«ՀՀ-ում սիրո եւ համերաշխության մթնոլորտ ձեւավորելու մեր անմնացորդ ձգտումը ոմանք կարծես փորձ են անում մեկնաբանել, որպես թուլություն: Ուզում եմ հստակ հայտարարել՝ որեւէ մեկի մոտ կասկած չառաջանա, թե ՀՀ կառավարությունը երկչոտության որեւէ դրսևորում կամ կամքի պակաս կունենա ՀՀ-ում սահմանադրական կարգը, քաղաքացիների կամքը, ինքնիշխանությունը, ՀՀ քաղաքացիների ազատությունը, ժողովրդավարությունը պաշտպանելու գործում: Մեր կամքը չի սասանվի ու մեր ձեռքը չի դողա բոլոր նրանց հետ հարաբերություններում, ովքեր կփորձեն ՀՀ-ում վերածնել բռնության քարոզչությունը և գործելակերպը»,- այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն այսօր Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն էր այցելել` ոստիկանության զորքերի կազմավորման 27-ամյակի առիթով:
Վարչապետը ծանոթացավ զինտեխնիկային, այդ թվում մարտական, որով ոստիկանության զորքերի աշխատակիցները սահմաններում մարտական հերթապահություն են իրականացնում:
Կարդացեք նաև
Արդեն մեկ տարի է՝ ոստիկանության զորքերը կանոնավոր մարտական հերթապահություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին: «ՀՀ ոստիկանության զորքերն ուղարկելով հայրենիքի սահմանները պաշտպանելու՝ մենք արտահայտում ենք մեր պատկերացումը նաև ՀՀ ներքին հարաբերությունների մասին, որ ՀՀ-ն պետք է լինի բռնությունից զերծ հանրություն, մի հանրություն, որտեղ տեղ չունեն բռնությունով հարցեր լուծելու որևէ մտայնություն, որևէ փորձ, որևէ քարոզչություն: Եվ այս պատկերացումը մենք ամեն օր հետևողական աշխատանքով կյանքի ենք կոչում և կյանքի ենք կոչելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները`տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/1088165241368340/
Նիկոլ Փաշինյանը նաեւ անդրադարձավ արտաքին թշնամուն, ասաց, որ մենք կողմնակից ենք տարածաշրջանում տևական և կայուն խաղաղություն հաստատելուն. «Բայց եթե կլինեն ուժեր, որ մեր այս մղումը կփորձեն մեկնաբանել որպես թուլության դրսևորում, ահա այդ բոլոր կստանան մեր հավաքական կամքի, ուժի վճռական հակահարվածը, և այդ հակահարվածը կհեղինակեն նաև Ոստիկանության զորքերի այն ծառայողները, ովքեր այսօր ամուր կանգնած են ՀՀ-ի և հայ ժողովրդի անվտանգության ամուր պաշտպանության դիրքերում: Մեր կամքը վճռական է, մենք ամուր կանգնած ենք մեր հայրենիքի, մեր հողի վրա, և որևէ թշնամի՝ ներքին, թե արտաքին, չի կարող սասանել մեր միասնությունը: Եվ ՀՀ-ի բոլոր թշնամիներին սպասում է միանշանակ և անվերապահ պարտություն»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ