Հունիսի 20-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ։ Այս հանդիպումը տեղի է ունեցել բավական հետաքրքիր և բարդ ներքաղաքական ու արտաքին քաղաքական համատեքստում, և հերթական անգամ ցույց է տալիս, որ հայ-ռուսական հարաբերություններում Մոսկվան տրամադրված է պաշտպանել կոնկրետ անձանց կոնկրետ շահերը։
Միջավայրը
Դեռևս հունիսի 13-ին հայտնի էր դարձել, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանը հանդիպել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որը ջերմ հարաբերություններ ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հանդիպումն արժանացավ հայկական կողմի կոշտ արձագանքին, ընդհուպ՝ ՌԴ դեսպանը կանչվեց ԱԳՆ, որտեղ նրա հետ զրույց տեղի ունեցավ «Հայաստանի ներքին գործերին չխառնվելու համատեքստում»։
Կարդացեք նաև
Դեսպանի և Հրայր Թովմասյանի հանդիպումը, փաստացի, տեղի ունեցավ հայկական կողմի այս արձագանքից հետո, սակայն դա այս իրադարձության միակ ուշագրավ կողմը չէ։ Տեղի ունեցածի ողջ հմայքն այն է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հանդիպման պահին առանցքային դեր ուներ Ռոբերտ Քոչարյանի հետագա ճակատագրի համար, քանի որ Քոչարյանի և մյուսների գործը կարող էր ուղարկվել Սահմանադրական դատարան, որտեղ ՍԴ-ն պետք է քններ Քոչարյանի անձեռնմխելիության և նրան առաջադրված մեղադրանքների կիրառելիության հարցը։ Այլ կերպ ասած՝ ՍԴ-ն պետք է որոշեր Քոչարյանի՝ ազատության մեջ մնալ-չմնալու հարցը։
Սրան զուգահեռ, սակայն, Հայաստանի Ազգային ժողովը հունիսի 20-ին Սահմանադրական դատարանի դատավոր ընտրեց Վահե Գրիգորյանին, որն իր երդման ելույթի ժամանակ հայտարարեց, որ ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները՝ հղում անելով օրենսդրական բացերի հետևանքով առաջացած սահմանադրական ճգնաժամին։
Փաստացի, Վահե Գրիգորյանի հայտարարությունը նշանակում է, որ Քոչարյանի հարցում Հրայր Թովմասյանի լիազորությունները ներկա պահին առնվազն հարցականի տակ են գտնվում, ինչը յուրօրինակ կերպով իմաստազրկում է դեսպանի քայլը։
Հետևանքները
Փաստացի, Հայաստանը դիվանագիտական գործիքակազմի ամենակոշտ միջոցներից մեկով վերաբերմունք էր ցույց տվել Քոչարյանի և ՌԴ դեսպանի հանդիպմանը և հստակ հասկացնել տվել, որ բացասական է վերաբերվում ՀՀ ներքին գործերին խառնվելուն ուղղված Մոսկվայի գործողությանը։ Դրանից հետո, սակայն, ռուսական կողմը ոչ թե փորձել է որևէ հայտարարության կամ դիվանագիտական այլ միջոցով մեղմել կամ բացատրել իրավիճակը, այլ ակնհայտորեն արհամարհել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ավելի սրելով ստեղծված իրավիճակը։
Այլ կերպ ասած, ծավալվող իրադարձությունները հուշում են, որ Ռուսաստանն ինքն է պատրաստ ներկա փուլում փորձության ենթարկել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները՝ չցանկանալով հետ կանգնել որդեգրած ուղուց։ Ավելին, Հայաստանի ներքին գործերին միջամտելուն ուղղված գործողությունների այս տրամաբանությամբ Ռուսաստանը կարող է շարունակել արհամարհել Երևանից հնչող ազդակները և նույնիսկ դիմել ավելի կոշտ քայլերի, սակայն դրանց հետևանքը կարող է անկանխատեսելի լինել բոլոր կողմերի համար։
Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
Արգելափակել ռուսերենի տարածումը ՀՀ-ում