Երեկ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով խորհրդարանում ստեղծված քննիչ հանձնաժողովի օրինականության եւ հետագա գործունեության մասին շրջանառվող մտահոգություններին, կիսահեգնական տոնով հայտարարել էր. «Մտավախություն ունեն բոլոր այն քաղաքական հոսանքները, որոնք միշտ ունեն մտավախություններ ամեն ինչի նկատմամբ»։ Խոսքը 2016թ. ապրիլյան պատերազմի պատճառներն ու հետեւանքները քննող հանձնաժողովի ստեղծման մասին է, որի ղեկավար է ընտրվել (կասեի՝ նշանակվել) նույն Անդրանիկ Քոչարյանը։
«Այս հանձնաժողովի նկատմամբ իրենք պետք է մտավախություն չունենան, որովհետեւ հանձնաժողովը ստեղծված է բարձր լեգիտիմություն ունեցող ԱԺ պատգամավորների համապատասխան թվաքանակի կողմից»,– հայտարարել է Քոչարյանը՝ հաստատելով, որ այդ հանձնաժողովն արդյունք է ինչ-որ մարդկանց «թվաքանակի» ինքնաբուխ ցանկության։ Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը չի զբաղվում Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրությամբ։ Դա իրենց գործառույթն է, եւ կարող էին նույնիսկ ավելի վաղ զբաղվել այդ գործով, եթե, իհարկե, ունեին, ինչպես Քոչարյանն է ասում, հետագայում սխալներից խուսափելու եւ պաշտպանության համակարգն ամրապնդելու նպատակ։
Իսկ գուցե ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու «մտասեւեռումը», ինչպես ասում են «մտավախություն» ունեցող ընդդիմախոսները, ՀՀ իշխանությունների հերթական շո՞ւն է։ Իսկապես, չէ՛ր կարող նույնն անել կառավարությունը, մասնագիտական խումբ ստեղծել, ապաքաղաքականացված որեւէ կառույց, որի հետ կհամագործակցեին բոլորը։
Ապրիլյան քառօրյայի քննության հարցով ԱԺ հատուկ հանձնաժողով ստեղծելու առաջարկը, որ աջ ականջը ձախ ձեռքով քորելու պես բան է հիշեցնում, վստահաբար եկել է կառավարությունից, որտեղ բացարձակապես չեն էլ մտահոգվել, որ այդկերպ հարցին տալիս են բոլորովին այլ՝ քաղաքական հնչեղություն։ Դեռ չենք խոսում այն մասին, թե պետական գաղտնիքի պահպանման առումով ինչպիսի ռիսկեր են պարունակում պաշտպանական խնդիրներին առնչվող խորհրդարանական բարձրադղորդ քննարկումներն ու ուսումնասիրությունները։ ՀՀ կառավարությունում վստահ են, որ Անդրանիկ Քոչարյանը կկարողանա վերահսկել թե՛ իր եւ թե՛ «իմաստնության սահման» մյուս հանձնաժողովականների փակբերանությունը։ Սա լուրջ հարց է, ի դեպ, մանավանդ որ ՀՀ այսօրվա ղեկավարներից շատերը, սկսած առաջին դեմքից, Ապրիլյան պատերազմի օրերին եւ պատերազմից անմիջապես հետո բազմաթիվ «էկզոտիկ» հայտարարություններ են արել պատերազմի պատճառների, հրահրողների, մեղավորների, կազմակերպիչների մասին։ Եվ այդ ամենը, եթե խոսքը լուրջ քննարկման մասին է, ապա պետք է քննարկվի մի խորհրդարանում, որի քաղաքական մեծամասնության ինքնադրսեւորման հիմնական հարթակները սոցիալական կայքերն են։
Կարդացեք նաև
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում