Լրահոս
Օրվա լրահոսը

Վարվառա Հովհաննիսյան. «Հեղինակավոր փառատոների ֆիլմերը կդիտեն Երեւանում»

Հունիս 21,2019 15:47

«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը հունիսի 21-ին կայացած ասուլիսում ներկայացրեց 16-րդ «Ոսկե ծիրանի» միջազգային մրցույթային, տարածաշրջանային կարճամետրաժ մրցույթային, «Տարածաշրջանային համայնապատկեր», «Ծուռ ծիրան» ծրագրերը, հետահայաց ցուցադրությունները: Նա նշեց, որ այս տարի ֆիլմերի տեսակային սահմանափակումը վերացված է, որովհետեւ վաղուց այն հարաբերական է համարվում կինոյում: Կարեն Ավետիսյանի խոսքերով, այդ քայլը նպատակ ունի հանդիսատեսին բերելու այն գիտակցման, որ վավերագրական կինոն նույնքան կարեւոր է, որքան խաղարկայինը, եւ հանդիսատեսը փառատոնի ծրագիրը նայելով` կարող է հանդիպել ինչպես խաղարկային, այնպես էլ վավերագրական ու կիսավավերագրական ֆիլմերի:

«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի ծրագրերի տնօրենը նշեց, որ միջազգային լիամետրաժ մրցույթը ներառում է 12 ֆիլմ, որոնք են Ռիչարդ Բիլինգհեմի «Ռեյ և Լիզ», Բուրաք Չևիքի «Կապվածություն», Յուրիս Կուրսիետիսի «Օլեգ», Շավի Սալայի «Գիեդանիի պորտը», Դընի Կոտեի «Անհետացած քաղաքների հավաքածու», Սուհաիբ Գասմելբարիօ «Խոսելով ծառերի մասին», Նինո Ժվանիայի «Շքերթ» Վրաստան, Կանտեմիր Բալագով «Լողլողը», Հասան Ֆազիլիի «Կեսգիշերային ճամփորդը», Տեոնա Ստրուգար Միտևսկայի «Աստված գոյություն ունի, անունն էլ՝ Պետրունյա», Ցզյան Սինի «Ձմեռ ձմռանից հետո», Միմի Մալայանի և Արթուր Մուրադյանի «Անպետության դիվանագետը» եւ Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» կինոնկարները:

Նաեւ բացատրեց հայկական ֆիլմի ներկայությունը այս մրցույթում. մեկ տարի առաջ Հայաստանի ազգային կինոակադեմիայի եւ «Ոսկե ծիրանի» միջեւ կնքվել է համաձայնագիր, ըստ որի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթած լիամետրաժ ֆիլմը մտնում է միջազգային մրցույթային ծրագիր: Կարեն Ավետիսյանը խոսեց նաեւ լեհական ծրագրից, Կաննի կինոփառատոնի հետ պայմանավորվածություններից ու բացառիկ հյուրերից:

Մանրամասն` տեսանյութում

«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանն անդրադարձավ անչափ սպասված «Երևանյան պրեմիերաներ» ծրագրին, որտեղ ընդգրկված են կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոններից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից, Վենետիկից: Նա հայտնեց, որ հայաստանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու Ոսկե արմավենու արժանացած Պոն Ջուն Հոյի «Մակաբույծը» ֆիլմը, լավագույն սցենարի համար մրցանակ ստացած Սելին Սկյամմայի «Աղջկա դիմանկարը կրակի մեջ» ֆիլմը, Քեն Լոուչի «Ներողություն, ձեզ տեղում չգտանք»-ը:

Մանրամասն` տեսանյութում

Վարվառա Հովհաննիսյանը հայտնեց, որ ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի լիամետրաժ ֆիլմերի մրցույթում 5-ի փոխարեն ժյուրիի 7 անդամ ունեն: Ներկայացրեց նաեւ կազմը: Միջազգային լիամետրաժ մրցույթային ծրագրի ժյուրին կնախագահի ռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն: Ժյուրիի կազմում ընդգրկված են ռեժիսոր Նիկոլաս Վադիմոֆը (Շվեյցարիա), ռեժիսոր, Թեհրանի միջազգային կինոփառատոնի նախագահ Ռեզա Միրքարիմին (Իրան), պրոդյուսեր, Թրայբեկայի կինոփառատոնի գործադիր տնօրեն Էմի Հոբին (ԱՄՆ), պրոդյուսեր Էլիզաբեթ Կառլսենը (Մեծ Բրիտանիա), կինոքննադատ Պաոլո Բերտոլինը (Իտալիա), դերասանուհի, ռեժիսոր Նինո Կիրտաձեն (Ֆրանսիա):

Նշվեց, որ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում ընդգրկված են Նադավ Լապիդի «Հոմանիշներ», Ժու Շենգզեի «Ներկա կատարյալը», Ալեքսեյ Չուպովի և Նատալյա Մերկուլովայի «Բոլորին զարմացրած մարդը», Ֆրանսուա Օզոնի «Աստծո ողորմությամբ», Բոն Ջուն-հոյի «Մակաբույծը» և այլ կինոնկարներ:

Կարեն Ավետիսյանը դեռեւս ձեռնպահ մնաց բացման ֆիլմի անունը նշելուց, ասաց, որ մանրամասներն ավելի ուշ կհայտարարվեն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930