ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամներն այսօր «Սպուտնիկ Արմենիա» կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձան Վերաքննիչ դատարանում գործի քննությանը: Պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդեւանյանն ասաց, որ ՀՀ Սահմանադրության եւ օրենսդրության տրամաբանության ներքո դատարանի վարույթի կասեցումն ու ՍԴ դիմում ներկայացնելը ինքնին բողոքարկման ենթակա ակտ չէ, այն չի կարող նույնացվել ցանկացած այլ տեսակի կասեցման հետ:
«Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատարանում իր ելույթում ներկայացրել է, որ Սահմանադրական դատարանը 2019-ին մի քանի որոշումներով իբրեւ անդրադարձել է դատարանների սահմանադրական նորմերի մեկնաբանման հարցին եւ իբրեւ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը եռաստիճան դատական համակարգում քննության առարկա հանդիսանալով՝ որեւէ խնդիր չի արձանագրվել: ՍԴ-ն արձանագրել է իր՝ աշխատակարգային որոշմամբ, թիվ 7-ը, վերաբերում էր ոչ թե անձեռնմխելիության, ոչ թե քրեական օրենսգրքի 300.1 հոդվածին, այլ մեկ տեխնիկական հարցադրման ՝ արդյոք դատարանները կարող են վերջնական լուծում տալ սահմանադրական նորմերի վերաբերյալ եւ արդյոք կարող են մեկնաբանել սահմանադրական նորմերը: ՍԴ-ն ինչ արձանագրեց՝ դատարանները կարող են մեկնաբանել սահմանադրական նորմեր, բայց այդ մեկնաբանությունները վերջնական չեն, համապարտադիր չեն: Սրանից ենթադրվում է, որ նույնիսկ դատարանների, դատախազության համար ՍԴ նորմերի մեկնաբանությունը վերջնական չէ, պարտադիր չէ, հետեւաբար իրավական հետեւանք այնպիսին, ինչպիսին լինում են ՍԴ որոշումները, չեն կարող ունենալ»,-ասաց Վարդեւանյանը: Նրա ներկայացմամբ՝ դատարանը պարտավոր էր վարույթը կասեցնել եւ դիմել ՍԴ.«Այսինքն, Վերաքննիչ ատյանում քննարկման առարկա դարձնելը իրավական նպատակ չունի եւ ինչպես կարող է Վերաքննիչը մեկնաբանել՝ սահմանադրականության խնդիր կա՞, թե՝ ոչ: Դատախազությունը նախկինում երբեւէ չի բողոքարկել դատարանի՝ ՍԴ դիմելու որոշումը, որովհետեւ դա չեն բողոքարկում»:
Անդրադառնալով ՍԴ դատավորի՝ Վահե Գրիգորյանի ընտրությանը, Վարդեւանյանն ասաց, որ Գոռ Հովհաննիսյանն, իր կարծիքով լավագույն թեկնածուն էր:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ