Գլխավոր դատախազը հայտարարում է, թե 2007 թվականից սկսած՝ երկու տարում Քոչարյանի 26-ամյա որդու բանկային հաշիվներին մոտ 18 միլիոն դոլարի գումարներ են մուտքագրվել։ Այս փաստն ուղղակի կապ ունի Քոչարյանի նկատմամբ հարուցված մեղադրանքի հետ, թե ոչ՝ այնքան էլ կարեւոր չե: Կարեւորը՝ որ դատավարության շուրջ ընթացող իբր քաղաքական պրոցեսների հետ հաստատ կապ ունի։ Որովհետեւ բացահայտում է, թե իրականում ում հետ գործ ունենք ի դեմս «արցախյան պատերազմի իրական հերոսի»։
Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ բանկային մուտքերը սկսվել են 2007-ից, երբ Քոչարյանը դեռ նախագահ էր (այսինքն՝ հօդս է ցնդում այն պնդումը, թե իբր Քոչարյանների ընտանիքը սկսել է հարստանալ միայն նրա պաշտոնավարման ավարտից հետո)։ Խնդիրն այն է, որ 26-ամյա երիտասարդի բանկային հաշիվներին 18 միլիոն դոլարին համարժեք գումարներ են հայտնվել այն տարիներին, երբ Հայաստանում եւ Արցախում տասնյակ հազարավոր նույնպիսի երիտասարդներ խրամատների մեջ, ամենօրյա գնդակոծությունների տակ բացառապես խաշած ցորեն էին ուտում, որովհետեւ դա էր զինվորի օրապահիկը, ուտելու ուրիշ բան պարզապես չկար։ Մինչդեռ 18 միլիոն դոլարով երկու տարի շարունակ կարելի էր հայկական բանակի բոլոր զինվորներին մարդավարի կերակրել։
Չենք պնդում, իհարկե, որ դա հենց զինվորների «բերանից կտրած» 18 միլիոնն է, պարզապես փաստն ենք արձանագրում՝ միայն մի երիտասարդ միայն բացահայտված խողովակներով երկու տարում այնքան գումար է վաստակել, որ դրանով կարելի էր երկու տարի կերակրել բանակը։ Ու այդ երիտասարդը նույն այդ բանակի գերագույն գլխավոր հրամանատարի որդին էր։ Ինչպես ընդունված է ասել՝ ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Քոչարյանի մարդկային նկարագրի մասին։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում