Այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն անդրադառնալով դատարանում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած վերաքննիչ բողոքին, ըստ որի, Քոչարյանի 26-ամյա որդու հաշվեհամարին 2007-ից հետո 2 տարում 18 միլիոն դոլարին համարժեք դրամ է մուտք եղել, ասաց, որ ոչ թե գումար է փոխանցվել, այլ հաշվի շարժ է եղել։
Գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, որ 2008-ին խոշոր գործարք է արել արաբների հետ եւ իրեն չխանգարելու համար վճարել է Ռոբերտ Քոչարյանին, իսկ անցյալ տարի ասուլիսում ասել էր՝ «Գումարը տվել եմ Սամվել Մայրապետյանին, գումարը փոխանցե՞լ է Քոչարյանին, թե՝ ոչ, չգիտեմ»:
Դատախազ Դավթյանի վերաքննիչ բողոքի եւ գումարի շարժի մասին Ալումյանն այսօր ասաց. «Գլխավոր դատախազն այնքան տարբեր բաներ է ասել եւ իրար, բացառող ու տրամաբանորեն հակառակ այս գործի ընթացքում: Գլխավոր դատախազը, եթե նման բան է ասել, սպասեք մեկ տարի՝ լրիվ ուրիշ բան կասի, հետ գնացեք մի տարի՝ լրիվ ուրիշ բան էր ասում: Չեմ մեկնաբանում գլխավոր դատախազի ասածը: Խոսքը գնում է ոչ թե հաշվի մուտքերի մասին, այլ՝ շարժի: Դա ոչ թե Ռոբերտ Քոչարյանի հաշվի մասին է, այլ Սեդրակ Քոչարյանի: Դա կապել Սիլվա Համբարձումյանի կաշառքի հաղորդագրության հետ, ընդհանրապես որեւէ հիմք չունի՝ այդ շարժը կապել Սիլվա Համբարձումյանի հետ: Սիլվա Համբարձումյանն անգամ չի ասել, որ Ռոբերտ Քոչարյանին կաշառք է տվել: Այն անձինք, ովքեր, որ, ըստ մեղադրանքի, Սիլվա Համբարձումյանի կաշառքը պետք է իբր փոխանցեին Քոչարյանին, այդ անձինք էլ են ասում, որ նման բան չի եղել: Այն աստիճանի է այդ վարկածը հերքվում, որ անգամ այն դատարանները, որոնք պատվեր կատարելով, օրենքը խախտելով՝ Քոչարյանին կալանքի տակ են պահել, ստիպված էին փաստել, որ գոնե կաշառքի մասով հիմնավոր կասկածի շեմը գոյություն չունի»:
Ալումյանի խոսքերով՝ Քոչարյանին հետապնդումների հետեւում կանգնողները հասկացել են, որ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով Ռոբերտ Քոչարյանը բոլոր դեպքերում անձեռնմխելի է, ուստի պետք է որեւէ մի մեղադրանք էլ գոյություն ունենա, որպեսզի Քոչարյանի անձեռնմխելիության խնդիրը չկանգնի իրենց առաջ.Եվ այս կաշառքի մեղադրանքը զուտ նրա համար է մտցվել, որպեսզի անձեռնմխելիության խնդրի առաջ չկանգնեն: Այ թե որտեղից է այդ վարկածը մտցվել: Սիլվա Համբարձումյանից որեւէ լումա Քոչարյանին, նրա ընտանիքին, նրա հետ կապ ունեցող որեւէ անձի փոխանցված չէ, նման ապացույց գոյություն չունի»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ