«Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկան «Նարեկ» հիվանդանոցի շենք են ուզում տեղափոխել, որը տրանսպորտից հեռու է, ինչը խնդիրներ է առաջացնում քաղաքացիների համար»,-ԱԺ նիստում այսօր այսպիսի խնդրի մասին բարձրաձայնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:
Նրա խոսքով՝ թիվ 1 պոլիկլինիկան գտնվում է քաղաքի կենտրոնում եւ զբաղեցնում ամենահին շենքերից մեկը. «Տեղեկություններ ունենք, որ այն ցանկանում են օտարել՝ հյուրանոց ստեղծելու նպատակով, գնորդ կա: Ո՞ւմ համար է իրականում կատարվում այդ օտարումը»: Հարցին արձագանքեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա նշեց, որ կարծիք կհայտնի առհասարակ՝ աչ նպատակային օգտագործվող գույքի մասին. «Եթե այդ գույքը պոլիկլինիկայի տեսքով չի գործում, պետք է կամ միջոցներ ծախսենք դրա պահպանման համար, կամ վաճառենք, կամ գտնենք վարձակալի: Գույքը տնօրինելու համար քայլեր պետք է ձեռնարկենք, սա է սկզբունքը, այլ տեղեկատվության այս պահին չեմ տիրապետում»:
Արմեն Եղիազարյանը եզրափակեց՝ ասելով, որ Վանաձորի թիվ 4 պոլիկլինիկան տարիներ առաջ փակվեց եւ միացվեց 1-ին, որը հիմա անպայման ուզում են ազատած լինեն, որպեսզի շենքը վաճառեն. «1-ին պոլիկլինիկան հիմա գործում է եւ սպասարկում 40 մարդու»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ