«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ԱԺ այսօրվա նիստում աղբահանության վճարներին առնչվող օրինագծի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանին հարցրեց, թե արդյոք աղբի դիմաց վճարի դրույքաչափերի վերանայման համատեքստում արտադրական թափոնը տարբերակվե՞լ է կենցաղային թափոնից: Պապոյանն իր ելույթում Անի Սամսոնյանին «պոպուլիստ» որակեց, ինչը դուր չեկավ ԼՀԿ պատգամավորին: Նա Պապոյանին այսպես պատասխանեց. «Ես շատ գեղեցիկ մոտեցա ամբիոնին եւ երկու հարց տվեցի, իսկ դուք հպարտորեն մոտեցաք այս ամբիոնին եւ իմ դեմքին շպրտեցիք «պոպուլիստ» բառը, բայց դա չկոծկեց ձեր դիլետանտությունը»:
Ապա Սամսոնյանը հորդորեց. «Գնացեք եւ ուսումնասիրեք այդ թափոնների տարբերությունը, յուրահատկություններ կան, որոնք դուք չգիտեք, դուք դա ապացուցեցիք այս ամբիոնից: Հարցրեցի՝ սահմանե՞լ եք մեխանիզմ, թե մարդիկ ինչպես են ծավալով վճարելու աղբի դիմաց: Դուք չպատասխանեցիք, որովհետեւ պատասխան չունեք: Հասկանում եմ, որ ձեր մոտ վատ սովորություն է դարձել ամեն ինչ մարդու վրա թողնելը, ձեր նախագիծը դիլետանտ է»:
Ապա Անի Սամսոնյանը Գեւորգ Պապոյանին խորհուրդ տվեց նախեւառաջ քաղաքի աղբը հավաքել. «Երբ դեկտեմբերին քաղաքապետարանում ձեր քաղաքապետին ասացի, որ աղբը չեք կարողանում հավաքել, նա ինձ ասաց, թե «պոպուլիստ» եմ: Անցել է վեց ամիս, բայց աղբը փողոցներում է: Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ է կատարվելու քաղաքում, առաջիկայում ձմերուկն ու սեխն են գալու: Երբ նման հարցերը կլուծեք, այդ ժամանակ կբերեք դիլետանտ նախագծեր, մեզ էլ պոպուլիստ կանվանեք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ