Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Վրաստանի խորհրդարանի դիմաց բողոքի ցույցը ցրելուց հետո ցուցարարներն ավերել են իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավար Վրաստան» կուսակցության գրասենյակը Թբիլիսիում, հաղորդում է Meduza-ն: Նշվում է, որ ցուցարարներն այրել են կուսակցության տարբերանշանով դրոշներ:
Վրաստանի ընդդիմությունը պատրաստվում է շարունակել բողոքի ցույցերը Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի դիմաց: «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, որ հերթական ակցիան նախատեսվում է հունիսի 21-ին՝ ժամը 19:00-ին Ռուսթավելի պողոտայում:
Ինչ են պահանջում ցուցարարները
Հունիսի 20-ի երեկոյան տեղի ունեցավ բազմահազարանոց բողոքի ցույց: Խորհրդարանի դիմացի հրապարակում հավաքվել էր տարբեր հաշվարկներով 5-10 հազար մարդ, որոնք հանդես էին գալիս Վրաստանի «ռուսական օկուպացիայի» դեմ՝ առաջ քաշելով երեք հրաժարականի պահանջ՝ խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի, ներքին գործերի նախարարի և պետանվտանգության ծառայության ղեկավարի: Ցույցը սկսվելուց մոտ մեկ ժամ անց, երբ հրաժարականի նրանց պահանջները չկատարվեցին, ցուցարարները սկսեցին ներխուժել խորհրդարանի շենք:
Կարդացեք նաև
Ի՞նչն է վրդովմունքի տեղիք տվել
Ցույցի պատճառ էր հանդիսացել Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթը Վրաստանի խորհրդարանում: Հունիսի 20-ին այնտեղ անցկացվում էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստը: Գավրիլովն այդ կազմակերպության նախագահն է: Նիստը սկսելիս նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և դիմել հավաքվածներին ռուսերենով: Դա առաջ էր բերել ընդդիմության՝ «Միասնական ազգային շարժման» և «Եվրոպական Վրաստանի» դժգոհությունը: Վեհաժողովի նիստը ընդհատվել էր, իսկ Գավրիլովն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ լքել էր խորհրդարանը: Շուտով Ռուսաստանի ամբողջ պատվիրակությունը լքել էր Վրաստանի տարածքը:
Սերգեյ Գավրիլովը մշտապես հանդես է եկել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության օգտին: Վրաստանի ընդդիմության տեղեկություններով (որը ինքը՝ Գավրիլովը հերքում է)՝ նա կռվել է Աբխազիայում վրաց-աբխազական 1992-1993թթ. պատերազմում:
Ինչպես են ցրել ցույցը
Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ: Ակցիայի մասնակիցներն իրենց հերթին ոստիկանների վրա շշեր են նետել և նրանց ձեռքից խլել վահանները: Բախումներում վիրավորվել են տասնյակ մարդիկ:
Վրաստանի առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ վիրավորվել է 69 մարդ: Ընդ որում, նրանք պնդում են, որ վիրավորների մեծ մասը (39 մարդ) ոստիկաններ են:
Տեղեկություններ կան, որ ծեծի են ենթարկվել լրագրողներ:
Սաակաշվիլիի արձագանքը
Ի զորակցություն ցուցարարների՝ հանդես է եկել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Նա կոչ է արել ոստիկանությանը չենթարկվել իշխանությունների հրամաններին և անցնել ժողովրդի կողմը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվլին, որն այժմ գտնվում է Մինսկում, Սաակաշվիլիի հայտարարությունն անընդունելի է համարել: «Միանգամայն անընդունելի է, երբ արտասահմանից մեկ այն երկրի քաղաքացի ոստիկանությանը չհնազանդվելու կոչ է անում»,- ասել է նա:
Վրացի պաշտոնյաների արձագանքը
Վրաստանի իշխանությունները ցուցարարներին բանակցությունների կոչ են արել:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, վարչապետ Մամուկա Բախտաձեն, խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն ներողություն են խնդրել այն բանի համար, որ «օկուպանտ-երկրի ներկայացուցիչը, թեկուզ և կարճ ժամանակով, զբաղեցրել է Վրաստանի խորհրդարանի ղեկավարի աթոռը»:
Ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան հնարավոր է համարել, որ ակցիայի մասնակիցները «որոշակի հիմքեր ունեն արդարացի բողոքի համար», բայց միաժամանակ ընդգծել է, որ ոստիկանների վրա հարձակման մեղավորները կպատժվեն: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, ցույցերն անվանելով արդարացի, բայց ընդդիմությանը մեղադրել է այն բանում, որ «նրանք Վրաստանը դուրս են բերել իրավական շրջանակից»:
Արձագանք Ռուսաստանից
Ռուսաստանի ԱԳՆ-ն դատապարտել է «Վրաստանի ծայրահեղական քաղաքական ուժերի» գործողությունները: Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Մոսկվայում վրդովված են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքի խաթարման փաստից: «Վրդովմունք ենք հայտնում Վրաստանի ծայրահեղական քաղաքական ուժերի ներկայացուցիչների գործողությունից, որոնք օգտագործեցին աշխարհի ուղղափառ պետությունները միավորող կարևոր միջազգային համաժողովը իրենց հակառուսական տրամադրությունները դուրս թափելու համար»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Գավրիլովն էլ հայտնել է, որ վրացական կողմն ինքն է առաջարկել զբաղեցնել խորհրդարանի խոսնակի աթոռը:
«Բացման արարողության ժամանակ մենք շնորհակալություն հայտնեցինք Վրաստանին հյուրընկալության, բարձր կազմակերպվածության համար: Հունիսի 20-ին մեզ հրավիրեցին Վրաստանի խորհրդարան: Վրացական կողմն ինձ առաջարկեց զբաղեցնել նախագահության տեղը: Որտեղ հրավիրել է նստել ընդունող կողմը՝ այնտեղ էլ նստել եմ»,- ասել է Գավրիլովը:
Պատրաստեց՝ ՎԻկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ