Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարությունը, որ «Մտնում եմ Սահմանադրական դատարան՝ ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը», հակասական մեկնաբանություններ ունի:
Այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հարցին, թե դուք գիտե՞ք ինչ է նշանակում այդ հայտարարությունը եւ խմբակցությունն ի՞նչ դիրքորոշում ունի դրա հետ կապված՝ պատասխանեց. «Վահե Գրիգորյանի հայտարարությունը առնչվում է սահմանադրական դրույթների հետ, ինչպես գիտեք, այդ դրույթները բացառապես կարող է մեկնաբանել ՍԴ դատավորը»:
Ըստ Մակունցի, Վահե Գրիգորյանի եւ յուրաքանչյուր թեկնածուի իրավունքն է մտադրություն ունենալ եւ որեւէ փուլում այն հանրայնացնել կամ չհանրայնացնել. «Վահե Գրիգորյանը նպատակահարմար է գտել իր մտադրությունների մասին տեղեկացնել երդման արարողության ընթացքում որեւէ խնդիր ես այդտեղ չեմ տեսնում: Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանի հայտարարությանը՝ ՍԴ նախագահի պարտականությունները կատարելու վերաբերյալ, քանի որ դա սահմանադրական դրույթի մեկնաբանություն է, խնդրում եմ դիմեք Վահե Գրիգորյանին, միայն ՍԴ դատավորը կարող է մեկնաբանել»:
Լիլիթ Մակունցը հարցին՝ ձեզ համար անակնկա՞լ էր Վահե Գրիգորյանի ասածը, սպասո՞ւմ էիք, որ նման հայտարարություն կանի՝ պատասխանեց. «Ինձ համար անակնկալ էր Վահե Գրիգորյանի հայտարարությունը՝ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները ստանձնելու վերաբերյալ: Այդ հատվածով ինձ համար անակնկալ էր»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ձեր կարծիքով, Հրայր Թովմասյանը լեգիտի՞մ ընտրված ՍԴ անդամ է, քանի որ ընտրվել է նախորդ ԱԺ-ի կողմից, թե՞ լեգիտիմ չէ, կա՞ նրա հրաժարականը պահանջելու որեւէ անհրաժեշտություն՝ Մակունցը պատասխանեց. «Դրա հետ կապված որեւէ քննարկում չի եղել խմբակցության ներսում, բայց այն իրավիճակը, որը ենթադրել է Վահե Գրիգորյանը՝ ՍԴ-ում գոյություն ունեցող իրավիճակի մասին, մենք տեղյակ եղել ենք»:
Լրագրողները նաեւ հարցրեցին՝ Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, որ ՍԴ-ի երկու նախագահ չի կարող լինել եւ ըստ էության, հանցակազմ կա, ինչպե՞ս կմեկնաբանեք՝ Մակունցը պատասխանեց. «Վահե Գրիգորյանը չի հայտարարել, որ նա ՍԴ-ի նախագահն է, հայտարարել է, որ ստանձնում է ՍԴ նախագահի պարտականությունների կատարումը: Սրանք տարբեր բաներ են եւ վստահ եմ, տիկին Հովհաննիսյանը տարբերությունը գիտի»:
Ավետիք Իշխանյանն ասել էր, որ Վահե Գրիգորյանի տրամաբանությամբ, ստացվում է, որ չենք կարող ասել ԱԺ անդամ, պետք է ասել ԱԺ պատգամավոր, ի՞նչ կասեք՝ նա պատասխանեց. «Վստահ եմ, պարոն Իշխանյանը գիտի, թե ինչ փոփոխություններ են եղել սահմանադրական փոփոխությունների արդյունքում եւ վստահ եմ, որ նա գիտի, թե որն է տարբերությունը ՍԴ անդամի եւ ՍԴ դատավոր լինելու միջեւ»:
Aravot.am-ը հարցրեց՝ Սահմանադրության հեղինակներից մեկը Հրայր Թովմասյանն է եւ հաշվի առնելով, որ Սահմանադրությունում անցումային դրույթներով նախատեսված չէ, թե ինչպես են ՍԴ անդամները դառնալու ՍԴ դատավորներ, կարո՞ղ ենք ասել, որ Հրայր Թովմասյանի եփած «ճաշը» այսպես ասած, իր դեմ է դուրս գալիս՝ Մակունցը պատասխանեց. «Որպես քաղաքական դիտարկում՝ ես ունեմ այն համոզմունքը, որ այս ամենը պատահական տեղի չի ունեցել»: Մենք խնդրեցինք փակագծերը բացել՝ ի՞՞նչ ասել է՝ «այս իրավիճակը պատահական տեղի չի ունեցել»՝ Մակունցը պատասխանեց. «Այս իրավիճակը, որը կա ՀՀ-ում, ունեմ այն համոզմունքում, որ այս իրավիճակը պատահական տեղի չի ունեցել»:
Մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ