Շուրջ մեկ տարի ոստիկանության զորքերը կանոնավոր հերթապահություն են իրականացնում պետական սահմանում: Այսօր լրագրողների հետ զրույցում ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց. «Այդ առաջադրանքը կատարում են գերազանց»։ Սա, ըստ Վալերի Օսիպյանի, հետհեղափոխական շրջանում ՀՀ ոստիկանությունում եղած թիվ մեկ փոփոխությունն է:
Հիշեցնենք, որ նախկինում, ոստիկանության զորքերը սահմանում հերթապահություն էին իրականացնում` ըստ անհրաժեշտության:
Հիշեցնենք նաեւ, որ այսօր ոստիկանության զորքերի կազմավորման 27-ամյակի առիթով Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն էր այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կարդացեք նաև
«Մենք «ոչ» ենք ասել իրավախախտին, հանցագործին։ Օրենքը բոլորի համար է: Որեւէ մեկը չի կարող սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություն թույլ տալ։ Ոստիկանությունն այլեւս հանդուրժող չէ»,- ասաց Վալերի Օսիպյանը`պատասխանելով Երեւանում ոստիկանության ծառայության ուժեղացված հսկողության մասին հարցին:
Լրագրողները ոստիկանապետից նաեւ հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ ոստիկանությունը թույլ չի տալիս «Վետօ» խմբի անդամներին բողոքի ցույց անցկացնել Երեւանում` «Բաց հասարակության հիմնադրամներ- Երեւան» գրասենյակի դիմաց։
Ոստիկանապետն ասաց, որ ոչ ոք իրավունք չունի սահմանափակել այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը: «Մենք առաջնորդվում ենք ոչ թե մարդկանց քանակով, այլ մեզ համար մեկ անձնավորությունը նույնպես մարդ է, եւ մենք այդ քաղաքացու համար նույնպես պարտավոր ենք ծառայություններ մատուցել»,- ասաց ոստիկանապետը` նկատի ունենալով ցուցարարների կողմից գրասենյակի մուտքերն ու ելքերը փակելը:
Վալերի Օսիպյանը նաեւ ասաց, որ իր ղեկավարած կառույցում օպտիմալացում է ընթանում, եւ չի բացառվում, որ կրկնվող գործառույթներն ու ծառայությունները միավորվեն մեկ ծառայության մեջ:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ