականոն ընթացքն ապահովելու համար, դատավորները շարունակում են պաշտոնավարել իրենց պաշտոններում` մինչև վերանշանակվելը կամ մինչև նրանց պաշտոններում նոր անձանց նշանակումը:
Անկախ և արհեստավարժ մարմին
8. Վեթինգի և բողոքարկման վարույթները պետք է բացարձակապես զուրկ լինեն որևէ քաղաքական տարրից։ Վեթինգը պետք է իրականացվի դատավորների և նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների ծագման հիմքերի օրինականությունը, ինչպես նաև դատավորների բարեվարքությունն ուսումնասիրող անկախ, ապաքաղաքական և արհեստավարժ վեթինգի հանձնաժողովի (այսուհետ «Վեթինգի հանձնաժողով») կողմից։
– Հանձնաժողովում պետք է ընդգրկվեն բացառապես ապաքաղաքական, բարձրագույն կրթություն ունեցող, մասնագիտական բարձր որակներ ունեցող և հանրային բարձր վստահություն վայելող անձիք, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության այլ ինստիտուտների ներկայացուցիչներ։ Հանձնաժողովում ընդգրկվում են իշխանության բոլոր ճյուղերի, ինչպես նաև խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերի կողմից առաջադրված մեկական անձիք՝ սույն կետում հռչակված սկզբունքներին համապատասխան։
– Հանձնաժողովի կազմում պետք է պարտադիր ընդգրկվեն իրավաբաններ, տնտեսագետներ և խնդրո առարկա ոլորտին առնչվող այլ մասնագետներ։
– Հանձնաժողովի անդամները պետք է լինեն բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։
9. Եթե Վեթինգի կամ Բողոքարկման հանձնաժողովի անդամներից որևէ մեկը`
– անձնական սերտ հարաբերություններ կամ խնդիր ունի կամ երբևէ ունեցել է վեթինգի ենթարկվող դատավորի հետ,
– կամ այդ անդամի կամ նրա մերձավորի քրեական, քաղաքացիական կամ վարչական գործը քննվել կամ քննվում է վեթինգի ենթարկվող դատավորի մոտ՝ անկախ այդ գործի ելքից,
– կամ վեթինգի ենթարկվող դատավորը հանձնաժողովի անդամի մերձավոր ազգականն է,
ապա հանձնաժողովի տվյալ անդամը չի մասնակցում այդ դատավորի համապատասխանաբար վեթինգի կամ բողոքարկման վարույթին և քվեարկությանը։
– Սույն կետով նախատեսված դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է գրավոր հայտարարություն վեթինգի կամ բողոքարկման վարույթին և քվեարկությանը մասնակցելուց հրաժարման հիմքերի մասին, որը կցվում է գործին։
Իրավական պաշտպանության արդյունավետ կառուցակարգերի երաշխավորում և ապահովում
10. Անհրաժեշտության դեպքում վեթինգի ենթարկվող դատավորը կարող է օգտվել փաստաբանի կամ այլ անձի ծառայություններից՝ վեթինգի գործընթացում իր պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար։
Բողոքարկման արդյունավետ կառուցակարգերի երաշխավորում և ապահովում
11. Վեթինգի ենթարկված դատավորը պետք է իրավունք ունենա բողոքարկելու Վեթինգի հանձնաժողովի որոշում(ներ)ը մասնակի կամ ամբողջությամբ՝ Վեթինգի հանձնաժողովի որոշումները վերանայող անկախ, ապաքաղաքական և արհեստավարժ հանձնաժողովում (այսուհետ՝ «Բողոքարկման հանձնաժողով»)։
– Բողոքարկման հանձնաժողովում չպետք է ընդգրկված լինի Վեթինգի հանձնաժողովի որևէ ներկայացուցիչ, այդ թվում՝ նախկին ներկայացուցիչ։
– Բողոքարկման հանձնաժողովը կազմավորվում է Վեթինգի հանձնաժողովի կազմավորման համար սույն փաստաթղթով հռչակված սկզբունքներին համապատասխան։
– Վեթինգի հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել միայն դատավորի կողմից՝ միայն իր համար անբարենպաստ մասով։
Անմեղության կանխավարկած
12. Վեթինգի ենթարկվող դատավորը պետք է հնարավորություն ունենա բացահայտելու դատավորի պաշտոնն ստանձնելու պահից սկսած իր ունեցվածքի՝ գույքի և եկամուտների ձեռքբերման հիմքերի օրինականությունը, ինչպես նաև բարեվարքության միջազգայորեն ընդունված չափանիշների խախտման վերաբերյալ իրեն հասցեագրված մեղադրանքները։
– Վեթինգի ենթարկվող դատավորին անհատույց տրամադրվում են իր գործի բոլոր նյութերի պատշաճ որակի օրինակները՝ իր գործի քննությունից առնվազն 15 օրացույցային օր առաջ։
13. Չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ վեթինգի ենթարկվող դատավորի։
Արժանապատվության իրավունքի հարգում
14. Վեթինգի ենթակա են անձանց գույքն ու եկամուտները, ինչպես նաև բարեվարքությունը, սակայն ոչ մասնագիտական որակները։Բարեվարքության չափորոշիչները պետք է սահմանվեն Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված` Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային կոնվենցիաներին համապատասխան:
– Վեթինգի ենթակա չեն դատավորի կողմից կայացված ակտերը, մասնագիտական որակները։ Դրանց վերաբերյալ հանձնաժողովը չի կարող հարց բարձրացնել քննության ընթացքում։
– Այնուամենայնիվ, եթե օրենքի ընդունման արդյունքում որոշում կայացվի, որ վեթինիգի ենթարկվում են նաև մասնագիտական որակները, ապա մասնագիտական որակների ստուգման համար քննությունը պետք է կատարվի տեխնիկական միջոցների կիրառմամբ թեստավորման միջոցով՝ իսպառ բացառելով մարդկային գործոնը։ Ընդ որում, վեթինգի են ենթակա բացառապես իրավական ոլորտի մասնագիտական կարողությունները՝ յուրաքանչյուր դատավորի մասնագիտացմանը համապատասխան։
15. Ցանկացած դեպքում վեթինգի ենթարկվող դատավորի արժանապատիվ վերաբերմունքի իրավունքը պետք է հարգվի։
– Վեթինգի կամ Բողոքարկման հանձնաժողովի անդամն իրավունք չունի հոգեբանական ճնշում գործադրելու կամ նվաստացնելու դատավորի անձը։ Հանձնաժողովի այն անդամը, ով սույն մասով նախատեսված արարք կատարելու փորձ կկատարի, պետք է զրկվի հանձնաժողովի անդամությունից։
Օրինականություն, հրապարակայնություն և անձնական տվյալների պաշտպանություն
16. Վեթինգի և Բողոքարկման հանձնաժողովների որոշումները պետք է բխեն օրինականության սկզբունքից, պատճառաբանված և մանրամասն հիմնավորված լինեն, ինչպես նաև լինեն հրապարակային՝ չխախտելով անձնական տվյալների պաշտպանությանն ուղղված օրենսդրական պահանջները։
17. Հանձնաժողովի անդամների քվեարկությունը բաց է։
Քվորումի և որոշումների անցկացման բարձր շեմ, այլ ընթացակարգային դրույթներ
18. Վեթինգի և Բողոքարկման հանձնաժողովների նիստերը պետք է համարվեն իրավազոր հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ի ներկայության դեպքում։ Հանձնաժողովի նիստի ընթացքում դատավորին ուղղորդող հարց տալն արգելվում է։
– Վեթինգի և Բողոքարկման հանձնաժողովների նախագահ է ընտրվում համապատասխան հանձնաժողովի անդամների թվից՝ ինքնաառաջադրման սկզբունքով։ Հանձնաժողովի նախագահը նախագահում է հանձնաժողովի նիստերը և ապահովում հանձնաժողովի գործունեության բնականոն ընթացքը։ Հանձնաժողովի նախագահը քվեարկում է վերջինը։
– Վեթինգի և Բողոքարկման հանձնաժողովները կարող են ունենալ հանձնաժողովի նիստերի նյութերը նախապատրաստող գործավար(ներ), ում վարձատրության չափը սահմանվում է համապատասխան իրավական ակտով։
19. Վեթինգի և Բողոքարկման հանձնաժողովի անդամների ձայները հավասար բաշխվելու դեպքում ընդունված է համարվում դատավորի համար առավել բարենպաստ որոշումը։
– Քվեարկել կարելի է միայն կողմ կամ դեմ։ Հանձնաժողովի անդամն ունի հատուկ կարծիքի իրավունք, որը հրապարակվում է համապատասխան որոշման հետ համատեղ։
20. Դատավորների վեթինգի գործընթացը հաջողությամբ ավարտվելուց հետո վեթինգի պետք է ենթարկվեն հանրային ծառայության պաշտոնների անվանացանկում ընդգրկված այլ բարձրաստիճան պաշտոնատար անձիք, այդ թվում՝ ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնատար անձիք, դատախազները, քննիչները, հարկային, մաքսային և այլ մարմինների աշխատակիցները՝ սույն փաստաթղթով սահմանված սկզբունքներին համապատասխան։
«Լուսավոր Հայաստան»